Երկրորդ Թագավորաց գիրք

9

Դավիթը և Մեմփիբոսթեն

1Եվ Դավիթն ասաց. «Արդյոք Սավուղի տանից մնացած մարդ կա՞, որ նրան հանուն Հովնաթանի սիրո բարերարություն անեմ»։ 2Եվ Սավուղի տանից Սիբա անունով մի ծառա կար. նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. «Դո՞ւ ես Սիբան». և նա ասաց. «Ծառադ եմ»։ 3Եվ թագավորն ասաց. «Սավուղի տանից մնացած մարդ չկա՞, որ Աստծու անեմ նրան»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Հովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա դեռ»։ 4Եվ թագավորը նրան ասաց. «Ո՞ւր է նա»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Նա Լադաբարում՝ Ամիելի որդի Մաքիրի տանն է»։ 5Եվ թագավորը մարդ ուղարկեց, և նրան վերցրեց Լադաբարից՝ Ամիելի որդի Մաքիրի տանից։ 6Երբ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավթի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագեց նրան։ Եվ Դավիթն ասաց. «Ո՜վ Մեմփիբոսթե». և նա ասաց. «Ահա ծառադ»։ 7Եվ Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո Հովնաթանի սիրո ես քեզ անպայման բարերարություն պիտի անեմ և քո հոր՝ Սավուղի բոլոր արտերը պիտի վերադարձնեմ քեզ, և դու պիտի միշտ ուտես իմ սեղանից»։ 8Եվ Մեմփիբոսթեն խոնարհվեց ու ասաց. «Ծառադ ո՞վ է, որ ինձ պես մի սատկած շան վրա նայեցիր»։ 9Իսկ թագավորը կանչեց Սավուղի ծառա Սիբային և նրան ասաց. «Սավուղի և նրա տան ամբողջ ունեցվածքը տվի քո տիրոջ որդուն։ 10Դու, քո որդիները և քո ծառաները նրա համար հողը մշակե՛ք. բերքը կբերես իր մոտ, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. և քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան տասնհինգ որդի և քսան ծառա ուներ։ 11Եվ Սիբան ասաց թագավորին. «Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ «Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես»,- ասաց Դավիթը։ 12Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ՝ անունը Միքա. և Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։ 13Եվ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում. և նա երկու ոտքից էլ կաղ էր։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018