Սաղմոսներ

26

Բարի մարդու աղոթքը

Դավթի (սաղմոս)։

1Ո՜վ Տեր, արդար դա՛տ արա ինձ, որովհետև ես գնացի անարատությամբ և հուսացի Տիրոջը. ես չեմ սասանվելու։

2Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ. փորձի՛ր իմ միտքը և իմ սիրտը։

3Որովհետև իմ աչքի առջև է քո ողորմությունը, և ես գնում եմ քո ճշմարտության մեջ։

4Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում և չեմ ընկերանում կեղծավորների հետ։

5Ես ատում եմ չարերի հավաքույթը. չեմ նստում ամբարիշտների հետ։

6Ձեռքերս լվանում եմ անմեղությամբ և պտույտ եմ տալիս քո սեղանի շուրջը, ո՜վ Տեր,

7Որ հնչեցնեմ գոհության երգը և պատմեմ քո բոլոր սքանչելիքները։

8Ո՜վ Տեր, ես սիրում եմ քո բնակության տունը և քո փառքի բնակվելու տեղը։

9Մի՛ կորցրու իմ անձը մեղավորների հետ և իմ կյանքը՝ արյունահեղ մարդկանց հետ,

10Քանի որ նրանց ձեռքում անիրավություն կա, և նրանց աջը լցված է կաշառքով։

11Բայց ես գնում եմ անարատությամբ. փրկի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ։

12Իմ ոտքը կանգնած է պարկեշտության մեջ, և Տիրոջը պիտի օրհնեմ ժողովուրդների մեջ։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018