Սաղմոսներ

78

Աստված և իր ժողովուրդը

Ասափի երգ։

1Ակա՛նջ դիր իմ օրենքին, ո՛վ իմ . խոնարհեցրե՛ք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։

2Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ,

3Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։

4Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։

5Նա հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում. այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին,

6Որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան. վեր կենան և պատմեն իրենց որդիներին։

7Որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը և պահեն նրա պատվիրանները։

8Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։

9Եփրեմի որդիները, որ զենք աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան,

10Աստծու ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։

11Եվ մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։

12Նրանց հայրերի առաջ արեց Եգիպտոսի երկրում՝ Տայանիսի դաշտում։

13Նա ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։

14Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց և ամեն գիշեր՝ կրակի լույսով։

15Վեմերը ճեղքեց անապատում և նրանց խմեցրեց, ինչպես հեղեղներից։

16Առուներ հանեց վեմից և գետերի պես ջրեր ցած բերեց։

17Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ և անապատի մեջ դառնացրին Բարձրյալին։

18Եվ Աստծուն փորձեցին իրենց սրտում՝ կերակուր խնդրելով իրենց անձերի համար։

19Եվ խոսեցին Աստծու դեմ և ասացին. «Մի՞թե կարող է պատրաստել անապատում։

20Ահա վեմին զարկեց, և ջրեր բխեցին, և առուներ հոսեցին. մի՞թե կարող է էլ տալ. մի՞թե միս էլ կպատրաստի իր ժողովրդի համար»։

21Դրա համար էլ Տերը լսեց և խիստ բարկացավ. կրակ բորբոքվեց Հակոբի մեջ, և բարկություն իջավ Իսրայելի վրա,

22Որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։

23Տերը վերևից հրաման տվեց ամպերին և բացեց երկնքի դռները,

24Եվ անձրևի պես տեղաց նրանց վրա կերակուրի փոխարեն, և երկնքի ցորենը տվեց նրանց։

25Մարդը հրեշտակների հաց կերավ. նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։

26Նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին.

27Եվ փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ.

28Եվ գցեց նրանց բանակի մեջ՝ բնակարանների չորս կողմը։

29Եվ կերան ու խիստ կշտացան, և ըստ իրենց ցանկության տվեց նրանց։

30Իրենց ցանկությունից դեռ չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններում էր,

31Աստծու բարկությունն իջավ նրանց վրա, և սպանեց նրանց զորավորներին և գետնին զարկեց Իսրայելի երիտասարդներին։

32Եվ այսուհանդերձ էլի մեղանչեցին և չհավատացին նրա հրաշքներին։

33Նա էլ նրանց օրերը սպառեց ունայնության մեջ և նրանց տարիները՝ ահի ու վախի մեջ։

34Երբ սպանում էր նրանց, խնդրում էին նրան, ետ էին դառնում և առավոտից փնտրում էին Աստծուն։

35Եվ հիշում էին, թե Աստված իրենց վեմն է, և Բարձրյալ Աստվածն իրենց Փրկիչն է։

36Կեղծավորություն էին անում նրան իրենց բերանով և իրենց լեզվով սուտ էին ասում նրան։

37Եվ նրանց սիրտն ուղիղ չէր նրա առջև, և հավատարիմ չէին նրա ուխտին։

38Բայց նա ողորմած էր. քավում էր անօրենությունը և չէր ապականում. և շատ անգամ զսպում էր իր բարկությունը և չէր բորբոքում իր ամբողջ ցասումը։

39Հիշում էր, որ նրանք մարմին են, քամի, որ գնում է և ետ չի դառնում։

40Քանի անգամ նրան դառնացրին անապատում և բարկացրին նրան անջուր վայրում։

41Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն և նեղացրին Իսրայելի Սրբին։

42Չհիշեցին նրա ձեռքն այն օրը, երբ իրենց փրկեց թշնամուց,

43Երբ իր նշաններն արեց Եգիպտոսում և իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում։

44Եվ արյան փոխեց նրանց գետերը և առուները, որ չկարողանան խմել։

45Շնաճանճեր ուղարկեց նրանց վրա, որ նրանց ուտեն, և գորտեր, որ ապականեն նրանց։

46Եվ նրանց պտուղները մատնեց թրթուրին և նրանց վաստակը՝ մորեխին։

47Նրանց խաղողի որթերը փչացրեց կարկուտով և նրանց թզի ծառերը՝ եղյամով։

48Նրանց անասունները մատնեց կարկուտին և նրանց հոտերը՝ կայծակի կրակին։

49Իր բարկության բոցն ուղարկեց նրանց վրա, ցասում, զայրույթ և նեղություն՝ չարիքների ուղարկելով։

50Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար. նրանց անձերը չպահեց մահից և նրանց կյանքը մատնեց ժանտախտի։

51Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ. զորության առաջին պտուղները՝ Քամի բնակարաններում։

52Ոչխարների պես հանեց իր ժողովրդին և նրանց հոտի պես տարավ անապատի մեջ։

53Եվ ապահով առաջնորդեց նրանց, և նրանք չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։

54Նրանց տարավ իր սրբության սահմանը՝ այն սարը, որը ձեռք բերեց իր աջ ձեռքը։

55Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։

56Բայց նրանք փորձեցին և դառնացրին Բարձրյալ Աստծուն և չպահեցին նրա վկայությունները։

57Իրենց հայրերի պես ետ դարձան և նենգություն արեցին. ետ դարձան ծուռ աղեղի նման։

58Եվ նրան բարկացրին իրենց Բարձր տեղերով և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։

59Աստված լսեց և բարկացավ և շատ անարգեց Իսրայելին։

60Մերժեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ։

61Գերության մատնեց նրա զորությունը և իր փառքը՝ թշնամիների ձեռքը։

62Իր ժողովրդին սրի մատնեց և խիստ բարկացավ իր ժառանգության վրա։

63Կրակը կերավ նրա երիտասարդներին, և նրա աղջիկների համար հարսանեկան երգ չերգեցին։

64Նրա քահանաներն ընկան սրով, և նրա որբևայրիները չկարողացան սուգ անել։

65Բայց Տերը կարծես թե զարթնեց քնից, ինչպես զորավոր մարդն է սթափվում գինուց։

66Զարկեց իր թշնամիների թիկունքին և հավիտենական նախատինք տվեց նրանց։

67Հովսեփի բնակարանն անարգեց և չընտրեց Եփրեմի ցեղը,

68Այլ ընտրեց Հուդայի ցեղը և Սիոնի սարը, որ սիրեց։

69Իր սրբարանը շինեց բարձր տեղերի նման և այն հաստատեց հավիտյան, ինչպես երկիրը։

70Ընտրեց իր ծառա Դավթին և նրան վերցրեց ոչխարների փարախից։

71Ծիծ տվող ոչխարների մոտից տարավ նրան, որ կառավարի իր Հակոբ ժողովրդին և իր Իսրայելի ժառանգությունը։

72Եվ նա արածեցնում էր նրանց սուրբ սրտով և իմաստուն ձեռքով առաջնորդում էր նրանց։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018