Ա Եզրաս
8
ԱՐՏԱՇԷՍ ԹԱԳԱՒՈՐԸ ԹՈՅԼ Է ՏԱԼԻՍ ՀՐԵԱՆԵՐԻՆ՝ ԵԶՐԱՍ ՔԱՀԱՆԱՅԻ ՀԵՏ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵՐՈՒՍԱՂԷՄ
1Այս բոլոր դէպքերը կատարուելուց յետոյ Պարսկաստանում թագաւորեց Արտաշէս արքան։ Նրա մօտ գնաց Եզրասը, որը որդին էր Ազարիայի, սա՝ Եզեկիայի, սա՝ Քեղկիայի, սա՝ Սաղէմի, 2սա՝ Ադուկի, սա՝ Աքիտոբի, սա՝ Ամարէթի, սա՝ Ազեկի, սա՝ Մարերոթի, սա՝ Զարիայի, սա՝ Սեուիայի, սա՝ Բոկիայի, սա՝ Աբասիայի, սա՝ Փենէեսի, սա՝ Եղիազարի, եւ սա՝ Ահարոնի, որը առաջին քահանայապետն էր։
3Ահա այս Եզրասը, որ Իսրայէլի Աստծու կողմից Մովսէսին տրուած օրէնքների հմուտ օրէնսգէտ էր, վերադարձաւ Բաբելոնից։ 4Թագաւորը մեծ պատուի արժանացրեց նրան։ Եզրասը շնորհ գտաւ նրա առաջ, եւ թագաւորը մեծ բարեհաճութեամբ յարգեց նրա խնդրանքը։ 5Եզրասի հետ Երուսաղէմ վերադարձան իսրայէլացիները՝ քահանայապետների եւ ղեւտացիների, սաղմոսասաց սպասաւորների, դռնապանների եւ քահանաների ծառաների որդիները։ 6Նրանք վերադարձան Արտաշէս արքայի թագաւորութեան եօթներորդ տարուայ հինգերորդ ամսին, իսկ Բաբելոնից դուրս էին եկել թագաւորի եօթներորդդ տարուայ առաջին ամսի ամսամտին։
7Նոյն տարուայ հինգերորդ ամսի ամսամտին էլ նրանք մտան Երուսաղէմ, եւ Տէրը յաջողութիւն տուեց Եզրասին ու նրանց ճանապարհին։ 8Եզրասը, որ ամբողջապէս լցուած էր իմաստութեամբ եւ անթերի գիտէր Տիրոջ բոլոր պատուիրանները, Իսրայէլի ժողովրդին ուսուցանում էր, ըստ Տիրոջ օրէնքների, ամէն դատ ու դատաստան եւ իրաւունք։
9Այդ ժամանակ Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մատենագրին, հասաւ Արտաշէս թագաւորի հրովարտակը, ուր գրուած էր այսպէս. 10«Արտաշէս թագաւորը ողջունում է Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մատենագրին։ 11Մարդասիրական ցանկութեամբ կշռադատելով ամէն բան՝ ես հրամայեցի Հրէաստանի ցեղերի բոլոր մարդկանց, ովքեր կամաւոր ուզում են գնալ Երուսաղէմ, նաեւ քահանայապետներին եւ ղեւտացիներին, որ քեզ հետ միասին վերադառնան Երուսաղէմ. 12թող գնան բոլոր նրանք, ովքեր փափագում են մեկնել Հրէաստան եւ Երուսաղէմ, ինչպէս հրամայեցինք մենք՝ ես եւ իմ եօթը խորհրդականները։ 13Թող նրանք վերադառնան եւ կատարեն այն ամէնը, ինչ պահանջում է Օրէնքը. 14Երուսաղէմում թող զոհեր մատուցեն Իսրայէլի Տէր Աստծուն, ինչպէս խոստացանք մենք՝ ես եւ իմ սիրելիները։ Այն ամբողջ ոսկին եւ արծաթը, որ նրանք ունեն բաբելացիների այս երկրում, թող տանեն եւ Երուսաղէմում զոհեր մատուցեն իրենց Տէր Աստծուն։ 15Թող բաբելացիների այս երկրից Տէր Աստծու քահանաները վերցնեն նուիրաբերութիւնները եւ տանեն Երուսաղէմ. ոսկի ու արծաթ, արջառներ, խոյեր, գառներ 16եւ ընծայուած միւս բոլոր զոհերը, եւ Երուսաղէմում Տիրոջ սեղանի վրայ մատուցեն Աստծուն։ 17Այն ամէնը, ինչ դու կամենում ես անել քո եղբայրների հետ միասին, արա՛. ըստ քո Տէր Աստծու կամքի էլ վարուի՛ր թէ՛ ոսկու եւ արծաթի 18եւ թէ՛ քահանայական կայքի ու Տիրոջ այն սպասքի հետ, որ կը տանէք Երուսաղէմ՝ Տէր Աստծու տաճարի կարիքների համար. 19այդ ամէնը դի՛ր քո Տէր Աստծու առաջ, Երուսաղէմում, 20իսկ աւելորդ եւ տաճարի այլ կարիքների համար եղած բաները թող դնեն թագաւորական գանձատանը։ 21Ես՝ Արտաշէս թագաւորը, հրամայեցի Ասորեստանի եւ քանանացիների կողմերի գանձապահներին, որ նրանք Եզրաս քահանային՝ բարձրեալ Տէր Աստծու Օրէնքի մատենագրին անխափան տան այն ամէնը, ինչ կկամենայ վերցնել նա. հարիւր տաղանդ արծաթ, 22նոյն ձեւով՝ հարիւր քոռ ցորեն, հարիւր մար գինի եւ նոյնքան ձէթ. 23նաեւ օրինական միւս բաները՝ բարձրեալ Տէր Աստծու պաշտամունքը կատարելու համար, որպէսզի նրա ցասումը չգայ իմ թագաւորութեան եւ իմ որդու վրայ։ 24Ձեր քահանաների ու ղեւտացիների, սաղմոսասաց պաշտօնեաների ու դռնապանների, քահանաների ծառաների եւ Տիրոջ տան սպասաւորների վերաբերեալ հրամայեցի, 25որ ոչ ոք իշխանութիւն չունենայ նրանցից հարկ կամ այլ տուրք պահանջելու։ 26Իսկ դու, Եզրա՛ս, ըստ քո իմաստութեան, որ Աստուած տուել է քեզ, Ասորիքի եւ փիւնիկեցիների կողմերում դատելու եւ կառավարելու համար վերակացուներ եւ դատաւորներ նշանակիր բոլոր նրանց, որ սովորել են քո Տէր Աստծու Օրէնքը, իսկ նրանց, որ դեռեւս չգիտեն, սովորեցրո՛ւ։ 27Իսկ բոլոր նրանց, որ զանց կ’առնեն քո Տէր Աստծու Օրէնքը եւ չեն հնազանդուի մեր թագաւորական օրէնքներին, քեզ իշխանութիւն է տրւում նրանց պատժելու եւ խոշտանգելու. եթէ մահապարտ են՝ սպանելու, եթէ պատժի են արժանի՝ պատժելու, եթէ տուգանքի՝ տուգանք պահանջելու»։
28Այն ժամանակ Եզրասը՝ Տիրոջ Օրէնքի մատենագիրն ասաց. «Օրհնուած է մեր հայրերի Տէր Աստուածը, որ այս ամենի համար շնորհ տուեց թագաւորի սրտին՝ փառաւորելու Տիրոջ տաճարը, որ գտնւում է Երուսաղէմում։ 29Իսկ ինձ մեծապէս պատուի արժանացրեց թագաւորի առաջ, նրա բոլոր խորհրդականների եւ սիրելիների առաջ, նրա բոլոր մեծամեծների առաջ, 30եւ ես լցուեցի անբաւ հրճուանքով՝ իմ Տէր Աստծու օգնութեամբ»։ Դրանից յետոյ Եզրասը հաւաքեց իսրայէլացի այն բոլոր մարդկանց, որոնք իր հետ վերադարձան Երուսաղէմ։
31Ըստ իրենց հայրերի նահապետութեան եւ ըստ իրենց ցեղերի բաժանման, սրանք են ահա այն իշխանները, որոնք Եզրասի հետ ելան Բաբելոնից Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ. 32Փենէեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Գամայէլը, 33Դաւթի որդիներից՝ Փարէսը, Փորոսիայի որդիներից՝ Զաքարիասը եւ նրա հետ գերի տարուածներից հարիւր յիսուն մարդ. 34Փաաթի որդիներից՝ Մովաբը, Ելիան, Օնիասը, Զարեան եւ նրա հետ երկու հարիւր մարդ. 35Զաթսէսի որդիներից՝ Յեզոնիասը, Յեթելեան եւ նրա հետ երեք հարիւր մարդ. 36Ադինոբի որդիներից՝ Յովնաթանը եւ նրա հետ երեք հարիւր յիսուն մարդ. Ելամեսիայի որդիներից՝ Գոդողիան եւ նրա հետ եօթանասուն մարդ. 37Սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զաքարիասը եւ նրա հետ եօթանասուն մարդ. 38Յովաբի որդիներից՝ Եզելիայի որդի Աբադիսերը եւ նրա հետ երկու հարիւր տասներկու մարդ. 39Բանիայի որդիներից՝ Յոսափի որդի Ասալիմոթը եւ նրա հետ հարիւր վաթսուն մարդ. 40Բէերի որդիներից՝ Բերիայի որդի Զաքարիան եւ նրա հետ քսանութ մարդ. 41Ուստաթի որդիներից՝ Կատանի որդի Յովհաննէսը եւ նրա հետ հարիւր տասը մարդ. 42Ադոնիկամի որդիներից՝ Էսփատայի որդիները, որոնց անուններն են՝ Ելիփալատ, Դեւուէլ, Սամեաս եւ նրանց հետ եօթանասուն մարդ. Բանիայի որդիներից՝ Տաւկուրիայի որդի Ութիան եւ նրա հետ եօթանասուն մարդ։
43Եզրասը նրանց հաւաքեց Թերա կոչուած գետի եզերքին, ուր օթեւանեցին երեք օր, ազգահամար կատարեց, 44բայց քահանաների որդիներից եւ ղեւտացիներից ոչ մէկին չգտաւ նրանց մէջ։ 45«Ես մարդ ուղարկեցի Եղիազարի մօտ, եւ ինձ մօտ եկան Սամեասը, Օրիբոնը, Նաթանը, Եննատանը, Զաքարիան եւ Մոսոլաբոնը. 46սրանք իշխաններ էին եւ օրէնքի վարդապետներ։ Ես նրանց ասացի, որ գնան գանձապահների պետի՝ Լոգէոնի մօտ, 47պատուիրեցի նրանց, որ Լոգէոնին, նրա եղբայրներին եւ տեղում գտնուող միւս գանձապահներին ասեն, որ նրանք Տիրոջ տան համար քահանաներ ուղարկեն մեզ մօտ։ 48Եւ նրանք բերեցին այնպիսի մարդիկ, որոնք զօրաւոր էին Տիրոջ խօսքը քարոզելու գործում եւ լաւ գիտէին Տիրոջ օրէնքը։ Դրանք Իսրայէլի որդի Ղեւիի որդի Մոողիայի որդիներից էին՝ Ասերեւանը եւ նրա տասնութ եղբայրները. 49Քանունիայի որդիներից՝ Ասեբիան, Անունոնը եւ նրա եղբայր Օսետանը իր որդիների հետ՝ քսան մարդ. 50քահանաների այն ծառաներից, որոնց Դաւիթ թագաւորը նշանակել էր ղեւտացիներին սպասաւորելու համար գլխաւորներ, նրանց որդիներից՝ քսան մարդ, որոնցից նշանաւորներին գրեցին անուանապէս։ 51Մենք ծոմ պահեցինք այնտեղ, աղօթք մատուցեցինք մեր Տէր Աստծուն, խնդրեցինք, որ նա դիւրութիւն եւ յաջողութիւն տայ մեզ, մեր որդիներին եւ բոլորին, ովքեր մեզ հետ էին, 52քանի որ մենք ծանր էինք համարել թագաւորից հետեւակ կամ հեծեալ ուղեկիցներ խնդրել՝ մեր թշնամիներից զգուշանալու համար։ 53Մենք թագաւորին ասացինք, որ մեր Տէր Աստծու զօրութիւնը մեզ հետ է եւ բոլոր նրանց հետ, ովքեր խնդրում են նրան։ 54Այս բոլորի համար էր, ահա, որ ծոմ պահեցինք եւ աղաչեցինք, որ Տէրը պահպանի մեզ, յաջողութիւն տայ մեզ՝ մեր ճանապարհին։ 55Ցեղերի քահանաների գլխաւորներից ընտրեցինք տասներկու մարդ՝ Եսեբիային, Ասեմիային՝ իրենց տասը եղբայրների հետ միասին։ 56Կշռեցինք ու նրանց տուեցինք արծաթն ու ոսկին, Տիրոջ տան համար քահանայական կայքն ու սպասքը, որ մեզ էին նուիրել թագաւորն ու նրա խորհրդականները, իշխաններն ու բոլոր իսրայէլացիները։ 57Ես կշռեցի եւ նրանց տուեցի վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ, հարիւր տաղանդ արծաթէ սպասք, հարիւր տաղանդ ոսկէ սպասք, 58ոսկէ այլ անօթներ՝ քսան, նաեւ մաքուր, ոսկեգոյն եւ զուտ պղնձէ անօթներ՝ տասներկու։ 59Ես նրանց ասացի. «Ե՛ւ դուք էք սուրբ Տիրոջ համար, ե՛ւ այս ամբողջ սպասքն է սուրբ Տիրոջ համար, լինի ոսկեղէն թէ արծաթեղէն։ Աղօթեցէ՛ք Տիրոջը, եւ մեր հայրերի Տէր Աստուածը դրանք կը պահպանի եւ խաղաղութեամբ կը հասցնի իր սրբութեան տեղը։ 60Արթո՛ւն կացէք եւ պահպանեցէ՛ք դրանք, մինչեւ որ հասցնէք քահանաների ու ղեւտացիների գլխաւորներին, Իսրայէլի տոհմապետներին եւ իշխաններին, որոնք գտնւում են Երուսաղէմում։ 61Թող Տիրոջ տաճարի պահապանները՝ քահանայապետներն ու ղեւտացիները, վերցնեն արծաթը, ոսկին, սպասքն ու անօթները եւ տանեն, դնեն Տիրոջ տաճարում, որը գտնւում է Երուսաղէմում»։
62Յետոյ վեր կացանք եւ Թերա գետի մօտից ճանապարհ ընկանք. դա առաջին ամսի տասներկուերորդ օրն էր։ Մենք, Տիրոջ ձեռքով պահպանուած, վեր բարձրացած ու զօրացած, եկանք հասանք Երուսաղէմ։ Մեր Տէր Աստուածը մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, եւ մենք ողջ, անկորուստ եւ խաղաղութեամբ հասանք Երուսաղէմ։ 63Երբ երեք օր հանգստացանք Երուսաղէմում, չորրորդ օրը կշռեցինք արծաթն ու ոսկին եւ մեր Տէր Աստծու տանը տուեցինք Ուրիայի որդի Մարմոթ քահանային, 64որի հետ էին Փենեէսի որդի Եղիազարը, Յեսովի որդի Յոսաբոդոսը, Սաբանիայի որդի Մեթորը եւ այլ ղեւտացիներ։ 65Մենք կշռով ու հաշուով դրանք տուեցինք նրանց՝ նոյն օրն էլ գրանցելով կշիռն ու հաշիւը։ 66Նրանք, որ ինձ հետ գերութիւնից վերադարձել էին բաբելացիների մօտից, զոհեր մատուցեցին Իսրայէլի Տէր Աստծուն, տասներկու արջառ՝ բովանդակ Իսրայէլի համար, 67իննսուն խոյ, եօթանասուներկու գառ, տասներկու նոխազ՝ Իսրայէլի փրկութեան համար, եւ այս բոլոր զոհերը մատուցեցին Իսրայէլի Տէր Աստծու առաջ։ 68Թագաւորի գրաւոր հրամանը տուեցին թագաւորի գործակալներին՝ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխաններին եւ գաւառապետներին, եւ մեր ազգն ու Տիրոջ տաճարն արժանացան մեծ փառքի ու պատուի։
69Այս ամէնը կատարուելուց յետոյ իսրայլացիների նահապետներն ու իշխանները եկան իմ առաջ եւ ասացին. «Իսրայէլացիների ամբողջ ազգը, նրանց իշխանները, քահանաներն ու ղեւտացիները, առանց խտրականութիւն դնելու, 70խառնակուեցին հեթանոսների, այլազգիների եւ ամէն տեսակ անհաւատների պղծութիւնների հետ, քանանացիների եւ քետացիների, փերեզացիների եւ յեբուսացիների, մովաբացիների եւ ամոնացիների, եգիպտացիների եւ եդոմացիների հետ, 71քանզի ամուսնացան նրանց աղջիկների հետ՝ թէ՛ իրենք եւ թէ՛ իրենց որդիները։ Խառնակուեց իրենց սուրբ սերմը երկրի այլազգիների եւ հեթանոսների հետ, քանի որ այս անօրէնութիւններն ընդունեցին եւ յանձն առան թէ՛ իշխանները եւ թէ՛ մեծամեծները՝ իրենք իսկ դառնալով այդ չարաղէտ խառնակութիւնների առաջնորդներ»։
72Երբ ես լսեցի այս խօսքերը, պատառոտեցի հագուստներս, սկսեցի ողբալ եւ փետել գլխիս ու մօրուքիս մազերը, եւ այդպէս տրտմաբեկ նստեցի մեծ սգի մէջ։ 73Բոլորը, ովքեր լսեցին իմ ողբերի ձայնը, որ Իսրայէլի Տէր Աստծու համար էր, եւ տեսնելով այն, ինչ ես արեցի նրանց անօրէնութեան պատճառով (որովհետեւ այդպէս տրտմահեծ նստեցի մինչեւ երեկոյ, մինչեւ որ հասաւ երեկոյեան զոհերի մատուցման ժամը), 74նոր միայն ես վեր կացայ, հագուստներս այդպէս պատառոտուած, ողբալով ծնկի իջայ եւ, ձեռքերս տարածելով դէպի Տէր Աստուած, աղաղակեցի եւ ասացի. 75«Տէ՛ր, մենք ամաչում եւ դողում ենք քո երեսի առաջ, 76քանզի մեր մեղքերը մեր գլուխներից էլ աւելի վեր բարձրացան, 77մեր անօրէնութիւնները, սկսած մեր հայրերի տարիներից ու ժամանակներից, բարձրացան երկնքից էլ վեր, եւ մենք մեծ մեղքերի մէջ ենք մինչեւ այսօր, մինչեւ այժմ։ 78Մեր մեղքերի ու մեր հայրերի յանցանքների համար էր, որ մենք մատնուեցինք գերութեան մեր եղբայրների հետ, մեր թագաւորների ու քահանայապետների հետ։ Երկրի բոլոր թագաւորները մեզ սրի ու սուսերի քաշեցին, գերեվարեցին մեզ, աւերեցին մեր բնակավայրերը, եւ մենք ամօթահար եղանք մինչեւ այսօր։ 79Եւ հիմա որքա՜ն մեծ է քո ողորմածութիւնը մեր նկատմամբ, Տէ՛ր, որ մեզնից արմատ, սերունդ եւ անուն թողեցիր քո սրբութեան այս վայրում, 80մեզ համար յայտնի դարձրիր մեր Տէր Աստծու տաճարի լոյսը եւ մեզ, մեր ստրկութեան մէջ, կերակուր տուեցիր։ 81Մեր գերութեան մէջ քո ձեռքը չլքեց մեզ, դու օգնական Տէր եղար մեզ եւ արեցիր այնպէս, որ մենք շնորհ գտնենք Պարսկաստանի թագաւորի առաջ։ Նա պատուի արժանացրեց մեզ, հոգաց մեր բոլոր կարիքները, 82փառաւորեց մեր Տէր Աստծու տաճարը, վերականգնեց եւ վերաշինեց Սիոնը, որ անապատ էր, եւ մեզ վերստին հաստատեց Հրէաստանում եւ Երուսաղէմում։ 83Եւ հիմա, այս ամենից յետոյ, քո առաջ ի՞նչ պատասխան տանք քեզ, Տէ՛ր, քանզի մենք անտեսեցինք քո օրէնքն ու հրամանները, Տէ՛ր, որ տուել էիր մեզ քո ծառաների՝ մարգարէների միջոցով, ասելով այսպէս. 84“Այն երկիրը, որը գնում ես դու ժառանգելու, պղծուած է այդ երկրի ազգերի պղծութիւններով եւ լեցուն է նրանց աղտեղութիւններով։ 85Արդ, նրանց աղջիկներից դու կանայք չառնես քո որդիների համար, ոչ էլ քո աղջիկներին կնութեան կը տաս նրանց որդիներին 86եւ ոչ էլ ամէն ժամանակ խաղաղութիւն փնտռիր նրանց հետ. դու զօրաւոր կը լինես այդ երկրի բարիքները ուտելով, եւ քո որդիներն այդ երկիրը կը ժառանգեն յաւիտենական ժամանակների համար”։ 87Թէեւ այն դէպքերը, որ մէկ անգամ կատարուեցին մեզ հետ մեր չար գործերի եւ մեղքերի պատճառով, բայց դու, Տէ՛ր, բազում անգամ ներեցիր մեր մեղքերը, 88եւ մեզ այսպիսի սերունդ ու արմատ տուեցիր, մինչդեռ մենք դարձեալ շեղուեցինք քո օրէնքից եւ խառնակուեցինք այս երկրի հեթանոսների հետ, 89բայց դու մեզ վրայ չբարկացար այն աստիճան, որ մեզնից այսպիսի սերունդ ու արմատ չմնար եւ ոչ էլ՝ մեր անունը։ 90Դու, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, արդար ես եւ ճշմարիտ, դու իսպառ չոչնչացրիր մեր սերունդը, եւ մեր սերունդն ու արմատը մնացին մինչեւ այսօր։ 91Արդ, ահաւասիկ մենք, մեր անօրէնութիւններով, կանգնած ենք քո առաջ եւ այլեւս չենք կարող կանգնել քո երեսի դէմ, որովհետեւ բազմացան մեր անօրէնութիւնները, եւ մեր չարիքները բարձրացան մեր գլուխներից էլ վեր»։
92Երբ Եզրասը աղօթում էր այս խոստովանութիւններով եւ սաստիկ ողբերով, նա երեսնիվայր ընկած էր գետնին, Տիրոջ տաճարի առջեւ։ Բոլորը, ովքեր կային Երուսաղէմում, հաւաքուեցին նրա մօտ, բազմամարդ մի ամբոխ՝ տղամարդիկ ու կանայք, երիտասարդներ ու կոյսեր. շատերը մեծապէս ողբում էին բազմութեան մէջ։ 93Այդ ժամանակ իսրայէլացիներից Իելուի որդի Յեքոնիան ձայն տուեց եւ ասաց Եզրասին. «Մենք մեղանչել ենք մեր Տէր Աստծու դէմ՝ կին ենք առել այս երկրի այլազգիներից. 94այժմ, այսօր էլ, անօրէնութիւնները մեր մէջ են. եկէ՛ք երդուենք Տիրոջ առաջ, դուրս հանենք եւ հեռացնենք այլազգիներից մեր առած կանանց իրենց զաւակների հետ, 95ինչպէս որ հրամայում է մեր Տէր Աստծու օրէնքը։ 96Շո՛ւտ, վե՛ր կաց, կատարի՛ր այդ գործը, քանզի քո ձեռքին են մեր բոլոր գործերը. մենք քեզ հետ ենք, եւ ինչ որ դու հրամայես, մենք կ’անենք»։
97Եզրասը վեր կացաւ, երդուել տուեց ցեղերի իշխաններին, քահանաներին, ղեւտացիներին եւ ամբողջ Իսրայէլին, որ վարուեն ըստ այդ վճռի։ Եւ նրանք երդուեցին։