Երրորդ Թագավորաց գիրք

10

ՍԱԲԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ

()

1Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբաւի, Տիրոջ անուան ու Սողոմոնի իմաստնութեան մասին, եկաւ նրան փորձելու հանելուկներով։ 2Նա եկաւ շատ մեծ շքախմբով, խնկեր, շատ առատ ու թանկարժէք ակնեղէն բարձած ուղտերով։ Նա մտաւ Սողոմոնի մօտ եւ խօսեց այն ամենի մասին, որ կար իր սրտում։ 3Սողոմոնը մեկնում էր նրա բոլոր խօսքերը. չկար այնպիսի մի բան, որ արքան սխալուէր կամ չմեկնէր։ 4Կինը, տեսնելով Սողոմոնի ամբողջ իմաստնութիւնը, կառուցած տները, 5նրա խորտիկները, նրա ծառաների դասակարգութիւնը, պաշտօնեաների կարգապահութիւնն ու հանդերձանքը, նրա մատռուակներին ու Տիրոջը մատուցուող ողջակէզները, ապշեց։ 6Նա ասաց արքային. «Ինչ որ իմ երկրում լսել էի քո գործերի ու իմաստնութեան մասին, ճիշտ է։ 7Ես չէի հաւատում ինձ ասուած խօսքերին, մինչեւ որ անձամբ չեկայ եւ աչքերովս չտեսայ։ Քո իմաստնութեան եւ քո բարութեան համբաւի կէսն անգամ չեն պատմել ինձ իմ երկրում։ 8Երանելի են քո կանայք ու ծառաները, որ քո առջեւ կանգնած՝ ամէն օր լսում են քո ամբողջ իմաստնութիւնը։ 9Օրհնեալ լինի քո Աստուածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայէլի գահը։ Տէրն Իսրայէլը յաւիտեան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքայ դարձրել նրա վրայ, որ արդարամտութեամբ անես նրանց ատեաններում»։ 10Նա Սողոմոնին նուիրեց հարիւր քսան ոսկի, շատ առատ եւ թանկագին քարեր։ Ոչ մի անգամ այդքան շատ եւ անուշահոտ խունկ չստացուեց, ինչքան որ Սաբայի թագուհին էր նուիրել Սողոմոն արքային։

11Սոփերից ոսկով բարձուած Քիրամի նաւը բերեց նաեւ խիստ շատ անտառանիւթ եւ թանկագին քարեր։ 12Արքան անտառանիւթից Տիրոջ տան եւ արքունի տան համար մոյթեր պատրաստեց, իսկ երաժիշտների համար՝ քնարներ ու տաւիղներ։ Այդպիսի քանակութեամբ անտառանիւթ այդ երկիրն այլեւս չստացաւ, եւ մինչեւ օրս էլ այդպիսի փայտեր չեն երեւացել։

13Սողոմոն արքան Սաբայի թագուհուն տուեց ամէն ինչ, որ նա ուզեց ու խնդրեց, չհաշուած այն ամէնը, որ Սողոմոն արքան իր կամքով էր նուիրել։ Սաբայի թագուհին եւ նրա բոլոր ծառաները վերադարձան իրենց երկիրը։

ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՒՈՐԻ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

()

14Մէկ տարուայ ընթացքում Սողոմոնի ստացած ոսկին կշռում էր վեց հարիւր վաթսունվեց , 15չհաշուած հպատակներից, վաճառականների հասոյթից եւ գետի այն կողմում գտնուող բոլոր թագաւորներից ու երկրի կառավարիչներից ստացուած հարկերը։

16Սողոմոն արքան երեք հարիւր նիզակ պատրաստել տուեց կռածոյ ոսկուց՝ երեք հարիւր դահեկան ծախսելով մէկ նիզակի վրայ, 17եւ երեք հարիւր վահան կռածոյ ոսկուց՝ մէկ ու կէս կիլոգրամ կշռով ոսկի ծախսելով ամէն մի վահանի վրայ։

18Արքան դրանք զետեղեց Լիբանանի փայտից կառուցուած տանը։ Արքան փղոսկրէ մեծ գահ պատրաստել տուեց եւ այն պատեց մաքուր ոսկով։ 19Գահը վեց աստիճան ունէր, գահի թիկունքին եզան գլուխներ էին քանդակուած։ Գահաթոռի երկու կողմերին երկու յենաթեւ կար, եւ յենաթեւերի այս ու այն կողմից երկու առիւծներ կային։ 20Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առիւծներ կային։ Այսպիսի գահ չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ։

21Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաեւ լուացարանները, իսկ Լիբանանի փայտից կառուցուած տան ամբողջ ամանեղէնը ոսկեպատ էր։ Արծաթէ ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրօք արծաթը յարգի չէր։ 22Սողոմոն արքան Թարսիսի ծովում նաւ ունէր Քիրամի նաւերի հետ, եւ երեք տարին մէկ Թարսիսից մի նաւ էր գալիս՝ բեռնուած ոսկով, արծաթով, փղոսկրներով, կապիկներով ու սիրամարգերով։

23Սողոմոնն իր հարստութեամբ ու իմաստնութեամբ գերազանցեց աշխարհի բոլոր թագաւորներին, 24եւ աշխարհի բոլոր թագաւորները փափագում էին տեսնել նրա երեսը, լսել նրա իմաստնութիւնը, որը Տէրն էր դրել նրա սրտում։ 25Նրանցից իւրաքանչիւրն ամէն տարի բերում էր իր ընծան՝ արծաթէ, ոսկէ անօթներ, հանդերձներ, ու խնկեր, ձիեր ու ջորիներ։

26Սողոմոնը հաւաքեց ռազմակառքեր ու հեծեալներ։ Նա ունէր քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց տեղաւորեց ռազմակառքերի համար սահմանուած քաղաքներում, իսկ նրանք, որ արքայի համար էին սահմանուած՝ Երուսաղէմում։ Նա գետից մինչեւ այլազգիների եւ եգիպտացիների սահմանները իշխում էր բոլոր թագաւորների վրայ։ 27Արքան արծաթն ու ոսկին Երուսաղէմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղեւնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։ 28Սողոմոնի երիվարները բերւում էին Եգիպտոսից եւ Թեկուայից, որտեղից դրանք գնում էին նրա վաճառականները։ 29Արծաթ ռազմակառքեր էին բերում Եգիպտոսից։ Ամէն մի ձի հարիւր յիսուն արծաթ արժէր։ Այդ ապրանքները վաճառւում էին նաեւ Քետտիմի երկրի բոլոր թագաւորներին եւ ասորիների թագաւորներին ծովային ճանապարհով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն