Երրորդ Թագավորաց գիրք
15
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱԲԻՈՒ ԹԱԳԱՒՈՐԸ
()
1Նաբատի որդի Յերոբովամի թագաւորութեան տասնութերորդ տարում Յուդայի երկրի վրայ թագաւորեց Ռոբովամի որդի Աբիուն։ 2Նա երեք տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։ 3Նա գնաց նախկինում Տիրոջ առաջ իր հօր գործած բոլոր մեղքերի ճանապարհով, նրա սիրտն ուղիղ չէր իր Տէր Աստծու առջեւ, ինչպէս մաքուր էր իր հայր Դաւթի սիրտը։ 4Տէր Աստուածը, սակայն, յանուն Դաւթի նկատմամբ ունեցած իր սիրոյ, Երուսաղէմում թողել էր մի ժառանգ, որպէսզի նրանից յետոյ նրա որդիները գոյատեւեն նրա միջոցով, ու կանգուն պահի Երուսաղէմը, 5քանի որ Դաւիթն իր ամբողջ կեանքի ընթացքում ուղիղ էր ընթացել Տիրոջ առջեւ, չէր շեղուել այն ուղուց, որ պատուիրել էին իրեն, բացի քետացի Ուրիայի հետ կատարուած դէպքից։ 6Իրենց կենդանութեան բոլոր օրերում Աբիուն ու Յերոբովամը իրար դէմ պատերազմ էին մղում։ 7Աբիուի մնացած գործերն ու նրա արարքները չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ Պատերազմ էր մղւում Աբիուի ու Յերոբովամի միջեւ։
8Աբիուն գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ասան։
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՍԱ ԹԱԳԱՒՈՐԸ
()
9Իսրայէլի արքայ Յերոբովամի թագաւորութեան քսաներորդ տարում Ասան թագաւորեց Յուդայի երկրի վրայ։ 10Նա քառասունմէկ տարի իշխեց Երուսաղէմում։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։ 11Ասան իր նախնի Դաւթի նման ուղիղ ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, 12երկրից վերացրեց սոդոմական մեղքը, ջնջեց ամէն տեսակ մոլորութիւնները, որ գործել էին իր նախորդները։ 13Նա իր մայր Մաաքային զրկեց «Մեծ տիկին» կոչումից, քանզի նա իր մեհեանում ծէս էր կատարել։ Ասան կործանեց նրա կուռքերը եւ դրանք հրով այրեց Կեդրոնի հեղեղատի մօտ։ 14Թէեւ մեհեանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կեանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։ 15Նա բերեց իր հօր սիւները, նաեւ իրեն պատկանող արծաթէ ու ոսկէ սիւներն ու անօթները եւ դրեց Տիրոջ տանը։
16Իրենց կենդանութեան բոլոր օրերում Ասան ու Իսրայէլի արքայ Բաասան իրար դէմ պատերազմ էին մղում։ 17Իսրայէլի արքայ Բաասը յարձակուեց Յուդայի երկրի վրայ եւ կառուցեց Ռաման, որ որեւէ մէկը ելումուտ չունենայ Յուդայի արքայ Ասայի երկիրը։ 18Ասան վերցրեց Տիրոջ տան գանձարանում եւ թագաւորական տան գանձարանում եղած ամբողջ արծաթն ու ոսկին, տուեց իր ծառաների ձեռքը, որ դրանք տանեն Դամասկոսում բնակուող ասորիների արքայ Ազայէլի որդի Աբենրայիմի որդի Ադերի որդուն՝ ասելով. 19«Դաշինք թող կնքուի իմ ու քո միջեւ, ինչպէս որ եղել է իմ հօր ու քո հօր միջեւ։ Ահաւասիկ քեզ ընծայ եմ ուղարկում արծաթ ու ոսկի, որպէսզի քանդես քո եւ Իսրայէլի արքայ Բաասի միջեւ եղած դաշինքը, եւ նա հեռանայ ինձնից»։ 20Ադերի որդին լսեց Ասա արքային, իր իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների դէմ, հարուածեց Այինը, Դանը, Աբէլ Բեթմաաքան եւ ամբողջ Քեներեթը մինչեւ Նեփթաղիմի ամբողջ երկիրը։ 21Երբ Բաասան լսեց այդ, ընդհատեց Ռամայի շինութիւնը եւ վերադարձաւ Թերսա։ 22Ասա արքան Յուդայի երկրի բոլոր մարդկանց, որոնք Ենակիմում էին, հրամայեց, որ հանեն բերեն Ռամայի քարերն ու փայտերը, որ Բաասան օգտագործում էր շինութեան համար։ Ասա արքան դրանցով կառուցապատեց Բենիամինի ամբողջ բլուրը եւ դիտանոցը։ 23Ասայի մնացած գործերը, նրա զօրութիւնը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նաեւ իր կառուցած քաղաքը, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ Այդտեղ չի ասուած միայն այն մասին, որ Ասայի ծերութեան օրերին նրա ոտքերը ցաւեցին։
24Ասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսափատը։
ՆԱԲԱՏԸ ԻՍՐԱՅԷԼԻ ԹԱԳԱՒՈՐ
25Յերոբովամի որդի Նաբատը Իսրայէլում թագաւորեց Յուդայի արքայ Ասայի թագաւորութեան երկրորդ տարում։ Նա Իսրայէլում թագաւորեց երկու տարի։ 26Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, ընթացաւ իր հօր գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով էլ Իսրայէլը մեղքի մէջ գցեց։ 27Նրա դէմ դաւ նիւթեց Աքիայի որդի Բաասան, որն Իսաքարի տան վրայ էր իշխում։ Բաասան նրան սպանեց այլազգիների բնակավայրում, իսկ Նաբատն ու ամբողջ Իսրայէլը պաշարել էին Գաբաթոնը։ 28Բաասան նրան սպանեց Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան երկրորդ տարում, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց։ 29Երբ թագաւոր դարձաւ, կոտորեց Յերոբովամի ամբողջ տունը եւ Յերոբովամի տնից ոչ մի մարդու կենդանի չթողեց, բոլորին բնաջնջեց, ինչպէս Տէրն էր ասել իր ծառայ սիլոնացի Աքիայի միջոցով, 30որովհետեւ Յերոբովամն ինքը շատ մեղքեր էր գործել եւ Իսրայէլին էլ մեղքերի մէջ էր գցել ու դրանով զայրացրել էր Իսրայէլի Տէր Աստծուն։
31Նաբատի մնացած գործերն ու այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 32Իրենց կենդանութեան բոլոր օրերում Ասան ու Իսրայէլի արքայ Նաբատը իրար դէմ պատերազմ էին մղում։
ԻՍՐԱՅԷԼԻ ԲԱԱՍԱ ԹԱԳԱՒՈՐԸ
33Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան երրորդ տարում ամբողջ Իսրայէլի վրայ թագաւորեց Աքիայի որդի Բաասան։ Նա քսանչորս տարի թագաւորեց Թերսայում։ 34Նա չար գործեր արեց Տիրոջ առաջ, գնաց Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով Իսրայէլն էլ մեղքերի մէջ գցեց։
Էջմիածին · HYEJB1994