Ա Կորնթացիս
8
ԿՈՒՌՔԵՐԻՆ ԱՐՈՒԱԾ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ
1Իսկ այժմ, կուռքերին արուած զոհերի մասին։ Ոմանք ասում են՝ այդ մասին մենք անհրաժեշտը գիտենք. գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը՝ հաստատում։ 2Եթէ մէկը կարծում է, թէ բան գիտէ, դեռ չգիտէ իսկ ինչպէս պէտք է գիտենալ։ 3Բայց ով սիրում է Աստծուն, նա ճանաչուած է նրանից։ 4Իսկ ինչ վերաբերում է կուռքերին զոհ արուածները ուտելուն, գիտենք, որ այս աշխարհում կուռքերը ոչինչ են. որովհետեւ չկայ ուրիշ Աստուած, բացի միակ Աստծուց, 5թէպէտեւ այսպէս կոչուած աստուածներ կան թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ. արդարեւ, կան բազում աստուածներ եւ բազում տէրեր։ 6Բայց մեզ համար միայն մէ՛կ Աստուած կայ, Հայր, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէ՛կ Տէր Յիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծուեց ամէն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով։
7Բայց բոլորի մէջ այս գիտութիւնը չկայ։ Ոմանք, մինչեւ այժմ վարժուած լինելով, կուռքերին զոհ արուածը իբրեւ զոհաբերուած են ուտում, եւ որովհետեւ նրանց խղճմտանքը տկար է, պղծւում են։ 8Եւ ուտելիքը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու։ Եթէ չուտենք, ոչնչով չենք պակասի, եւ եթէ ուտենք, ոչնչով չենք աւելանայ։ 9Բայց զգո՛յշ եղէք, գուցէ ձեր այդ ազատութիւնը գայթակղութիւն լինի տկարների համար։ 10Եթէ մէկը տեսնի քեզ՝ այդ գիտութիւնը ունեցողիդ, սեղան նստած մեհեանում, արդարեւ, նա, որի խղճմտանքը տկարութեամբ է պատած, վերստին չի՞ քաջալերուի կուռքերին զոհաբերուածն ուտելու։ 11Եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս մեռաւ, կորստեան կը մատնուի քո գիտութեան պատճառով։ 12Եւ այսպէս, յանցանք գործելով եղբայրների դէմ եւ վիրաւորելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդէպ մեղանչում էք։ 13Ուստի, եթէ ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբօրը, յաւիտեան միս չեմ ուտի, որպէսզի իմ եղբօրը չգայթակղեցնեմ։