Եսայիա մարգարեյի գիրք

12

Շնորհակալության երգ

1Այդ օրը կասես. «Գովերգելու եմ քեզ, ո՛վ Տեր, թեև բարկացար ինձ վրա, բայց քո բարկությունը վերացավ, և դու մխիթարեցիր ինձ։ 2Ահավասիկ է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։ 3Դուք ուրախությամբ պիտի հանեք փրկության աղբյուրներից 4և այն օրը կասեք. «Գովերգե՛ք Տիրոջը, կանչե՛ք նրա անունը, հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, հիշեցրե՛ք, որ բարձր է նրա անունը։ 5Օրհներգե՛ք Տիրոջը, որը մեծափառ գործեր է կատարել, դրանք թող իմացվեն համայն աշխարհում։ 6Ցնծությամբ աղաղակի՛ր, ո՛վ Սիոնի բնակչություն, որովհետև մեծ է քո մեջ Իսրայելի Սուրբը»։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018