Եզրասի գիրք

1

Կյուրոսը թույլատրում է հրեաների վերադարձը

1Եվ պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը կատարելու համար, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա պատգամ ուղարկեց իր ողջ թագավորության մեջ, նաև հրովարտակ արձակեց՝ ասելով. 2«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկրի բոլոր թագավորություններն ինձ է տվել երկնքի Աստվածը՝ Տերը, և նա ինձ պատվիրեց, որ Հուդա երկրի քաղաքում իր համար մի շինեմ։ 3Ձեզանից ամեն մեկը, ով որ նրա ժողովրդից է, իր Աստվածն իր հետ լինի, թող ելնի Երուսաղեմ, որ Հուդայում է, և շինի Իսրայելի Աստծու՝ Տիրոջ տունը. նա է , որ Երուսաղեմում է։ 4Իսկ մնացած բոլորը՝ ամեն տեղերից, ուր էլ որ պանդուխտ լինի նա, նրան թող օգնեն արծաթով և ոսկով, ունեցվածքով և անասուններով՝ Երուսաղեմում եղող Աստծու տան համար կամավոր ընծաների հետ”»։

5Այն ժամանակ վեր կացան Հուդայի և Բենիամինի տոհմապետները և քահանաները և ղևտացիները, ամենքը, ում հոգին զարթնեցրեց Աստված, որ ելնեն գնան շինելու Երուսաղեմում եղող Աստծու տունը։ 6Եվ նրանց շուրջը բոլոր եղողները օգնեցին նրանց արծաթի անոթներով, ոսկով, ունեցվածքով և անասուններով ու թանկագին բաներով, բացի այն ամենից, որ կամովին ընծայեցին։

7Եվ Կյուրոս թագավորը դուրս հանեց Տիրոջ տան անոթները, որ Երուսաղեմից տարել էր Նաբուգոդոնոսորը և դրանք դրել էր իր աստծո տանը։ 8Եվ պարսից Կյուրոս թագավորը դրանք դուրս հանեց Միթրիդատ գանձապետի ձեռքով, հաշվեց դրանք և հանձնեց Հուդայի Սասբասարին։ 9Եվ այս է դրանց թիվը. երեսուն ոսկե կոնք, հազար արծաթե կոնք, քսանինը դանակ. 10երեսուն ոսկե տաշտ, չորս հարյուր տասը երկրորդ կարգի արծաթե տաշտ և հազար ուրիշ անոթներ։ 11Ոսկե և արծաթե բոլոր անոթները հինգ հազար չորս հարյուրն էին։ Սասբասարը բոլորն իր հետ վերցրեց գերիներին Բաբելոնից Երուսաղեմ տանելիս։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն