Ա Հովհաննէս
2
ՔՐԻՍՏՈՍ ՄԵՐ ԲԱՐԵԽՕՍՆ Է
1Որդեակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպէսզի չմեղանչէք. իսկ եթէ մէկը մեղանչի, Աստծու առաջ բարեխօս ունենք Յիսուս Քրիստոսին՝ Արդարին եւ Անարատին. 2եւ նա՛ է քաւութիւնը մեր մեղքերի, եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ՝ ամբողջ աշխարհի։
3Եթէ նրա պատուիրանները պահենք, դրանով իսկ գիտենք, թէ ճանաչեցինք նրան։ 4Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատուիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մէջ ճշմարտութիւն չկայ։ 5Իսկ ով պահում է նրա խօսքը, Աստծու սէրը նրա մէջ ճշմարտապէս կատարեալ է. եւ սրանով ենք ճանաչում, որ Նրա մէջ ենք։ 6Ով ասում է, թէ ինքը Նրա մէջ է բնակւում, պարտաւոր է այնպէս ընթանալ, ինչպէս որ Նա էր ընթանում։
ՆՈՐ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ
7Սիրելինե՛ր, ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում ձեզ, այլ՝ հին պատուիրանը, որն ի սկզբանէ ունէիք։ Եւ հին պատուիրանը այն խօսքն է, որը լսեցիք։ 8Այսուհանդերձ նոր պատուիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մէջ եւ ձեր մէջ. քանի որ ահա խաւարն անցնում է, եւ ճշմարիտ լոյսն արդէն իսկ երեւում է։ 9Ով ասում է, թէ ինքը լոյսի մէջ է եւ ատում է իր եղբօրը, սուտ է եւ խաւարի մէջ է տակաւին։ 10Ով սիրում է իր եղբօրը, բնակւում է լոյսի մէջ, եւ նրա մէջ գայթակղութիւն չկայ։ 11Իսկ ով ատում է իր եղբօրը, խաւարի մէջ է, խաւարի մէջ է շրջում եւ չգիտէ, թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրել է նրա աչքերը։
ՉՍԻՐԵԼ ԱՇԽԱՐՀԸ
12Որդեակնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ ձեր մեղքերը ներուած են ձեզ նրա անուան սիրուն։ 13Հայրե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ։ Երիտասարդնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք յաղթեցիք չարին։ 14Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք Հօրը։ Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ուժեղ էք, եւ Աստծու խօսքը բնակւում է ձեր մէջ. եւ դուք յաղթեցիք չարին։ 15Մի՛ սիրէք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մէջ կայ։ 16Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից։ 17Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան։
ՆԵՌԸ՝ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԸ
18Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եւ ինչպէս լսել էք, Նեռը գալու է. բայց արդէն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։ 19Մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ, եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կը մնային։ Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, թէ նրանք ամէնքը մեզնից չեն։ 20Իսկ դուք օծում ունէք Սրբից եւ ամէն բան գիտէք։ 21Գրեցի ձեզ ոչ թէ որովհետեւ ճշմարտութիւնը չգիտէք, այլ որովհետեւ գիտէք այն. գիտէք նաեւ այն, որ ամենայն ստախօսութիւն ճշմարտութիւնից չէ։ 22Իսկ ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա, ով ուրանում է, թէ Յիսուսը Քրիստոսն է։ Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հօրը եւ Որդուն։ 23Ամէն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մէջ չունի նաեւ Հօրը։ Իսկ ով խոստովանում է Որդուն, նա իր մէջ ունի նաեւ Հօրը։ 24Ինչ որ դուք լսեցիք ի սկզբանէ, թող բնակուի ձեր մէջ. որովհետեւ, եթէ ձեր մէջ բնակուի այն, ինչ որ ի սկզբանէ լսեցիք, դո՛ւք եւս կը բնակուէք Որդու եւ Հօր մէջ։ 25Եւ այս է այն խոստումը, որը նա խոստացաւ մեզ, այն է՝ յաւիտենական կեանքը։
26Այս բանը գրեցի ձեզ, որպէսզի ոչ ոք ձեզ չմոլորեցնի։ 27Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, թող բնակուի ձեր մէջ. եւ կարիք չկայ, որ մէկը ձեզ ուսուցանի։ Այլ եղէ՛ք այնպէս, ինչպէս որ նրա օծումն ուսուցանում է ձեզ ամէն ինչի մասին, որ ճշմարիտ է եւ ոչ սուտ. եւ ինչպէս նա ուսուցանեց ձեզ, մնացէ՛ք նրա մէջ։
28Իսկ այժմ, որդեակնե՛ր, մնացէ՛ք նրա մէջ, որպէսզի, երբ նա յայտնուի, վստահութիւն ունենանք եւ նրա գալստեան ժամանակ նրանից չամաչենք. 29քանի որ դուք գիտէք, թէ նա արդար է, ապա իմացէ՛ք, որ ամէն ոք, որ արդարութիւն է անում, նրանից է ծնուած։