Եսայիա մարգարեյի գիրք

40

1«Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է ձեր Աստվածը,- 2Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։

3Մի ձայն կանչում է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում, ուղի՛ հարթեք մեր Աստծու համար ամայության մեջ։ 4Ամեն ձոր կբարձրանա, ամեն լեռ ու բլուր կնվաստանա, անհարթը կհարթվի, և խորդուբորդ տեղերը՝ կուղղվեն։ 5Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն այն, որովհետև Տիրոջ բերանն է այդ խոսել»։

6Մի ձայն ասում է. «Կանչի՛ր»։ Նա ասում է. «Ի՞նչ կանչեմ»։ «Ամեն մարմին խոտ է, և նրա ամբողջ վայելչությունը նման է դաշտի ծաղկի։ 7Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է դրանց վրա. իրապես ժողովուրդը նման է խոտի։ 8Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, բայց մեր Աստծու խոսքը մնում է հավիտյան»։

9Ե՛լ մի բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ուժգին բարձրացրո՛ւ ձայնդ, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի. մի՛ վախեցիր, բարձրացրո՛ւ ձայնդ Հուդայի քաղաքներին և ասա՛. «Ահա ձեր Աստվածը, 10ահա Տեր , որ գալիս է զորությամբ. նրա բազուկն իշխում է իր համար. ահա նրա վարձն իր հետ է, և նրա հատուցումը՝ իր առջև։ 11Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։

Իսրայելի անզուգական Աստվածը

12Ո՞վ չափեց ջրերն իր ափով, և երկնքի տարածությունը՝ իր թիզով. ո՞վ չափի ամփոփեց երկրի փոշին. ո՞վ կշռեց լեռները կշռորդով և բլուրները՝ կշեռքով։ 13Ո՞վ քննեց Տիրոջ հոգին և սովորեցրեց նրան իբրև խորհրդական։ 14Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նրան իմացներ. ո՞վ սովորեցրեց նրան իրավունքի ճանապարհը. գիտություն սովորեցրեց և իմաստության ճանապարհը ցույց տվեց։ 15Ահա ազգերը դույլի մի կաթիլի նման են, նրանք կշեռքի թաթին նստած փոշեհատիկի պես են համարվում։ Ահա նա կղզիները վերցնում է մանր փոշու նման։ 16Լիբանանը բավական չէ կրակի համար, և նրա անասունները՝ ողջակեզի համար։ 17Բոլոր ազգերը նրա առաջ ոչնչի պես են, նրա համար նրանք համարվում են ոչնչից էլ պակաս և ունայնություն։

18Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն և ի՞նչ նմանության հետ եք համեմատում նրան։ 19Կուռքն արհեստավորն է ձուլում, ոսկերիչն այն պատում է ոսկով և արծաթե շղթաներ է ձուլում։ 20Աղքատը, որ չի կարողանում նման նվեր տալ, կընտրի չփտող փայտ և իր համար մի վարպետ արհեստավոր կփնտրի, որ իր համար աներեր մի պատրաստի»։ 21Մի՞թե չգիտեք, մի՞թե չլսեցիք, մի՞թե ձեզ չհայտարարվեց հենց սկզբից, մի՞թե բան չեք հասկացել երկրի հիմնադրությունից։ 22Նա է, որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների. նա է, որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։ 23Նա է, որ իշխաններին ոչնչի է վերածում և երկրի իշխանավորներին՝ ոչնչի։ 24Նրանք հազիվ տնկված, հազիվ ցանված, նրանց բունը հողի մեջ հազիվ արմատավորված. երբ նա փչում է նրանց վրա, նրանք չորանում են, ու փոթորիկը նրանց քշում է մղեղի նման։ 25«Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ նրան»,- ասում է Սուրբը։ 26Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք. ո՞վ է ստեղծել սրանք. նա է սրանց զորքերը թվով դուրս հանողը, սրանց բոլորին էլ իրենց անունով է կոչում նա իր զորության մեծությամբ և իր կարողությամբ. սրանցից ոչ մեկը չի կորչի։

27Ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ , թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստծուց»։ 28Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է։ 29Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ 30Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, 31բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն