Առաջին Մնացորդաց գիրք

10

ՍԱՒՈՒՂԻ ՄԱՀԸ

( )

1Այլազգիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ, որոնք փախան այլազգիների առջեւից եւ սպանուած ընկան Գեղբուա լեռների վրայ։ 2Այլազգիները հետապնդեցին Սաւուղին ու նրա որդիներին։ Այլազգիները սպանեցին Յովնաթանին, Ամինադաբին եւ Մեղքիսաւէին՝ Սաւուղի որդիներին։ 3Պատերազմում պարտութիւն կրեց Սաւուղը՝ նետերով խոցուած. նա նետահար էր եղել։ 4Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ եւ դրանով սպանի՛ր ինձ։ Չլինի, թէ անթլփատները գան ու անարգանքի ենթարկեն ինձ»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանզի շատ վախեցել էր։ Այն ժամանակ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ դրա վրայ։ 5Երբ նրա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, ինքն էլ իր սրի վրայ նետուեց ու մեռաւ։ 6Այդ օրը մեռան Սաւուղն ու իր որդիները. նրա ամբողջ ընտանիքը միաժամանակ մեռաւ։ 7Երբ հովտում գտնուող բոլոր իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախել են, իսկ Սաւուղն ու նրա որդիներն սպանուել, թողեցին իրենց քաղաքները եւ փախան, իսկ այլազգիները եկան ու բնակուեցին նրանց քաղաքներում։ 8Հետեւեալ օրը եկան այլազգիները, որ կողոպտեն սպանուածներին։ Նրանք գտան Գեղբուա լերան վրայ սպանուած Սաւուղին ու նրա որդիներին, 9մերկացրին նրան, տարան գլուխն ու զէնքերը եւ ուղարկեցին այլազգիների երկիրը, որ ամէն տեղ աւետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։ 10Նրա զէնքերը դրեցին իրենց աստծու տանը, իսկ գլուխը՝ Դագոնի տանը։

11Գաղաադում բնակուող բոլոր մարդիկ լսեցին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղի եւ իսրայէլացիների նկատմամբ։ 12Բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից եւ առնելով Սաւուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Յաբիս ու նրանց ոսկորները թաղեցին Յաբիսում գտնուող կաղնու տակ ու եօթը օր ծոմ պահեցին։ 13Սաւուղը մեռաւ իր այն անօրէնութիւնների պատճառով, որ գործել էր Տիրոջ դէմ, Տիրոջ խօսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ էր հարցրել, փոխանակ Տիրոջը խնդրելու։ Նրան դէմ էր կանգնել մարգարէն։ 14Տէրը սպանել էր նրան ու թագաւորութիւնը վերադարձրել Յեսսէի որդի Դաւթին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն