Առաջին Մնացորդաց գիրք

5

ՌՈՒԲԷՆԻ ՍԵՐՈՒՆԴԸ

1Իսրայէլի անդրանիկ ծննդի՝ Ռուբէնի որդիները։ Թէեւ նա էր անդրանիկը, սակայն, իր հօր անկողինը պղծելու պատճառով, հայրն իր օրհնութիւնը տուեց Իսրայէլի որդի Յովսէփին։ Ռուբէնը ազգահամարի մէջ իբրեւ անդրանիկ չգրուեց։ 2Թէեւ Յուդան զօրաւոր էր իր եղբայրների մէջ եւ նրանց իշխանը, բայց օրհնութիւնը Յովսէփին տրուեց։ 3Իսրայէլի անդրանիկ ծննդի՝ Ռուբէնի որդիները. Ենոք եւ Փաղղուս, Եսրոմ եւ Քարմի։ 4Յովէլի սերունդը. Սեմէի, Բեբենա, 5Գոգ, 6Սեմէի, Բաաղ, Բէէղա, որին գերեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքան։ 7Նա էր Ռուբէնի ցեղի իշխանը։ Երբ նրա եղբայրներն իրենց տոհմերով ազգահամարի մէջ էին գրւում, նրանց իշխաններն էին Յովէլն ու Զաքարիան։ 8Յովէլի որդի Ամայի որդի Օզուզի որդի Իբաղէին բնակուեց Արոյերում, Նաբաւում ու Բելմաոնում։ 9Նա բնակուեց արեւելքում՝ Եփրատ գետից մինչեւ , որովհետեւ Գաղաադում նա շատ անասուններ ունէր։ 10Սաւուղի օրօք նրանք պատերազմեցին երկրի բնակիչների դէմ, եւ Գաղաադից դէպի արեւելք՝ վրանաբնակները նրանց ձեռքը գերի ընկան։

ԳԱԴԻ ՍԵՐՈՒՆԴԸ

11Գադի որդիները բնակուեցին նրանց դիմաց՝ Բասանից մինչեւ Մեղքէ։ Դրանք են. գլխաւորը՝ Յովէլ, 12երկրորդը՝ Սափա, ապա Անայի, որ գրագիր էր Բասանում։ 13Նրանց եղբայրները բնակուեցին ըստ իրենց ազգատոհմերի տների. դրանք են. Միքայէլ, Մոսողաամ, Սոբայէ, Յորէ, Յաքան, Ազիա եւ Օբէդ։ 14Այս եօթը Աբիքայիայի որդիներն էին. ինքը՝ Ուրիի որդին, սա՝ Ադայի որդին, սա՝ Գաղաադի որդին, սա՝ Միքայէլի որդին, սա՝ Յեսսայի որդին, սա՝ Յեգդադի որդին, սա՝ Աքիբուզի որդին, 15սա՝ Աբդիէլի որդին, սա՝ Գունի որդին։ Աբիքայիան նրանց ազգատոհմերի իշխանն էր, 16որոնք բնակւում էին Գաղաադում, Բասանում եւ նրանց աւաններում, Սարոնի շրջակայ բոլոր գաւառներում, մինչեւ նրանց սահմանները։ 17Նրանք ազգահամարի մէջ մտան Յուդայի արքայ Յովաթամի եւ Իսրայէլի արքայ Յերոբովամի օրօք։

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՑԵՂԵՐԻ ԲԱՆԱԿՆԵՐԸ

18Ռուբէնի ու Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղի մարդիկ զօրաւոր էին։ Նրանք պատերազմի սովոր էին՝ վահաններ ու սրեր ունէին, աղեղներ էին լարում ու քառասունչորս հազար եօթը հարիւր վաթսուն մարտիկներով պատերազմի էին ելնում։ 19Նրանք պատերազմի ելան հագարացիների, տուրեցիների, նափեսացիների, նաբեդոնացիների եւ նաբիմացիների դէմ։ 20Նրանք յարձակուեցին նրանց վրայ։ Հագարացիները յանձնուեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետեւ պատերազմի ժամանակ իսրայէլացիները Աստծուն էին ուղղել իրենց խնդրանքը։ լսել էր նրանց, քանի որ իր վրայ էին դրել իրենց յոյսը։ 21Նրանք աւար առան հագարացիների մթերանոցը. հինգ հազար ուղտ, երկու հարիւր յիսուն հազար ոչխար, երկու հազար էշ. գերեցին հարիւր հազար մարդ։ 22Շատերն սպանուեցին, որովհետեւ պատերազմը Աստծուց եղաւ։ Իսրայէլացիները բնակուեցին նրանց բնակավայրերում մինչեւ իրենց գերեվարումը։

ՄԱՆԱՍԷԻ ԿԷՍ ՑԵՂԸ ԱՆԴՐՅՈՐԴԱՆԱՆՈՒՄ

23Մանասէի կէս ցեղը բնակուեց ու բազմացաւ Բասանի երկրից մինչեւ Բաաղերմոն եւ Սանիր, Ահերմոնի լեռից մինչեւ Լիբանան։ 24Սրանք են նրանց տոհմատների իշխանները. Օփեր, Յեսսի, Ելիէլ, Եզիէլ, Յերեմիա, Յոդիա եւ Իգիէլ, որոնք զօրեղ մարդիկ էին, իրենց տոհմատների անուանի իշխանները։ 25Նրանք, սակայն, ուխտադրուժ եղան իրենց հայրերի Աստծու հանդէպ, լքեցին նրան ու գնացին այն օտար երկրների աստուածների յետեւից, որոնց Աստուած նրանց ներկայութեամբ ոչնչացրել էր։ 26Եւ Աստուած Իսրայէլի դէմ գրգռեց Ասորեստանի արքայ Փանոքի հոգին ու Սուբի արքայ Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին Ռուբէնի ցեղին, Գադդիի ցեղին եւ Մանասէի կէս ցեղին, տարան Քաղա ու Քաբոր, Գոզան գետի եզերքը, ուր եւ մնում են մինչեւ այսօր։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն