Երրորդ Թագավորաց գիրք

12

ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ՑԵՂԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ

()

1Ռոբովամ արքան գնաց Սիկիմ, որովհետեւ ամբողջ Իսրայէլը եկել էր Սիկիմ նրան թագաւոր օծելու։ 2Երբ դա լսեց Նաբատի որդի Յերոբովամը, որը տակաւին Եգիպտոսում էր արքայից փախչելուց ի վեր, Եգիպտոսից վերադարձաւ ։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ 3Յերոբովամը եւ հաւաքուած բոլոր իսրայէլացիները եկան ու խօսելով Ռոբովամ արքայի հետ՝ ասացին. 4«Քո հայրը ծանր լուծ էր դրել մեզ վրայ։ Արդ, դու թեթեւացրո՛ւ քո հօր սահմանած խիստ ծառայութիւնն ու մեզ վրայ դրած ծանր լուծը, որ մենք ծառայենք քեզ»։ 5Ռոբովամն ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ երեք օրից դարձեալ եկէ՛ք ինձ մօտ»։ Նրանք գնացին։

6Ռոբովամ արքան խորհրդակցեց ծերերի հետ, որոնք շրջապատում էին իր Սողոմոնին նրա կենդանութեան օրօք, եւ ասաց. «Ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին»։ 7Նրան ասացին. «Եթէ դու այսօր ժողովրդին ծառայութիւն մատուցես, զիջող լինես, ընդառաջես եւ խօսքեր ասես, նրանք ընդմիշտ կը ծառայեն քեզ»։ 8Ռոբովամը, սակայն, մերժեց ծերերի տուած խորհուրդը եւ խորհրդակցեց իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդների հետ՝ 9ասելով. «Ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին, որ խօսեց ինձ հետ ու ասաց. “Թեթեւացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեզ վրայ”»։ 10Իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդներն ասացին. «Այսպէս կ’ասես այն մարդկանց, որ քեզ հետ խօսելով ասել են. “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու թեթեւացրո՛ւ այն մեր վրայից”։ Այսպէս ասա՛ նրանց. 11“Իմ ճկոյթը հօրս մէջքից հաստ է։ Արդ, եթէ իմ հայրը ձեզ վրայ ծանր լուծ էր դրել, ապա ես կ’աւելացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր ծեծով, իսկ ես կարիճներով կը խրատեմ ձեզ”»։

12Երրորդ օրն ամբողջ Իսրայէլը եկաւ Ռոբովամ արքայի մօտ, ինչպէս արքան ասել էր նրանց. «Վերադարձէ՛ք ինձ մօտ երրորդ օրը»։ 13Արքան խստութեամբ պատասխան տուեց ժողովրդին եւ, մերժելով ծերերի տուած խորհուրդը, 14Ռոբովամը նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների տուած խորհրդի՝ ասելով. «Եթէ իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրայ, ապա ես կ’աւելացնեմ ձեր լուծը։ Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։ 15Թագաւորը չլսեց ժողովրդին, որովհետեւ Տէրն էր խոտորել նրան, որպէսզի Տէրը հաստատի իր այն խօսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Յերոբովամի վերաբերեալ։

16Երբ ամբողջ Իսրայէլը տեսաւ, որ արքան չլսեց իրեն, պատասխան տուեց ժողովուրդն արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դաւթի հետ։ Մենք Յեսսէի որդու հետ էլ ժառանգութիւն չունենք։ Իսրայէ՛լ, գնա՛ քո վրանները, դու ի՛նքդ հոգա Դաւթի տան հոգսերը»։ 17Իսրայէլացիները գնացին իրենց վրանները, իսկ Յուդայի երկրի քաղաքներում բնակուող իսրայէլացիների վրայ թագաւորեց Ռոբովամը։

18Ռոբովամ արքան հարկահաւաքների պետ Ադոնիրամին ուղարկեց հարկ հաւաքելու, բայց ամբողջ Իսրայէլը քարկոծելով սպանեց նրան, իսկ Ռոբովամ արքան շտապեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղէմ։ 19Այսպիսով Իսրայէլը ապստամբեց Դաւթի տան դէմ։ Եւ այդպէս է մինչեւ այսօր։

20Երբ ամբողջ Իսրայէլը լսեց, թէ Յերոբովամը վերադարձել է, մարդ ուղարկեցին, նրան ժողովի կանչեցին ու թագաւոր օծեցին Իսրայէլի վրայ։ Ոչ ոք չյարեց Դաւթի տանը, բացի Յուդայի ու Բենիամինի ցեղերից։ 21Ռոբովամը մտաւ Երուսաղէմ եւ զօրահաւաք արեց Յուդայի տնից ու Բենիամինի ցեղից։ Հարիւր ութսուն հազար երիտասարդ պատերազմողներ ելան Իսրայէլի տան դէմ, որպէսզի թագաւորութիւնը վերադարձնեն Սողոմոնի որդի Ռոբովամին։

ՍԱՄԵԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

()

22Տէրը խօսեց Աստծու մարդ Սամեայի հետ՝ ասելով. 23«Խօսի՛ր Յուդայի երկրի արքայ Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի ու Բենիամինի ամբողջ տան եւ մնացած մարդկանց հետ ու նրանց ասա՛. 24“Այսպէս է ասում Տէրը. մի՛ ելէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների՝ իսրայէլացիների դէմ, եւ թող իւրաքանչիւրը վերադառնայ իր տունը, քանզի ինձնից եղաւ այդ բանը”»։ Նրանք լսեցին Տիրոջ խօսքը եւ, անսալով Տիրոջը, յետ դարձան։

ՅԵՐՈԲՈՎԱՄԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՑ

25Յերոբովամը Եփրեմի լերան վրայ կառուցեց Սիկիմը եւ այնտեղ էր բնակւում։ Այնուհետեւ այնտեղից ելաւ ու շինեց Փանուէլը։ 26Յերոբովամն ասաց իր մտքում. «Իմ թագաւորութիւնը նորից կը վերադառնայ Դաւթի , 27եթէ այս մարդիկ գնան ու մատուցեն Երուսաղէմում, Տիրոջ տանը։ Այն ժամանակ այս մարդկանց միտքը կը հակուի դէպի Տէրն ու իրենց տէրը՝ Յուդայի երկրի արքայ Ռոբովամը, ինձ կը սպանեն ու կ’անցնեն Յուդայի երկրի արքայ Ռոբովամի կողմը»։ 28Արքան խորհեց ու երկու ոսկէ հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բաւական է մինչեւ Երուսաղէմ գնաք։ Ահա քո աստուածները, ո՜վ , որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտացիների երկրից»։ 29Նա կուռքերից մէկը դրեց Դանում, իսկ միւսը՝ Բեթէլում։ 30Այսպիսով գործուեց, որովհետեւ ժողովուրդը գնում էր մինչեւ Դան՝ հորթերից մէկին երկրպագելու։ 31Նա բարձունքների վրայ կառուցեց նաեւ մեհեաններ եւ Ղեւիի ցեղին չպատկանող մարդկանց քրմեր դարձրեց։

ԲԵԹԷԼԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԴԱՏԱՊԱՐՏՒՈՒՄ Է

32Յերոբովամը տօն կատարեց, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը տօնական օր սահմանեց, ինչպէս Յուդայի երկրում էր, եւ Բեթէլում պատրաստած իր ոսկէ հորթերի համար զոհեր մատուցեց։ Նա Բեթէլում կառուցած մեհեանում քրմեր նշանակեց, 33Բեթէլում, ութերորդ ամսի տասնհինգերորդ օրը սահմանած տօնին՝ զոհասեղանի վրայ զոհեր մատուցեց իսրայէլացիների համար։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն