Առաջին Մնացորդաց գիրք
26
ՏԱՃԱՐԻ ԴՌՆԱՊԱՆՆԵՐԸ
1Ահա եւ դռնապանների դասակարգումները. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորիսի որդի Մոսողամ եւ Մասելամիա։ 2Զաքարիայի որդիները՝ անդրանիկը՝ Յազիէլ, երկրորդը՝ Աբդիաս, երրորդը՝ Նաթանա, չորրորդը՝ Յովէլ, 3հինգերորդը՝ Օդամ, վեցերորդը՝ Յովնաթան, եօթներորդը՝ Ելիովէ։ 4Իդիթոմի որդիները՝ անդրանիկը՝ Սամէաս, երկրորդը՝ Յովազաբադ, երրորդը՝ Յովաթա, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայէլ, 5վեցերորդը՝ Ամիէլ, եօթներորդը՝ Իսաքար, ութերորդը՝ Փելաթի։ Արդարեւ, Աստուած օրհնել էր Իդիթոմին։ 6Նրա անդրանիկ որդի Սամէասը ծնեց որդիներ, որոնք իրենց հօր տան գլխաւորներն էին, քանզի հզօր էին։ 7Սեմայի որդիները՝ Ադոոնի, Ռափայէլ, Յոբեդ, Ելզաբեթ, Աքիու եւ իր եղբայրները, որոնք զօրեղ մարդիկ էին, Ելիու, Սամաքիաս եւ Իզբակոս։ 8Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներն էին. իրենք, իրենց որդիներն ու եղբայրները հզօր մարդիկ էին ու վարժ սպասաւորութիւն էին կատարում։ Աբդեդոմի ցեղը վաթսուներկու հոգի էր։ 9Մասողամայի որդիներն ու եղբայրները տասնութ քաջարի մարդիկ էին։ 10Մերարիի որդիներից Յեսամն ունէր Շամարի անունով մի որդի, որին տրուած էր գլխաւորի դերը. թէեւ նա անդրանիկը չէր, սակայն հայրը նրան առաջինը դարձրեց։ 11Երկրորդը Քեղկիան էր, երրորդը՝ Նաաբէլը, չորրորդը՝ Զաքարիան։ Սրանք բոլորը Ուսայի որդիներն ու եղբայրներն էին՝ ընդամէնը տասնչորս հոգի։ 12Վիճակով սրանց բաժին ընկաւ դռների պահպանութիւնը. նրանք ամէն շաբաթ իրենց եղբայրների հետ ծառայութիւն էին անելու Տիրոջ տանը։ 13Տարբեր դռների համար, ըստ իրենց ընտանիքների, վիճակ գցեցին նաեւ փոքրն ու մեծը։ 14Արեւելեան դռան վիճակն ընկաւ Սեմէիին ու նրա որդի Զաքարիային։ Իմաստուն Յովադի համար վիճակ գցեցին, եւ նրան բաժին ընկաւ հիւսիսային կողմը։ 15Աբդեդոմին ու նրա որդիներին բաժին ընկաւ հարաւային կողմը, Ասափի տան դիմացը։ 16Երրորդ վիճակը գցեցին Օվասայի համար։ Նրան բաժին ընկաւ արեւմտեան կողմը՝ զառիվերի վրայ գտնուող ներքին սենեակի դռնով հանդերձ։ Այստեղ պահապանները կանգնելու էին դէմ դիմաց։ 17Ամէն օր վեցական ղեւտացի էին կանգնում հիւսիսային կողմում, չորսական՝ հարաւային կողմում, չորսական՝ Ասափի տան մօտ եւ երկուական՝ իրար փոխարինելու համար։ 18Արեւմտեան մասում չորս հոգի էին, իսկ ճանապարհի վրայ՝ երկուական՝ իրար փոխարինելու համար։ 19Սա է Կորխի որդիների եւ Մերարիի որդիների դռնապանների դասակարգումն ըստ վիճակի։
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻՆ ՎՍՏԱՀՈՒԱԾ ՅԱՏՈՒԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ
20Ղեւտացիներն իրենց եղբայրներով հանդերձ Տիրոջ տան գանձերն ու սրբութիւնների սրբութեան գանձերն էին հսկում։ 21Նրանք Գերսամի որդի Լաադանի որդիներն էին։ Լաադանից էին սերում նրա ազգատոհմի իշխանները։ Գերսամից ծնուած Լաադանի որդին էր Յեիէլը, 22որի որդիներն էին Զեթամը եւ Յովէլը, եղբայրներ, որոնք Տիրոջ տան գանձերի վերակացուներն էին։ 23Ամրիմից ու Իսահառից էին սերուել Քեբրոնն ու Օզիէլը։ 24Մովսէսի որդի Գերսամի որդի Սեբիէլը գանձերի վերակացուն էր։ 25Նրա եղբայր Եղիազարի որդին Աբիան էր, սրա որդին՝ Յուսէէն, սրա որդին՝ Յորամը, սրա որդին՝ Զեքրին, սրա որդին՝ Սալամիթը, 26որն իր եղբայրներով վերակացու էր այն բոլոր սրբազան գանձերի, որ նուիրել էին Դաւիթը, տոհմերի իշխանները, հարիւրապետները, հազարապետները եւ զօրքի հրամանատարները։ 27Դրանք աւար էին վերցուած քաղաքներից, եւ դրանց մի մասը յատկացուած էր, որ Աստծու տան շինութեան աշխատանքները թերի չմնան։ 28Այն ամէնը, ինչ նուիրել էին Սամուէլ տեսանողը, Կիսի որդի Սաւուղը, Ների որդի Աբենները, Շարուհիի որդի Յովաբը, Սաղոմոթի ու նրա եղբայրների ձեռքում էին։
ՄԻՒՍ ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
29Յեսսարին, Քոնոնիան եւ սրա որդիները Իսրայէլի արտաքին գործերն էին տնօրինում, որ գրագրութիւն ու դատ անեն Քեբրոնիայում։ 30Սադիասն ու իր եղբայրները, որոնց տոհմը հազար եօթը հարիւր հզօր մարդուց էր բաղկացած, Իսրայէլի գործերն էին տնօրինում Յորդանան գետից այն կողմ՝ արեւմտեան մասում։ Նրանք զբաղւում էին Տիրոջ պաշտամունքի բոլոր հարցերով եւ արքունի գործերով։ 31Քեբրոնից էր սերուած եւ Քեբրոնի ամբողջ ազգատոհմի իշխանն էր Ուրիասը։ Դաւթի թագաւորութեան քառասուներորդ տարում մարդահամար եղաւ, որի ժամանակ Գաղաադացիների Յազեր բնակավայրում գտնուեց մի հզօր մարդ, 32որի երկու հազար եօթը հարիւր ցեղակից եղբայրները հզօր լինելով՝ տոհմերի իշխաններ էին դարձել։ Դաւիթը նրանց Ռուբէնի ու Գադի ցեղերի եւ Մանասէի կէս ցեղի գնդի վերակացու նշանակեց, որ կարգաւորեն Աստծու եւ արքայի բոլոր գործերը։