Առաջին Մնացորդաց գիրք

15

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

1Դաւիթն իր համար տներ կառուցեց Դաւթի քաղաքում, իսկ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց, դրա համար վրան կանգնեցրեց։

2Այն ժամանակ Դաւիթն ասաց. «Ոչ ոք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղեւտացիներից, որովհետեւ Տէրն է նրանց ընտրել իր տապանակը կրելու եւ նրա առաջ յաւիտեան ծառայելու համար»։ 3Եւ Դաւիթը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Երուսաղէմում, որ Տիրոջ տապանակը դրա համար պատրաստուած տեղը բերեն։ 4Դաւիթը հաւաքեց Ահարոնի որդիներին ու ղեւտացիներին. 5Կահաթի որդիներից՝ Ուրիէլ իշխանին եւ նրա հարիւր քսան ցեղակից եղբայրներին, 6Մերարիի որդիներից՝ Սայիաս իշխանին եւ նրա երկու հարիւր յիսուն ցեղակից եղբայրներին, 7Գերսոնի որդիներից՝ Յովէլ իշխանին եւ նրա հարիւր երեսուն ցեղակից եղբայրներին, 8Ելիսափանի որդիներից՝ Սամայիաս իշխանին եւ նրա երկու հարիւր ցեղակից եղբայրներին, 9Քեբրոնի որդիներից՝ Ելիէլ իշխանին եւ նրա ութսուն ցեղակից եղբայրներին, 10Օզիէլի որդիներից՝ Ամինադաբ իշխանին եւ նրա հարիւր տասներկու ցեղակից եղբայրներին։

11Դաւիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին ու ղեւտացիներին՝ Ուրիէլին, Ասայիասին, Յովէլին, Սամայիասին, Ելիէլին, Ամինադաբին 12եւ ասաց նրանց. «Դուք ղեւտացիների տոհմերի իշխաններն էք, մաքրուեցէ՛ք դուք ու ձեր եղբայրները եւ Աստծու տապանակը բերէ՛ք այն տեղը, որ դրա համար պատրաստել եմ։ 13Չէ՞ որ առաջին անգամ մեզ մահացու հարուած հասցրեց այն պատճառով, որ դուք այնտեղ չէիք։ Յիրաւի, մենք տապանակի հետ չէինք վարուել, ինչպէս կարգն է»։ 14Քահանաներն ու ղեւտացիները մաքրուեցին, որ բերեն Իսրայէլի Աստծու տապանակը։ 15Ղեւտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ դրա բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպէս Մովսէսն էր գրաւոր պատուիրել ըստ Աստծու ասածի։ 16Դաւիթն ասաց ղեւտացիների իշխաններին. «Ձեր եղբայրներին ասացէ՛ք, որ սաղմոսներ երգեն նուագարաններով, քնարներով, սրինգներով ու ծնծղաներով, որ ուրախութեան ձայներ առաքեն դէպի վեր»։ 17Եւ ղեւտացիները առանձնացրին Յովէլի որդի Նամանին ու նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու նրա Մերարիի որդիներից Կիսի որդի Եթանին։ 18Ապա նրանց հետ իրենց երկրորդ դասի եղբայրներ Զաքարիասին, Յովէլին, Սեմիրամոթին, Եէլին, Անանիասին, Եղիաբին, Բանեասին, Մասեասին, Մատաթիասին, Ելիբաղային, Մակէդիասին, Աբէդդոմին, Յեէլին եւ Օզիասին, որոնք դռնապաններ էին։ 19Աման, Ասափ եւ Եթան նուագածուները թնդացնում էին պղնձէ նուագարանները։ 20Զաքարիասը, Օզիէլը, Սեմիրամոթը, Ելիէլը, Անանիասը, Եղիաբը, Մասեասը եւ Նաթայիասը քնար էին ածում ըստ Աղեմոթի։ 21Մատաթիասը, Ելիփաղատը, Մակեղիան, Աբէդդոմը, Յեւէլը եւ Օզիասը սրինգ էին նուագում ըստ Սենեթիասի՝ բարձր ձայն հանելու համար։ 22Ղեւտացիների Քոնենիասը երգեցողութիւնն էր ղեկավարում, քանզի քաջահմուտ էր։ 23Բարաքիասն ու Եղկանան տապանակի դռնապաններն էին։ 24Սոբենիաս, Յոսափատ, Նաթանիէլ, Աման, Զաքարիաս, Բանեաս եւ Ելիեզեր քահանաները Աստծու տապանակի առջեւից գնալով՝ շեփորներ էին հնչեցնում, իսկ Աբէդդոմը եւ Յեիասը Աստծու տապանակի դռներն էին պահպանում։ 25Դաւիթը, Իսրայէլի ծերերն ու հազարապետները գնացին, որ Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեամբ հանեն Աբեդդարի տնից։ 26Երբ Աստուած ուժ տուեց իշխաններին, որ սրանք կարողանան կրել Տիրոջ ուխտի տապանակը, եօթը զուարակ եւ եօթը խոյ զոհաբերուեցին։ 27Դաւիթը բեհեզէ պատմուճան էր հագել։ Բոլոր ղեւտացիներն ու սաղմոսերգուները բարձրացրին Տիրոջ ուխտի տապանակը, իսկ Քոնենիասը երգեցողութիւնն էր ղեկավարում։ Դաւիթը բեհեզէ պատմուճան էր հագել։ 28Ամբողջ Իսրայէլը Տիրոջ ուխտի տապանակը տարաւ տօնական աղաղակներով, շեփորով ու ծնծղաներով, քնարներ ու տաւիղներ նուագելով։ 29Երբ Աստծու տապանակը հասաւ Դաւթի քաղաքը, Սաւուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց ու տեսնելով, որ արքան երգում է ու պարում, իր հոգում արհամարհեց նրան։

Էջմիածին · HYEJB1994