Երրորդ Թագավորաց գիրք

16

1Տէրը Անանիայի որդի Յէուի միջոցով խօսքն ուղղելով Բաասային՝ ասաց. 2«Թէեւ ես քեզ երկրի փոշուց բարձրացրի եւ իմ Իսրայէլին առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Յերոբովամի ճանապարհով եւ Իսրայէլի իմ ժողովրդին մեղանչել տուեցիր, որ նրանց կուռքերով ինձ բարկացնես։ 3Դրա համար ես եմ յարուցելու Բաասայի ու նրա տան դէմ եւ քո տունը Նաբատի որդի Յերոբովամի տան նման եմ դարձնելու։ 4Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն»։ 5Բաասայի մնացած գործերը, նրա քաջագործութիւններն ու այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 6Բաասան գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Թերսայում։ Ասա արքայի թագաւորութեան քսաներորդ տարում նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ելան։ 7Արդէն ասել ենք, թէ Տէրը Անանիայի որդի Յէու մարգարէի միջոցով խօսել էր Բաասայի, նրա տան եւ այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թէ ինչպէս նա իր կատարած գործերով բարկացրել էր նրան, եւ Տէրը պատուհասել էր նրան այնպէս, ինչպէս Յերոբովամին։

ԻՍՐԱՅԷԼԻ ԵԼԱ ԹԱԳԱՒՈՐԸ

8Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայէլի վրայ երկու տարի թագաւորեց Բաասայի որդի Ելան։ 9Նրա ծառայ Զամբրին՝ հեծելազօրի կէս մասի հրամանատարը, ըմբոստացաւ նրա դէմ, երբ նա Թերսայում հանդերձարանի պետ Արսայի տանը խմել հարբել էր։ 10Զամբրին Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում խփեց սպանեց նրան եւ նրա փոխարէն թագաւոր դարձաւ։ 11Երբ նա թագաւորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձաւորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց պատին միզող ոչ մէկին։ 12Զամբրին Բաասայի ամբողջ տոհմը բնաջնջեց, ինչպէս որ Տէրը Յէու մարգարէի միջոցով յայտնել էր Բաասայի տան մասին։ 13Այս բոլորը եղան Բաասայի բոլոր մեղքերի, նրա որդի Ելայի մեղքերի պատճառով, քանի որ նրանք մեղանչել էին տուել Իսրայէլին՝ բարկացնելով Իսրայէլի Տէր Աստծուն իրենց կուռքերով։

14Ելայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

ԻՍՐԱՅԷԼԻ ԶԱՄԲՐԻ ԹԱԳԱՒՈՐԸ

15Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում Զամբրին Թերսայում թագաւորեց եօթը օր։ Այդ ժամանակ Իսրայէլի զօրքը բանակատեղի էր դրել այլազգիների Գաբաթոն բնակավայրում։ 16Երբ բանակատեղիում գտնուող ժողովուրդը լսեց, որ Զամբրին զօրք է հաւաքել ու սպանել արքային, ապա նոյն օրը զօրահրամանատար Ամրիին թագաւոր դարձրեց Իսրայէլի վրայ բանակատեղիում։ 17Ամրին բոլոր իսրայէլացիների հետ գնաց Գաբաթոնից ու եկաւ պաշարեց Թերսան։ 18Երբ Զամբրին տեսաւ, որ քաղաքը շուտով գրաւելու են, մտաւ արքունի սենեակներից մէկը եւ արքունի տունը հրի մատնեց։ 19Նա մեռաւ Տիրոջ առաջ իր գործած մեղքերի համար, քանզի գնացել էր Նաբատի որդի Յերոբովամի գործած մեղքերի ճանապարհով եւ դրանցով էլ Իսրայէլը մեղքի մէջ գցել։

20Զամբրիի մնացած գործերն ու նիւթած դաւադրութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

ԻՍՐԱՅԷԼԻ ԱՄՐԻ ԹԱԳԱՒՈՐԸ

21Այն ժամանակ Իսրայէլի ժողովուրդը երկուսի բաժանուեց. ժողովրդի կէսը յարեց Գոնաթի որդի Թամնիին, որպէսզի նրան թագաւոր դարձնի, իսկ ժողովրդի միւս կէսը յարեց Ամրիին։ 22Յաղթեցին Ամրիի հետեւորդները, իսկ Գոնաթի որդի Թամնիին յարող ժողովուրդը պարտութիւն կրեց։ Այն ժամանակ մեռան Թամնին ու նրա Յորամը, եւ Թամնիից յետոյ թագաւորեց Ամրին։ 23Յուդայի երկրի Ասա արքայի թագաւորութեան երեսունմէկերորդ տարում Ամրին թագաւորեց Իսրայէլի վրայ եւ իշխեց տասներկու տարի։ Նա Թերսայում թագաւորեց վեց տարի։ 24Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից գնեց երկու տաղանդ , լեռը շէնացրեց եւ շէնացրած այդ լեռը նախկին տիրոջ՝ Սամերի անունով կոչեց Սեմերոն։

25Ամրին Տիրոջ առջեւ չարիք գործեց, բոլոր իրենից առաջ եղածներից աւելի չարութիւն գործեց, 26գնաց Նաբատի որդի Յերոբովամի ընթացած բոլոր ճանապարհներով, գործեց այն մեղքերը, որով մեղանչել տուեց Իսրայէլին եւ իր կուռքերով բարկացրեց Իսրայէլի Տէր Աստծուն։ 27Ամրիի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

28Ամրին գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց Սամարիայում, եւ իր փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքաաբը։

ԻՍՐԱՅԷԼԻ ԱՔԱԱԲ ԹԱԳԱՒՈՐԸ

29Ամրիի որդի Աքաաբը թագաւորեց Իսրայէլի վրայ։ Յուդայի երկրի արքայ Ասայի թագաւորութեան երեսունութերորդ տարում Ամրիի որդի Աքաաբը թագաւորեց Իսրայէլի վրայ։ Նա քսաներկու տարի թագաւորեց Սամարիայում։ 30Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջեւ առաւել չար գտնուեց, քան իր բոլոր նախորդները։ 31Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Յերոբովամի նոյն մեղքերը, նա առաւ սիդոնացիների արքայ Յոբաղի դուստր Յեզաբէլին եւ գնաց ու պաշտեց Բահաղին, 32երկրպագեց նրան եւ Սամարիայում կառուցած գարշելի կուռքերի տանը Բահաղի համար զոհասեղան կանգնեցրեց։ 33Աքաաբը կանգնեցրեց եւ իր գործերով առաւել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորները։ 34Նրա օրօք բեթէլացի Աքիէլը կառուցեց Երիքովը, իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրա հիմքերը դրեց, իսկ կրտսեր որդի Սեգուբի հետ դրա դարպասները կանգնեցրեց, համաձայն Տիրոջ խօսքի, որ ասուեց Նաւէի որդի Յեսուի բերանով։

Էջմիածին · HYEJB1994