Սողոմոնի Առակների գիրք

5

Զգուշացում շնությունից

1Որդյա՛կ իմ, իմ իմաստությանը ակա՛նջ դիր և լսի՛ր իմ խոհեմությունը,

2Որպեսզի խելամտություն ունենաս, և քո շրթունքները գիտություն պահեն։

3Որովհետև շնացող կնոջ շրթունքները մեղր են կաթեցնում, նրա քիմքն էլ յուղից փափուկ է։

4Սակայն նրա վախճանն օշինդրի պես դառն է և երկսայրի սրի պես սուր է։

5Նրա ոտքերը դեպի մահ են տանում, դժոխքին են հասնում նրա քայլերը։

6Նա կյանքի շավիղով բնավ չի գնա, նրա ուղիները խոտոր են, և նա չգիտի։

7Եվ հիմա, որդինե՛ր, ի՛նձ լսեցեք և իմ բերանի խոսքերից մի՛ հեռացեք։

8Նրանից հեռո՛ւ պահիր քո ճանապարհը և չմոտենաս նրա տան դռանը։

9Որպեսզի քո զորությունն ուրիշներին չտաս և քո տարիները՝ անգութ մարդուն։

10Որպեսզի օտարները չկշտանան քո ունեցվածքով, և քո տքնության արդյունքը ուրիշի տան մեջ չլինի,

11Եվ դու կյանքի վերջում հառաչես, երբ որ կսպառվեն միսդ ու մարմինդ,

12Եվ ասես. «Ես ինչպե՜ս ատեցի խրատը, և սիրտս արհամարհեց հանդիմանությունը։

13Եվ չլսեցի իմ ուսուցիչների ձայնը և ականջ չդրեցի ինձ դաստիարակողին։

14Քիչ էր մնում ժողովքի և ժողովրդի մեջ ամբողջովին կործանվեի»։

15Դու քո ջրամբարի՛ց խմիր և քո ջրհորի միջից հոսող ջրից։

16Մի՞թե քո աղբյուրները պիտի տարածվեն փողոցում, ջրերի վտակները՝ հրապարակներում։

17Դրանք միայն քոնը թող լինեն և ոչ թե օտարներինը և քոնը.

18Քո աղբյուրը թող օրհնյալ լինի, և ուրախացի՛ր քո երիտասարդության կնոջ հետ։

19Նա քեզ համար սիրելի եղնիկի և շնորհալի այծյամի պես թող լինի, նրա ստինքներն ամեն ժամանակ թող հագեցնեն քեզ, նրա սիրով միշտ զմայլվես։

20Եվ ինչի՞ համար, որդյա՛կս, օտար կնոջ սիրով զմայլվես և անառակ կնոջ կուրծքը գրկես։

21Որովհետև Տիրոջ աչքի առաջ են մարդու ճանապարհները, և նա քննում է նրա բոլոր ուղիները։

22Անիրավին իր անօրենությունները պիտի թակարդեն, և նա իր մեղքի չվաններով պիտի բռնվի։

23Նա խրատի պակասից պիտի մեռնի և իր հիմարության շատությունից պիտի մոլորվի։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն