Ա Եզրաս

3

ԴԱՐԵՀԻ ԵՐԵՔ ՍԵՆԵԿԱՊԱՆՆԵՐԻ ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1Դարեհ թագաւորը մեծ խրախճանք սարքեց, հրաւիրեց իր բոլոր իշխաններին եւ իր գերդաստանի ընդոծիններին, մարերի, պարսիկների եւ քաղդէացիների բոլոր մեծամեծներին, 2եւ այն բոլոր նախարարներին, զօրապետներին եւ նրանց հետ նաեւ կառավարիչներին, որոնք գտնւում էին Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի շրջանները. այդ նախարարները հարիւր քսանեօթն էին։ 3Նրանք կերան, խմեցին, յագեցան եւ ուրախացան։ Երբ խրախճանքն աւարտուեց, Դարեհ թագաւորը մտաւ իր սենեակը, բազմեց իր գահին եւ քնեց։

4Այն ժամանակ, երեք պատանիներ, որ նրա սենեկապաններն էին, մինչ թագաւորը դեռ քնած էր, սենեակի ներսում կանգնել էին նրան սպասաւորելու համար եւ պահպանում էին նրան։ Նրանք սկսեցին իրար հետ խօսել եւ ասացին. 5«Եկէ՛ք իւրաքանչիւրս մի բան ասենք. եւ ով իր ընկերոջից աւելի իմաստուն եւ ուժեղ բան ասի, թող Դարեհ թագաւորը մեծամեծ պարգեւներ տայ նրան, թող նա մեծ ու անուանի լինի բոլորից, 6թող նրան ծիրանի զգեստներ հագցնի, խմելու եւ ուտելու համար սպասք տայ, նստելու եւ քնելու համար՝ ոսկեղէն գահաւորակ, թող նա ոսկեսանձ նժոյգ հեծնի, բեհեզեայ խոյրով թագ կապի նրա գլխին եւ ոսկէ մանեակ՝ նրա պարանոցին։ 7Թող նա իր իմաստութեան համար նստի Դարեհի երկրորդ աթոռին եւ կոչուի Դարեհի ազգական»։

8Այդ ժամանակ նրանցից իւրաքանչիւրը գրեց իր խօսքը։ Նրանք կնքեցին եւ դրեցին Դարեհ արքայի սնարին ու ասացին. 9«Երբ արթնանայ, այդ գրութիւնները կը տանք նրան. թող թագաւորն ու պարսիկ երեք մեծամեծ իշխաններ ընտրեն եւ ում խօսքը գտնեն առաւել իմաստուն, յաղթողի պարգեւը թող տան նրան»։ 10Առաջինը գրեց եւ ասաց. «Գինին է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։ 11Երկրորդը գրեց եւ ասաց. «Թագաւորն է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։ 12Երրորդը գրեց եւ ասաց. «Կանայք են բոլորից յաղթողն ու զօրաւորը, բայց ճշմարտութիւնը յաղթում է բոլորին»։ 13Երբ թագաւորը արթնացաւ, վերցրեց գրութիւնները, որ տուեցին նրան, կարդաց 14եւ մարդ ուղարկեց կանչելու պարսիկների ու մարերի բոլոր մեծամեծներին՝ նախարարներին, սպարապետներին, կառավարիչներին եւ իշխաններին։ 15Նստեցին մի դահլիճում եւ բոլորի առաջ կարդացին գրութիւնները։ 16Թագաւորն ասաց. «Այստե՛ղ կանչեցէք պատանիներին, թող մեկնաբանեն իրենց խօսքերը»։ 17Երբ կանչուած պատանիները եկան նրանց առաջ, բոլորը նրանց ասացին. «Բացատրեցէ՛ք մեզ ձեր այս գրածները»։

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՆՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ

18Առաջինը, որ գինու զօրութեան մասին էր գրել, սկսեց խօսել եւ այսպէս ասաց. «Ո՜վ մարդիկ, մի՞թէ ամենից զօրաւորը գինին չէ. բոլոր մարդիկ, ովքեր խմում են այն, գինին յիմարեցնում է նրանց մտքերը. 19թագաւորների ու տառապեալների միտքը նա դարձնում է նոյնը, այդպէս էլ տիրոջն ու ծառայինը, հարուստներինն ու աղքատներինը։ 20Գինին շեղում է բոլորի միտքը եւ դարձնում դէպի ուրախութիւն։ Նրանք երբեք չեն յիշում տրտմութիւն եւ որեւէ ցաւ, 21քանզի գինին բոլորի սրտերը լցնում է զուարթութեամբ եւ մեծութեամբ. 22երբ խմում են, էլ չեն յիշում թագաւորներին կամ իշխաններին եւ դառնում մեծախօս։ Մարդ երբ խմում է, չի յիշում անգամ սիրելիներին, եղբայրներին կամ թշնամիներին, շատ յաճախ սուր է հանում, 23եւ երբ անցնում է գինու ազդեցութիւնը, չի էլ յիշում, թէ ինչ է արել։ 24Ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը գինին չէ, որ ստիպում է այս բոլորն անել»։ Եւ այս ասելով՝ նա լռեց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն