Առաջին Մնացորդաց գիրք
14
ԴԱՒԻԹԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ
()
1Տիւրոսի արքայ Քիրամը Դաւթի մօտ ուղարկեց դեսպաններ, մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա համար։ 2Դաւիթը հասկացաւ, որ Տէրն է իրեն ընտրել Իսրայէլի վրայ իշխելու համար, քանզի Իսրայէլի ժողովրդի համար նրա թագաւորութիւնը հզօրացել էր։ 3Դաւիթն այլ կանայք եւս առաւ Երուսաղէմում, որոնցից ծնուեցին ուրիշ տղաներ ու աղջիկներ։ 4Ահա անունները նրանց, որոնք ծնուեցին Երուսաղէմում. Սամաաս, Սոբաբ, Նաթան, Սողոմոն, 5Յեբաար, Ելիսաւ, Ելիփաղէտ, 6Նագեթ, Նափատ, Յափիէ, 7Ելիսամա, Բաղիադա եւ Ելիփաղատ։
ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԴԷՄ
()
8Երբ այլազգիներն իմացան, թէ Դաւիթը ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր է օծուել, ելան Դաւթին գտնելու։ Դաւիթն այդ լսելով՝ նրանց դիմաց ելաւ։ 9Եկան նաեւ այլազգիները, եւ նրանք միմեանց հանդիպեցին Հսկաների հովտում։ 10Դաւիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, դու նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»։ Տէրը նրան ասաց. «Յարձակուի՛ր, եւ ես նրանց քո ձեռքը կը մատնեմ»։ 11Դաւիթը ելաւ գնաց Բաաղփարասին եւ կոտորեց նրանց։ Դաւիթն ասաց. «Աստուած իմ թշնամիներին ջախջախեց իմ ձեռքով, պատառոտեց նրանց, ինչպէս ջրերն են պատառոտւում»։ Սրա համար էր, որ այդ տեղը կոչուեց Բաաղփարասին, այն է՝ Փարասինի պատռուածք։ 12Նրանք իրենց աստուածներին այնտեղ թողեցին, եւ Դաւիթը պատուիրեց դրանք հրով այրել։ 13Այլազգիները կրկին յարձակուեցին, եւ նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում։ 14Դաւիթը դարձեալ հարցրեց Աստծուն, եւ Աստուած նրան ասաց. «Մի՛ գնա նրանց յետեւից, շո՛ւռ արի եւ նրանց թո՛ղ տանձենիների մօտ։ 15Երբ տանձենիների կատարների շարժման ձայն լսես, այն ժամանակ ելի՛ր պատերազմի, քանզի Աստուած քո առջեւից գնալով՝ կոտորելու է այլազգիների բանակը»։ 16Դաւիթն արեց այնպէս, ինչպէս Աստուած պատուիրել էր նրան, եւ նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթոնից մինչեւ Գազերա։ 17Դաւթի անունն ամբողջ երկրում հռչակուեց, եւ Տէրը նրա երկիւղը տարածեց բոլոր ազգերի վրայ։