Սաղմոսներ

139

Աստծու կատարյալ գիտությունը և հոգածությունը

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։

2Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։

3Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները,

4Որովհետև դեռ չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, դու բոլորը գիտես։

5Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։

6Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։

7Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։

8Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։

9Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին,

10Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։

11Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի», այն ժամանակ գիշերն էլ կդառնա իմ շուրջը։

12Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է քեզ համար։

13Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։

14Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։

15Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։

16Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։

17Որքա՜ն պատվական են ինձ համար քո խորհուրդները, ո՜վ , որքա՜ն մեծ է նրանց թիվը։

18Եթե հաշվեմ դրանք, ավազից շատ են. երբ արթնանում եմ, դեռ քեզ հետ եմ։

19Երանի՜ սպանես ամբարիշտներին, ո՜վ Աստված, և դուք, ո՛վ արյունահեղ մարդիկ, հեռացե՛ք ինձնից։

20Նրանք նենգությամբ քեզ հակառակ են խոսում, և քո թշնամիները սուտ երդվում են քո անվամբ։

21Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ո՜վ Տեր, և քո դեմ ապստամբողներից չե՞մ զզվում։

22Լիակատար ատելությամբ ատում եմ նրանց. նրանք դարձել են իմ թշնամիները։

23Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները.

24Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն