Սաղմոսներ

91

Աստված՝ մեր Պաշտպանը

1Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։

2Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։

3Որովհետև նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից։

4Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես. նրա ճշմարտությունը վահան է և զրահ։

5Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը,

6Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։

7Հազար կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։

8Միայն քո աչքերով կնայես և կտեսնես ամբարիշտների հատուցումը։

9Որովհետև դու Տիրոջը՝ իմ ապավենին, Բարձրյալին, քեզ ապաստան դարձրիր։

10Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին։

11Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։

12Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։

13Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։

14Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։

15Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։

16Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ իմ փրկությունը։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն