Սաղմոսներ

112

Բարի մարդու երջանկությունը

1Ալելուիա՜։ Երանելի է այն մարդը, որ վախենում է Տիրոջից և շատ է հավանում նրա պատվիրանները։

2Նրա զավակը պիտի զորավոր լինի երկրի վրա. ուղիղների ցեղը պիտի օրհնվի։

3Լիություն և հարստություն պիտի լինի նրա տանը, և նրա արդարությունը պիտի մնա հավիտյան։

4Խավարի մեջ է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած և արդար է Տերը։

5Երանի՜ այն մարդուն, որ ողորմած է և փոխ է տալիս և իր խոսքը կատարում է իրավունքով,

6Որովհետև նա հավիտյան չպիտի սասանվի. արդարը պիտի լինի հավիտենական հիշատակի համար։

7Չար համբավից նա չի վախենալու, նրա սիրտը պատրաստ է, որ իր հույսը Տիրոջ վրա դնի։

8Հաստատուն է նրա սիրտը և չի վախենալու, մինչև չտեսնի իրեն նեղողների կորուստը։

9Նա փռեց և աղքատներին տվեց. նրա արդարությունը պիտի մնա հավիտյան. նրա եղջյուրը փառքով պիտի բարձրանա։

10Ամբարիշտը պիտի տեսնի և բարկանա, պիտի կրճտացնի իր ատամները և հալվի. պիտի կորչի ամբարիշտների ցանկությունը։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն