Հոբի գիրք

35

1Եղիուսը պատասխանեց.

2«Սա դու իրավո՞ւնք ես համարում, որ ասում ես՝ “Ես Աստծու առաջ արդար եմ”։

3Որովհետև ասացիր. “Քեզ ի՞նչ օգուտ ունի, և սրանից ավելի ի՞նչ շահ կա, քան մեղանչելուց”։

4Ես քեզ կպատասխանեմ, քո ընկերներին էլ՝ քեզ հետ.

5Երկնքի՛ն նայիր ու տե՛ս և դիտի՛ր ամպերը, որ քեզանից բարձր են։

6Եթե դու մեղանչես, նրա դեմ ի՞նչ արած կլինես, և քո անօրենությունները երբ շատանան, նրան ի՞նչ կանես։

7Կամ եթե արդար լինես, ի՞նչ կտաս նրան, կամ նա քո ձեռքից ի՞նչ կստանա։

8Քեզ նման մարդուն քո ամբարշտությունը կվնասի, և մարդու զավակին՝ քո արդարությունը։

9Հարստահարությունների շատությունից կաղաղակեն, հզորների բազուկից կբողոքեն։

10Բայց մեկը չի ասում. “Ինձ ստեղծող որտե՞ղ է, նա, որ գիշերը երգեր է տալիս.

11Նա մեզ երկրի անասուններից ավելի գիտուն և երկնքի թռչուններից ավելի իմաստուն է դարձնում։

12Այնտեղ աղաղակում են, բայց նա չարերի գոռոզության պատճառով չի պատասխանում”։

13Աստված հիրավի ունայն աղաղակը չի լսի, և Ամենակարողը նրան ուշադրություն չի դարձնի։

14Թեև դու ասում ես, որ նրան չես տեսնում, սակայն քո դատը նրա առջև է, և դու նրան պիտի սպասես։

15Եվ այժմ, քանի որ նրա բարկությունը չի պատժել և անօրենությանը մեծ ուշադրություն չի դարձրել,

16Հոբը դարձյալ զուր տեղն է իր բերանը բաց անում, առանց հասկանալու իր խոսքերը բազմապատկում»։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն