Հոբի գիրք

21

1Հոբը պատասխանեց.

2«Խոսքս լա՛վ լսեցեք, և սա թող լինի ձեր՝ ինձ տված մխիթարությունը։

3Համբերո՛ղ եղեք, որ ես խոսեմ, ու իմ խոսելուց հետո՛ ծաղրեցեք։

4Ես որ կամ, իմ գանգատը մի՞թե մարդու դեմ է, և հոգիս ինչո՞ւ չնեղվի։

5Ինձ նայե՛ք ու ապշեցե՛ք. ձեռքներդ բերանների՛դ դրեք։

6Հենց որ հիշում եմ, զարհուրում եմ, ու մարմինս դողն է բռնում։

7Ամբարիշտներն ինչո՞ւ են ապրում, ծերանում, նաև ուժով զորանում են։

8Նրանց սերունդն իրենց հետ, իրենց առաջ հաստատուն է, նրանց զավակները՝ իրենց աչքի դեմ։

9Նրանց տներն ապահով են, երկյուղից ազատ, և Աստծու գավազանը նրանց վրա չէ։

10Նրանց եզը զուգավորվում է, նրանց կովը չի վիժում և ծնում է։

11Նրանք իրենց մանուկներին ոչխարի հոտի պես են դուրս հանում, և նրանց տղաները ոստոստում են։

12Թմբուկով ու քնարով են երգում և սրնգի ձայնով ուրախանում։

13Նրանք իրենց օրերը ճոխության մեջ են անցկացնում և հանգիստ կիջնեն։

14Նրանք Աստծուն ասում են. “Մեզանից հեռացի՛ր, մենք քո ճանապարհները չենք ուզում իմանալ։

15Ամենակարողն ո՞վ է, որ նրան ծառայենք, և մենք ի՞նչ օգուտ ունենք, որ նրան աղերսենք”։

16Տե՛ս, նրանց բարիքներն իրենց ձեռքում չեն. ամբարիշտների խորհուրդը ինձանից հեռու լինի։

17Ամբարիշտների ճրագը քանի՞ անգամ կհանգչի, և նրանց տառապանքն իրենց վրա կգա՞։ իր բարկությամբ նրանց համար ցավեր կբաժանի՞։

18Նրանք կլինե՞ն, ինչպես հարդը՝ քամու առաջ, և ինչպես մղեղը, որին մրրիկն է հափշտակել։

19Ասում ես. “Աստված նրա հանցանքը նրա զավակների համար է պահում. թող հենց նրան հատուցի, որ ինքը հասկանա։

20Թող նրա աչքերն իր կորուստը տեսնեն, և թող նա Ամենակարողի բարկությունից խմի,

21Որովհետև նա իրենից հետո իր տան մասին ի՞նչ հոգս կունենա, երբ նրան հատկացված ամիսները վերջացել են”։

22Մի՞թե կարելի է Աստծուն գիտություն ուսուցանել, քանի ինքն է բարձրերին դատում։

23Մեկը մեռնում է իր առույգության մեջ՝ բոլորովին ապահով ու հանգիստ.

24Նրա մարմինը լիքն է, և նրա ոսկորները՝ լեցուն ծուծքով։

25Իսկ մյուսը մեռնում է դառն հոգով, բարիք չճաշակած։

26Բայց երկուսն էլ հողի մեջ միասին են պառկում, և նրանք որդերով են ծածկվում։

27Ահա ձեր խորհուրդները գիտեմ, նաև այն հնարքները, որ իմ դեմ նյութել եք։

28Որ ասում եք. “Ազնվականի տունը որտե՞ղ է, և որտե՞ղ է ամբարիշտների բնակության վրանը”։

29Ճանապարհորդներին չե՞ք հարցրել ու նրանց նշանները չե՞ք հասկանում,

30Թե կորստյան օրը չարը պահպանվում է, բարկության օրն այն ազատվում է։

31Նրա դիմաց ո՞վ կդատապարտի նրա ընթացքը, և նրա արածի համար ո՞վ նրան կհատուցի։

32Բայց նա գերեզմանոց է տարվում, և նրա տապանի վրա պահապան են դնում։

33Հովտի կոշտերը նրա համար քաղցր են, և բոլոր մարդիկ նրա ետևից են գնում. նրա առաջից ընթացողներին թիվ չկա։

34Ինձ փուչ բանով ինչպե՞ս եք մխիթարում, մինչ ձեր պատասխաններում ստություն է մնում»։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն