Ամովս մարգարեյի գիրք

8

Կողովի տեսիլքը

1Տեր այսպես ցույց տվեց ինձ. և ահա մի կողով ամառային ։ 2Եվ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Մի կողով ամառային պտուղ»։ Եվ Տերն ինձ ասաց. «Իմ ժողովրդի վախճանը հասել է, նրանց այլևս չեմ ։ 3Եվ այդ օրը տաճարի երգերը ողբասացություն պիտի լինեն,- ասում է Տեր Աստված,- դիակները կլինեն բազմաթիվ, ամեն տեղ նետված. լռությո՜ւն»։

Իսրայելի դատավճիռը

4Լսե՛ք այս, ո՛վ դուք, որ կարիքավորներին կոխկռտում եք և երկրի աղքատներին կործանում եք, 5որ ասում եք. «Ամսագլուխը ե՞րբ պիտի անցնի, որպեսզի հացահատիկ վաճառենք, և Շաբաթը, որպեսզի ցորեն հանենք ծախելու, արդուն փոքրացնենք և սիկղը մեծացնենք և խարդախությամբ նենգենք կշեռքները։ 6Որ արծաթով գնենք կարիքավորներին և տնանկներին՝ մի զույգ կոշիկով և ցորենի խոտանը վաճառենք»։ 7Տերը Հակոբի վայելչությամբ երդվեց. «Նրանց բոլոր արարքները երբևէ չեմ մոռանալու։ 8Մի՞թե սրա համար երկիրը չի դղրդալու, և չեն սգալու նրա մեջ բոլոր բնակվողները. այո, այն ամբողջությամբ պիտի բարձրանա Նեղոսի պես և պիտի խռնվի ու իջնի Եգիպտոսի Նեղոսի պես»։ 9«Այդ օրը,- ասում է Տեր Աստված,- արևը եմ մտցնելու կեսօրին և օրով խավարեցնելու եմ երկիրը։ 10Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։

11«Ահա գալիս են օրերը,- ասում է Տեր Աստված,- երբ սով պիտի ուղարկեմ երկրի վրա. ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու։ 12Եվ պիտի թափառեն ծովից ծով, հյուսիսից մինչև արևելք, և նրանք պիտի դեսուդեն ման գան Տիրոջ խոսքը փնտրելու համար և չպիտի գտնեն։ 13Այդ օրը գեղեցիկ կույսերը և երիտասարդները պիտի նվաղեն ծարավից։ 14Նրանք, որ երդվում են Սամարիայի հանցանքով և ասում. “Կենդանի է քո աստվածը, ո՛վ Դան, և կենդանի է Բերսաբեեի ճանապարհը”։ Նրանք պիտի ընկնեն և այլևս վեր չկենան»։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018