Սաղմոսներ

128

Տիրոջը հնազանդվողի վարձատրությունը

Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

1Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։

2Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։

3Կինդ պտղաբեր որթի պես կլինի քո տանը, որդիներդ՝ տնկված ձիթենիների պես քո սեղանի չորս կողմը։

4Ահա հենց այսպես է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տիրոջից։

5Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։

6Քո որդիների որդիներին կտեսնես. թող լինի Իսրայելին։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018