Սաղմոսներ

102

Չարչարված երիտասարդի աղոթքը

Աղքատի աղոթքը, երբ նրա սիրտը մաշվում է, և իր ցավը թափում է Տիրոջ առջև։

1Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, և իմ աղաղակը թող հասնի քեզ։

2Երեսդ ինձնից մի՛ թաքցրու իմ նեղության օրը. խոնարհի՛ր ականջդ դեպի ինձ. այն օրը, երբ կանչեմ, շուտով պատասխա՛ն տուր ինձ։

3Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։

4Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ ուտելս էլ մոռացա։

5Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս։

6Ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բուի պես եղա։

7Անքուն մնացի և կտուրի վրա մեն-մենակ ծտի նման եղա։

8Ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ, և ինձ վրա կատաղածները երդվում են իմ դեմ։

9Որովհետև հացի պես մոխիր եմ ուտում և խմելիքս խառնում եմ արտասուքիս հետ

10Քո բարկության և ցասումի պատճառով, որովհետև դու բարձրացրիր ինձ վեր և դեն գցեցիր։

11Իմ օրերը երկարած ստվերի պես են, և ես չորացա խոտի պես։

12Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։

13Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։

14Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։

15Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։

16Քանզի Տերը պիտի շինի Սիոնը և իր փառքով պիտի երևա։

17Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։

18Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի մատուցի Տիրոջը։

19Որովհետև նա իր սրբարանի բարձունքից նայում է. Տերը երկնքից նայում է երկրին,

20Որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին,

21Որպեսզի Սիոնի մեջ պատմեն Տիրոջ անունը և նրա գովասանքը՝ Երուսաղեմում,

22Երբ մեկտեղ ժողովվեն ժողովուրդները և թագավորությունները՝ Տիրոջը ծառայելու համար։

23Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։

24Ես ասացի. «Ո՜վ իմ, ինձ մի՛ վերցրու իմ կյանքի օրերի կեսին. քո տարիները սերնդից մինչև սերունդ են։

25Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։

26Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։

27Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։

28Քո ծառաների որդիները պիտի ապրեն, և նրանց սերունդը պիտի հաստատ մնա քո առջև»։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն