Սաղմոսներ

29

Տիրոջ ձայնը փոթորիկի մեջ

Դավթի սաղմոս։

1Տվե՛ք Տիրոջը, ո՛վ Աստծու որդիներ, տվե՛ք Տիրոջը և զորություն։

2Տվե՛ք Տիրոջը իր անվան փառքը. երկրպագե՛ք Տիրոջը սրբության զարդարանքով։

3Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտում է. Տերը որոտում է հորդառատ ջրերի վրա։

4Տիրոջ ձայնը զորավոր է, Տիրոջ ձայնը փառավոր է։

5Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, և Տերը փշրում է Լիբանանի մայրիները։

6Եվ նա Լիբանանը վեր-վեր վազել է տալիս հորթի նման և Սարիոնը՝ վայրի ցուլի հորթի պես։

7Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։

8Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տերը դողացնում է Կադեսի անապատը։

9Տիրոջ ձայնը ծնել է տալիս եղնիկներին և մերկացնում է ծմակները, և ամեն մեկը նրա տաճարում նրա փառքն է հռչակում։

10Տերն իշխում է ջրհեղեղի վրա, և Տերը թագավորելու է հավիտյան։

11Տերը զորություն կտա իր ժողովրդին. Տերը խաղաղությամբ կօրհնի իր ժողովրդին։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն