Ա Եզրաս
7
ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՆԱՒԱԿԱՏԻՔԸ
1Այն ժամանակ Սիսինը՝ Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների մեծ իշխանը, Սաթրուբազանը եւ նրանց ընկերները, որոնք արգելել էին տաճարի շինարարութիւնը, երբ ստացան Դարեհ թագաւորի հրամանը, 2սկսեցին վերահսկել եւ հոգ տանել գործի համար՝ գործակցելով հրեաների աւագների եւ քահանայապետների հետ։ 3Գործը յաջողութեամբ առաջ էր ընթանում, մանաւանդ որ նրանց օգնում էին Անգէ եւ Զաքարիա մարգարէները։ 4Եւ, ըստ Իսրայէլի Տէր Աստծու հրամանի եւ ըստ Կիւրոսի ու Դարեհի կամքի, աւարտուեց տաճարը։
5Դարեհ թագաւորի վեցերորդ տարում աւարտուեց սուրբ տաճարը, ադար ամսի քսանին, Դարեհի թագաւորութեան վեցերորդ տարում։ 6Իսրայէլացիները, քահանաներն ու ղեւտացիները եւ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից, կատարեցին այդ գործը այնպէս, ինչպէս սահմանուած եւ հրամայուած էր Մովսէսի օրէնքների գրքում։ 7Նրանք մատուցեցին Տիրոջ տան նաւակատիքի զոհերը. հարիւր արջառ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառ եւ 8ամբողջ Իսրայէլի մեղքերի համար՝ տասներկու նոխազ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի։ 9Եւ, ըստ ազգերի, նշանակուեցին քահանաներ եւ ղեւտացիներ, որոնք երկար պարեգօտներ էին կրում Իսրայէլի Տէր Աստծու առաջ ծառայելու համար, ինչպէս հրամայուած էր Մովսէսի գրքում. եւ, ըստ իւրաքանչիւր դռան, նշանակեցին դռնապաններ։ 10Իսրայէլացիները, որոնք վերադարձել էին գերութիւնից, Տիրոջ զատկի տօնը կատարեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը, որովհետեւ քահանաներն ու ղեւտացիները մաքրուել էին միասին, 11ինչպէս եւ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից։ 12Մաքրուած ղեւտացիները մորթեցին Տիրոջ զատկի գառը գերութիւնից վերադարձած բոլոր իսրայէլացիների համար, իրենց եղբայրների, իրենց եւ քահանաների համար։ 13Կերան գերութիւնից վերադարձած իսրայէլացիները եւ բոլոր նրանք, որ զատուել էին հեթանոսների պղծութիւններից՝ փնտռելով իրենց Տէր Աստծուն։ 14Նրանք Բաղարջակերաց զատիկը կատարեցին եօթը օր եւ ուրախ եղան Տիրոջ առաջ, 15որովհետեւ Տէրը դէպի իրենց դարձրեց Ասորեստանի թագաւորի սիրտը եւ հզօրացրեց իրենց ձեռքը՝ Իսրայէլի Տէր Աստծու գործի համար։