Սաղմոսներ

85

Աղոթք ազգի բարօրության համար

Երգողների գլխավորին։ Կորխի որդիների սաղմոս։

1Տե՛ր, դու հավանեցիր քո երկիրը, Հակոբին վերադարձրիր գերությունից։

2Ներեցիր քո ժողովրդի անօրենությունը և ծածկեցիր նրանց բոլոր մեղքերը։ (Սելա)։

3Հեռացրիր քո ամբողջ ցասումը, կասեցրիր քո բարկության բորբոքումը։

4Դեպի մե՛զ դարձիր, ո՛վ մեր փրկության , և դադարեցրո՛ւ քո բարկությունը, որ թափում ես մեզ վրա։

5Մի՞թե հավիտյան պիտի բարկանաս մեզ վրա, քո բարկությունը պիտի երկարաձգե՞ս սերնդեսերունդ։

6Մի՞թե չպիտի ետ դառնաս, որ մեզ կենդանացնես, և քո ժողովուրդն ուրախ լինի քեզնով։

7Մեզ ցո՛ւյց տուր քո ողորմությունը, Տե՛ր, և տո՛ւր մեզ քո փրկությունը։

8Թող լսեմ, թե ինչ պիտի խոսի Տեր Աստվածը. նա իր ժողովրդի և իր սրբերի հետ պիտի խոսի խաղաղության մասին. թող նրանք չվերադառնան անմտության։

9Հիրավի, նրա փրկությունը մոտ է իրենից վախեցողներին, որպեսզի փառքը բնակվի մեր երկրում։

10Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն իրար, արդարությունն ու խաղաղությունը իրար պիտի համբուրեն։

11Ճշմարտությունը պիտի բուսնի երկրից, և արդարությունը երկնքից ցած պիտի նայի։

12Տերը բարիք էլ պիտի տա, և մեր երկիրը իր պտուղը պիտի տա։

13Արդարությունը պիտի գնա նրա առջևից, և նա իր քայլերը պիտի դնի նրա ճանապարհին։

Նոր վերանայված Արարատ · HYARAR2018