Սաղմոսներ

10

Աղոթք արդարության համար

1Ո՜վ Տեր, ինչո՞ւ ես հեռու մնում և քեզ թաքցնում նեղության ժամանակներում։

2Ամբարիշտի ամբարտավանությունից այրվում է աղքատը. թող բռնվեն այն չար խորհուրդներով, որ իրենք հնարեցին։

3Որովհետև ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկությամբ, ագահն անիծում և անարգում է Տիրոջը։

4Ամբարիշտն իր երեսի ամբարտավանությամբ երբեք չի փնտրում Աստծուն. չկա նրա բոլոր խորհուրդներում։

5Նրա ճանապարհները ծանր են ամեն ժամանակ. քո կանոնները վեր են նրա տեսողությունից. նա փքվում է իր բոլոր թշնամիների վրա։

6Նա ասում է իր սրտում. «Ես չեմ սասանվի սերնդից սերունդ, չար բան չի գա ինձ վրա»։

7Նրա բերանը լիքն է անեծքով, նենգությամբ և սպառնալիքով, նրա լեզվի տակ նեղություն կա և անօրենություն։

8Նա գյուղերի դարանն է մտնում, ծածուկ տեղում սպանում է անմեղին, նրա աչքերը ծածուկ նայում են խեղճին։

9Թաքուն տեղում դարանամուտ է լինում, ինչպես առյուծն իր որջում. դարան է մտնում, որ աղքատին հափշտակի, և հափշտակում է աղքատին՝ իր որոգայթի մեջ գցելով նրան։

10Կուչ է գալիս, պառկում, և խեղճերն ընկնում են նրա ճանկերի տակ։

11Նա ասում է իր սրտում. «Աստված մոռացավ, թաքցրեց իր երեսը, նա բնավ չի տեսնի»։

12Վե՛ր կաց, Տե՛ր, ո՜վ Աստված, բարձրացրո՛ւ քո ձեռքը, մի՛ մոռացիր նեղյալներին։

13Ինչո՞ւ ամբարիշտն անարգի Աստծուն և իր սրտում ասի. «Դու չես քննի»։

14Դու տեսնում ես, որովհետև դու նայում ես այն ցավին ու նեղությանը, որոնց համար պիտի հատուցես քո ձեռքով. աղքատն իրեն հանձնում է քեզ. դու ես որբի օգնականը։

15Կոտրի՛ր ամբարիշտի և չարի բազուկը, որ նրա չարությունը փնտրես և էլ չգտնես։

16Տերն է թագավորը հավիտյանս հավիտենից, հեթանոսները կորել են նրա երկրից։

17Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր,

18Որ անես որբի և խեղճի համար, որ մարդը, որ հողից է, այլևս չհալածի նրանց։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն