Երեմիա մարգարեյի գիրք

19

Կոտրված կուժը

1Տերն այսպես ասաց. «Գնա՛, բրուտի խեցե մի կո՛ւժ գնիր և ժողովրդի երեցներից ու քահանաների ավագներից վերցրո՛ւ, 2դո՛ւրս եկ Ենովմի որդու ձորը, որ Հարսիթի դարպասի մուտքի մոտ է, և այնտեղ հայտարարի՛ր այն խոսքերը, որ կասեմ քեզ։ 3Եվ ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վրա, որ ամեն լսողի ականջները զնգան։ 4Նրա համար, որ ինձ թողեցին և այս տեղն օտարացրին ինձնից ու նրա մեջ ուրիշ աստվածների ծխեցին, որոնց իրենք, իրենց հայրերն ու Հուդայի թագավորները չէին ճանաչում, և այս տեղը լցրին անմեղների արյունով։ 5Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։ 6Ուստի օրեր կգան,- ասում է Տերը,- որ այս տեղին այլևս Տոփեթ և Ենովմի որդու ձոր չեն ասի, այլ Սպանության ձոր։ 7Եվ ես այս տեղում Հուդայի և Երուսաղեմի խորհուրդը և իրենց թշնամիների առաջ սրով կտապալեմ նրանց՝ իրենց կյանքը փնտրողների ձեռքով։ Նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին և երկրի գազաններին։ 8Եվ այս քաղաքը ամայի և երկարատև սուլելու կդարձնեմ. նրա մոտով ամեն անցնող կզարմանա և նրա բոլոր պատուհասների պատճառով։ 9Եվ նրանց իրենց որդիների միսը և իրենց դուստրերի միսը ուտել պիտի տամ. ամեն մարդ իր ընկերոջ միսն է ուտելու այն պաշարման և նեղության մեջ, որով նրա թշնամիները և նրանց կյանքը պահանջողները պիտի նեղեն նրանց"”։ 10Ապա այդ կուժը կոտրի՛ր քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջ։ 11Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Այս ժողովրդին և այս քաղաքը այսպես պիտի կոտրեմ, ինչպես որ մեկը կոտրում է բրուտի անոթը, որն այլևս չի կարող նորոգվել։ Եվ թաղելու տեղ չլինելու պատճառով Տոփեթում պիտի թաղեն"”։ 12Այսպես պիտի անեմ այս տեղին,- ասում է Տերը,- և նրա բնակիչներին, և այս քաղաքը Տոփեթի պես պիտի անեմ։ 13Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոփեթի տեղի պես կլինեն. այն բոլոր տների պատճառով, որոնց կտուրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զորքերի համար և թափելու նվերներ են մատուցել օտար աստվածներին»։

14Երեմիան եկավ Տոփեթից, ուր Տերն ուղարկել էր նրան անելու, կանգնեց Տիրոջ տան գավթում և ասաց ամբողջ ժողովրդին. 15«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այս քաղաքի վրա և նրա բոլոր քաղաքների վրա այն ամբողջ չարիքը պիտի բերեմ, որ վճռել եմ նրա դեմ. որովհետև նրանք պնդացրել են իրենց պարանոցը, որպեսզի իմ խոսքերը չլսեն”»։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն