Սողոմոնի Առակների գիրք

4

Իմաստության օգուտները

1Որդինե՛ր, հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որպեսզի ճանաչեք ըմբռնողությունը,

2Որովհետև ես ձեզ ուսմունք եմ տալիս. իմ ուսուցումը մի՛ լքեք.

3Երբ ես իմ հոր որդին էի, փափուկ և սիրելի միամորիկ,

4Նա ինձ սովորեցնում և ասում էր. «Թող քո սիրտը փարվի իմ խոսքերին, պահի՛ր իմ պատվերները և կապրես։

5Իմաստությո՛ւն ստացիր, ըմբռնողությո՛ւն ստացիր. մի՛ մոռացիր և մի՛ շեղվիր իմ բերանի խոսքերից։

6Նրան մի՛ լքիր, և նա կպահի քեզ. սիրի՛ր նրան, և նա կպաշտպանի քեզ։

7Գերագույնը իմաստությունն է. իմաստությո՛ւն ստացիր, և քո ամբողջ ունեցվածքի գնով ըմբռնողությո՛ւն ձեռք բեր։

8Դու մեծարի՛ր իմաստությունը, և նա քեզ կբարձրացնի. նա քեզ կպատվի, երբ որ գրկես նրան։

9Նա քո գլխի համար շնորհազարդ թագ կտա քեզ և փառքի կպարգևի քեզ»։

10Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։

11Իմաստության ճանապարհը քեզ սովորեցրի և քեզ առաջնորդեցի ուղղամտության ուղիների մեջ։

12Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն, և վազելիս չպիտի սայթաքես։

13Պինդ բռնի՛ր խրատը, մի՛ թող. պահի՛ր այն, որովհետև նա քո կյանքն է։

14Անիրավների ճամփան մի՛ մտիր և մի՛ քայլիր չարերի ճանապարհին։

15Խուսափի՛ր նրանից, նրա վրայով մի՛ գնա, նրանից շեղվի՛ր ու գնա՛։

16Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։

17Որովհետև նրանք անիրավության հացն են ուտում և բռնության գինին են խմում։

18Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. այն գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։

19Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչո՛վ են գայթակղվում։

20Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։

21Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մե՛ջ պահիր,

22Որովհետև նրանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին։

23Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։

24Քեզանից վանի՛ր խաբող բերանը, և նենգավոր շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։

25Քո աչքերը թող առաջ նայեն, և քո հայացքը թող ուղիղ լինի։

26Հարթի՛ր քո ոտքերի ուղին, և քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։

27Աջ և ձախ մի՛ խոտորիր, ոտքդ հեռացրո՛ւ չարից։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018