Առաջին Մնացորդաց գիրք
11
ԴԱՒԻԹԸ ԻՍՐԱՅԷԼԻ ԵՒ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐ
( )
1Բոլոր իսրայէլացիները Քեբրոն, Դաւթի մօտ գալով՝ ասացին. «Ահաւասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։ 2Անցեալում, մինչ Սաւուղն արքայ էր, դու էիր հովուութիւն անում Իսրայէլին։ Եւ քո Տէր Աստուածը քեզ ասաց. “Դո՛ւ պիտի հովուես Իսրայէլի իմ ժողովրդին, դո՛ւ պիտի լինես Իսրայէլի առաջնորդը”»։ 3Եկան Իսրայէլի բոլոր ծերերը արքայի մօտ, Քեբրոն, ու Դաւիթը Տիրոջ առջեւ նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում։ Նրանք Դաւթին Իսրայէլի թագաւոր օծեցին ըստ Տիրոջ այն խօսքերի, որ նա Սամուէլի միջոցով էր ասել։
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԳՐԱՒՈՒՄԸ
4Արքան ու նրա մարդիկ գնացին Երուսաղէմ, որ Յեբուսն է։ Այնտեղ էին յեբուսացիները, որոնք այդ երկրի բնակիչներն էին։ 5Յեբուսի բնակիչներն ասացին Դաւթին.«Դու այստեղ չպիտի մտնես»։ Իսկ նա գրաւեց Սիոնի ամրոցը, այսինքն՝ Դաւթի քաղաքը։ 6Դաւիթն ասաց. «Ով յեբուսացիներին առաջինը կը սպանի, նա էլ իշխան ու զօրավար կը լինի»։ Սարուհիի որդի Յովաբը առաջինը ելաւ նրանց դէմ ու դարձաւ իշխան։ 7Դաւիթը նստեց ամրոցում եւ այդ պատճառով նա կոչեց այն Դաւթի քաղաք։ 8Նա շուրջանակի ամրացրեց այն քաղաքը, որ պատերազմելով էր գրաւել։ 9Դաւիթը գնալով հզօրանում էր, որովհետեւ ամենակալ Տէրը նրա հետ էր։
ԴԱՒԹԻ ՀՌՉԱԿԱՒՈՐ ԶՕՐԱՎԱՐՆԵՐԸ
()
10Սրանք են Դաւթի զօրքի այն հրամանատարները, որոնք նրա թագաւորութեան մէջ նրա հետ ու ամբողջ Իսրայէլի հետ հզօրանում էին, եւ որոնք Տիրոջ ասածի համաձայն նրան Իսրայէլի թագաւոր էին օծել։ 11Ահա Դաւթի հզօր մարդկանց անուանացանկն ու նրանց ու թիւը. Աքամանի որդի Իզբաամը՝ երեք զօրավարներից առաջինը։ Սա էր, որ միայնակ իր սուրը բարձրացրեց երեք հարիւր հոգու դէմ եւ նրանց միաժամանակ սպանեց։ 12Նրանից յետոյ գալիս է աքուքացի Դոդայի որդի Եղեազարը։ Սա երեք հզօրներից էր 13եւ Փասասոդոմում Դաւթի հետ էր։ Այլազգիներն այստեղ էին հաւաքուել պատերազմի։ Դաշտի մի մասը լի էր գարիով, եւ ժողովուրդը փախել էր այլազգիների առջեւից։ 14Նա եկել կանգնել էր այդ մասում եւ այն պաշտպանել։ Երեք զօրավարները հարուածեցին այլազգիներին, եւ Տէրը մեծ փրկութիւն պարգեւեց իսրայէլացիներին։ 15Երեսուն իշխաններից երեքը իջան Դաւթի մօտ, Օդողոմի քարայրի մօտերքում գտնուող ժայռի մօտ, իսկ այլազգիները բանակ էին դրել Հսկաների հովտում։ 16Դաւիթն այդ ժամանակ ամրոցում էր, իսկ այլազգիների զօրքը՝ Բեթղեհէմում։ 17Դաւիթը ծարաւը յագեցնել ցանկանալով՝ ասաց. «Ո՞վ ինձ խմելու ջուր կը բերի Բեթղեհէմի ջրհորից, որը դարպասի մօտ է»։ 18Եւ այդ երեք զօրավարները այլազգիների բանակը ճեղքելով՝ ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորից, բերեցին Դաւթի մօտ, բայց Դաւիթը չուզեց խմել այն. նա այն Տիրոջը նուիրելով՝ ասաց. 19«Աստուած թող ինձ ների։ Ինչպէ՞ս կարող եմ ես այդ բանն անել. դա պիտի նշանակէր խմել այդ մարդկանց արիւնը, քանի որ իրենց կեանքի գնով բերեցին այն»։ Եւ նա չուզեց խմել այդ ջուրը։ Այս բանն արել էին այդ երեք զօրավարները։ 20Յովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխաւորն էր։ Սա էր, որ միայնակ սուր էր բարձրացրել երեք հարիւր հոգու վրայ եւ նրանց միաժամանակ սպանել։ 21Սա անուանի էր երեքի մէջ։ Սա աւելի նշանաւոր էր, քան միւս երկուսը։ Սա նրանց գլխաւորն էր, սակայն այն երեքի հետ չէր կարող մրցել։ 22Յովիդայէի որդի Բանեասը հզօր մարդու որդի էր։ Նա բազում գործեր էր արել Կասբէէլում։ Նա էր, որ սպանել էր Արիէլ Բանիայի երկու որդիներին։ Մի ձիւնոտ օր նա իջել էր ու փոսի մէջ սպանել առիւծին։ 23Նա սպանել էր նաեւ հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահայ եգիպտացի մարդու՝ զինուած ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։ Բանեասը գաւազանով յարձակուել էր նրա վրայ, եգիպտացու ձեռքից խլել նիզակը եւ նրա նիզակով էլ սպանել նրան։ 24Այս բանն արել էր Յովիդայէի որդի Բանեասը, որի անունն այդ երեք հզօր մարդկանց մէջ է։ 25Նա այս երեքի մէջ աւելի նշանաւոր էր, սակայն այն երեքի հետ չէր կարող մրցել։ Դաւիթը նրան իր տոհմի վերակացու կարգեց։ 26Սրանք էին զօրքի հզօր մարդիկ. Յովաբի եղբայր Ասայէլը, բեթղեհէմացի Գոդայի որդի Եղեանանը, 27արորացի Սամոթը, փաղոնացի Աքիգեղէսը, 28թեկուացու որդի Օրէն, անաթոթացի Աբիեզէրը, 29ասոթացի Սոբաքը, օնացի Եղիաքը, 30նետոփաթացի Մովարէն, նետոփաթացի Բաանի որդի Եղեադը, 31Բենիամինի բլրից Հռեփայի որդի Եթային, փարաթոնացի Բանեասը, 32Նեքեղ բնակավայրից Ուրին, սարափթացի Գաասաբիէլը, 33բարսամացի Ազամոթը, 34գոթնացի Ասամի որդի սաղաբոնացի Եղիաբան, 35արարացի Մադէի որդի Յովնաթանը, արարացի Աքարի որդի Աքիաբը, Օրի որդի Եղիբաաղը, 36քուրաթացի Փերոմէն, փելոնացի Աքիան, 37կարմելացի Ասարան, Ասբիայի որդի Նոարէն, 38Նաթանի եղբայր Յովէլը, Ագարի որդի Մաբարը, 39ամոնացի Սեղեկովը, Սարուեայի որդի Յովաբի կապարճակիր աբերոնացի Նաարը, 40ուրեթացի Իրասը, հեթերացի Գաբեթը, 41քետացի Ուրիասը, 42Սեղքայի որդի Սոողի որդի Զաբադը, որը Ռուբէնի ցեղից էր՝ երեսուն իշխանների գլխաւորը, 43Մաաքայի որդի Անանը, մատթանացի Յոսափատը, 44աստարոթացի Օզիասը, քոթանացու որդիներ Սամաան եւ Յեւեղը, որոնք արարացիներ էին, 45Սամարիի որդի Յեդիէլն ու նրա եղբայր Յովազան, որոնք աթոսացիներ էին, 46մաոնացի Յեդիէլը, Այիրաբն ու սրա որդին՝ Յոսէն, որոնք եղնամացիներ էին, մովաբացի Յեթեման, Աղիէլը, Օբէդը եւ Յասիէլը, որոնք մոսաթացիներ էին։