Սաղմոսներ

41

Հիվանդի աղոթք

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։

1Երանի՜ նրան, որ հոգ է տանում աղքատի համար. նեղության օրը Տերը կփրկի նրան։

2Տերը նրան կպահի և կպահպանի նրա կյանքը. նա երանելի կլինի երկրի վրա, և նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։

3Տերը կմխիթարի նրան տկարության անկողնում. դու նրա ամբողջ անկողինը կփոխես իր հիվանդության ժամանակ։

4Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ և բժշկի՛ր իմ անձը, որովհետև մեղանչեցի քո առաջ»։

5Իմ թշնամիները չարախոսում են իմ մասին. «Նա ե՞րբ պիտի մեռնի, և անունը կորչի»։

6Եվ եթե մեկը գալիս է ինձ տեսնելու, ունայնություն է խոսում. նրա սիրտն անօրենություն է կուտակում իր մեջ, և նա դուրս է գնում և ասում ուրիշին։

7Ինձ ատողները միասին փսփսում են իմ մասին և են հնարում իմ դեմ։

8Ասում են. «Չարության պատուհաս է հասել նրան, որ ցած է ընկել, այլևս վեր չի կենալու»։

9Մինչև իսկ ինձ մոտիկ բարեկամ մարդն էլ, որի վրա հույս էի դրել, և որն ուտում էր իմ հացը, նա էլ ոտքը բարձրացրեց ինձ վրա։

10Բայց դու, Տե՛ր, ողորմի՛ր ինձ և կանգնեցրո՛ւ ինձ, և ես կհատուցեմ նրանց։

11Այն բանից կիմանամ, որ դու բարեհաճ ես իմ նկատմամբ, երբ իմ թշնամին չհաղթի ինձ։

12Բայց դու ինձ կպահպանես իմ անարատության մեջ և ինձ հավիտյան կկանգնեցնես քո առջև։

13Օրհնյալ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտենից մինչև հավիտյան. ամեն և ամեն։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018