Սաղմոսներ

20

Աղոթք հաղթանակի համար

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1Տերը թող պատասխան տա քեզ նեղության օրը, և Հակոբի Աստծու անունը պաշտպանի քեզ։

2Թող նա քեզ օգնություն ուղարկի սրբարանից և Սիոնից զորացնի քեզ։

3Թող նա հիշի քո բոլոր ընծաները և ընդունի քո ողջակեզները։ (Սելա)

4Թող նա քո սրտի ուզածի պես քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները։

5Թող ցնծանք քո փրկությամբ և դրոշակ բարձրացնենք մեր Աստծու անունով. թող Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։

6Հիմա իմացա, որ Տերը փրկում է իր օծյալին և լսում է նրան իր սուրբ երկնքից՝ իր աջի փրկության զորությամբ։

7Ոմանք կառքերին և ոմանք էլ ձիերին են ապավինում, բայց մենք պիտի ապավինենք մեր Տեր Աստծու անվանը։

8Նրանք թեքվեցին և ցած ընկան, բայց մենք վեր կացանք և կանգնեցինք։

9Տե՛ր, փրկի՛ր թագավորին և լսի՛ր մեզ, երբ կանչենք։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն