Սողոմոնի Առակների գիրք

2

Իմաստության վարձատրությունը

1Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները,

2Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես,

3Երբ կանչես և ձայն տաս խոհեմությանը,

4Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես,

5Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։

6Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։

7Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,

8Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։

9Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն ուղին։

10Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։

11Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ,

12Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց,

13Նրանցից, որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան,

14Որոնք ուրախանում են անելով և հրճվում են չարերի նենգությամբ։

15Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ,

16Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում.

17Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։

18Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։

19Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։

20Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես,

21Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։

22Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն