Հեսույի գիրք

16

Եփրեմին և Մանասեի ցեղի արևմտյան կեսին հատկացված երկիրը

1Հովսեփի որդիների վիճակն այսպես ելավ. Երիքովի դիմաց Հորդանան գետից, Երիքովի ջրի արևելյան կողմից դեպի անապատը, որը Երիքովից բարձրանում է դեպի լեռնակողմը՝ , 2Բեթելից դուրս է գալիս Լուզ, Արքիատարոթի սահմանից անցնում 3և արևմտյան կողմից իջնում է Հեփալթիի սահմանը, մինչև վարի Բեթորոնի սահմանը, մինչև Գազեր և հասնում է ծովը։ 4Սա ժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Մանասեն ու Եփրեմը։

Եփրեմ

5Ահա Եփրեմի որդիների սահմանն ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանն էր արևելյան կողմից Ատարոթ-Ադարը մինչև վերի Բեթորոն։ 6Այս սահմանը հյուսիսային կողմից դուրս է գալիս դեպի Մաքմեթաթ ծովը և այս սահմանը արևելյան կողմից պտույտ է տալիս մինչև Թեանաթ-Սելով, արևելքից անցնում դեպի Հանովե, 7Հանովեից իջնում Ատարոթ ու Նաարա և Երիքովին դիպչելով՝ դուրս է գալիս Հորդանան գետը։ 8Սահմանն արևմտյան կողմից գնում է դեպի Կանա հեղեղատը և հասնում ծովը։ Այս է Եփրեմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։ 9Նաև Եփրեմի որդիների համար առանձնացված քաղաքները Մանասեի որդիների ժառանգության մեջ են, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով։

10Նրանք չհալածեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները, մինչև այսօր Եփրեմի որդիների մեջ բնակվելով, դարձան հարկատու ծառաներ։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն