Երրորդ Թագավորաց գիրք

14

ՅԵՐՈԲՈՎԱՄԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

1Այն ժամանակ հիւանդացաւ Յերոբովամի որդի Աբիան, 2եւ Յերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանափոխուի՛ր, որ չիմանան, թէ դու Յերոբովամի կինն ես, եւ գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարէն։ Նա գուշակել է, թէ ես պիտի թագաւորեմ այս ժողովրդի վրայ։ 3Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մօտ, եւ նա քեզ պիտի յայտնի, թէ ինչ կը պատահի մանկանը»։ 4Յերոբովամի կինն այդպէս էլ արեց. նա վեր կացաւ գնաց Սելով, մտաւ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողութիւնը վատացել էր, ծերութեան պատճառով աչքերը չէին տեսնում։

5Տէրն ասաց Աքիային. «Յերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիւանդ որդու մասին, իսկ դու այսպէս եւ այսպէս կ’ասես նրան»։ 6Երբ կինը ներս մտաւ, արդէն կերպարանափոխուած էր։ Երբ Աքիան դռան բացուելուց եւ ներս մտնելուց յետոյ լսեց նրա ոտնաձայնը, ասաց. «Մտի՛ր, Յերոբովամի՛ , ինչո՞ւ ես կերպարանափոխուել։ Ես ուղարկուած եմ, որ քեզ դաժան բան ասեմ։ 7Գնա՛ եւ ասա՛ Յերոբովամին. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ առաջնորդ դրեցի, 8ես թագաւորութիւնը խլեցի Դաւթի տնից ու քեզ յանձնեցի, սակայն դու չեղար իմ ծառայ Դաւթի նման, որը պահում էր իմ պատուիրանները եւ իր ամբողջ սրտով հետեւում էր ինձ, որպէսզի իմ աչքին հաճելի երեւացածն անի։ 9Դու աւելի շատ չարութիւն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստուածներ ու ձուլածոյ կուռքեր պատրաստել տուեցիր, որպէսզի ինձ բարկացնես, իսկ ինձ մոռացութեան տուեցիր։ 10Դրա համար Յերոբովամի տան վրայ չարիք պիտի բերեմ, Յերոբովամի տնից մինչեւ վերջ պիտի բնաջնջեմ բոլոր նրանց, ովքեր միզում են պատին, Իսրայէլի մէջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Յերոբովամի տունը պիտի աւլեմ այնպէս, ինչպէս աղբն են աւլում, մինչեւ որ իսպառ ոչնչացնեմ այն։ 11Յերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն”։ Ահա Տէրն է այսպէս ասել։ 12Իսկ դու վեր կաց գնա՛ քո տունը, եւ երբ քո ոտքերը մտնեն, երեխան կը մեռնի, 13եւ ամբողջ Իսրայէլը կ’ողբայ ու կը թաղի նրան։ Յերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կը մտնի գերեզման, քանի որ Իսրայէլի Տէր Աստուածը Յերոբովամի տանը միայն նրա՛ մէջ տեսաւ մի բան։ 14Տէրը իր համար մի թագաւոր պիտի հանի Իսրայէլի դէմ, որը այսօր իսկ բնաջինջ պիտի անի Յերոբովամի տունը։ 15Եւ արդ, ի՞նչ մնաց։ Տէրը պիտի հարուածի Իսրայէլին, եւ նա պիտի նմանուի ջրի մէջ շարժուող եղէգի։ Նա իսրայէլացիներին պիտի հեռացնի այս լաւ երկրից, որ տուել էր նրանց հայրերին։ Նրանց գետի միւս կողմը պիտի քշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար կուռքեր շինեցին, որպէսզի բարկացնեն Տիրոջը։ 16Տէրը կորստեան պիտի մատնի Իսրայէլին Յերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց եւ Իսրայէլին էլ մեղանչել տուեց»։ 17Յերոբովամի կինը վեր կացաւ ու գնաց Սարիրա։ Նա հազիւ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռաւ, 18եւ ամբողջ Իսրայէլը ողբաց նրան ու թաղեց, ինչպէս որ Տէրն էր նախօրօք յայտնել իր ծառայ Աքիա մարգարէի միջոցով։

ՅԵՐՈԲՈՎԱՄԻ ՄԱՀԸ

19Յերոբովամի մնացած գործերի մասին, թէ նա ինչ պատերազմներ մղեց, որքան ժամանակ թագաւորեց, գրուած է Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 20Յերոբովամը թագաւորեց քսաներկու տարի եւ գնաց իր նախնիների գիրկը։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Նաբադը։

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՌՈԲՈՎԱՄ ԹԱԳԱՒՈՐԸ

()

21Սողոմոնի որդի Ռոբովամը թագաւորեց Յուդայի երկրի վրայ։ Քառասունմէկ տարեկան էր Ռոբովամը, երբ թագաւոր օծուեց, եւ տասնեօթը տարի թագաւորեց քաղաքում, որը Տէրն ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող վայրերի միջից, որպէսզի իր անունն այնտեղ յայտնի դարձնի։ Նրա ամոնացի մօր անունն էր Նաամա։ 22Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանուեց իր նախնիներին՝ ընթացաւ նրանց գործած մեղքերի ճանապարհով։ 23Նրանք իրենց համար մեհեաններ ու կուռքեր շինեցին ամէն բարձր բլրի վրայ եւ ամէն տերեւաշատ ծառի տակ։ 24Նրանք խոտորուեցին այդ երկրի այն ազգերի նման, որոնք գարշելի բաներ էին անում, եւ որոնց քշել էր Տէրը իսրայէլացիների առջեւից։

25Այն տարում, երբ Ռոբովամը թագաւոր օծուեց, Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ, 26վերցրեց Տիրոջ տան, ինչպէս նաեւ արքայի տան բոլոր գանձերը, ոսկէ նիզակները, որոնք Դաւիթը աւար էր վերցրել Սուբայի արքայ Ադրաազարի ձեռքից։ Նա տարաւ ամէն ինչ, որ Դաւիթը վերցրել էր որպէս աւար ու տարել Երուսաղէմ։ Աւար վերցրեց նաեւ ոսկէ , որ պատրաստել էր Սողոմոնը։ 27Ռոբովամ արքան դրանց փոխարէն պղնձէ վահաններ շինեց եւ դրանք յանձնեց պահակազօրքի զօրագլուխներին, որոնք պահպանում էին արքայի տունը։ 28Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, պահակազօրքը օգտագործում էր դրանք ու յետոյ կախում զինարանում։ 29Ռոբովամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

30Ռոբովամն ու Յերոբովամը միշտ պատերազմի մէջ էին։ 31Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա ամոնացի մօր անունը Նաամա էր։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Աբիուն։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն