Երրորդ Թագավորաց գիրք
18
ԵՂԻԱՆ ՅԱՅՏՆՈՒՄ Է ԵՐԱՇՏԻ ՎԵՐՋԸ
1Որոշ ժամանակ անցնելուց յետոյ, երրորդ տարում, Եղիային հասաւ Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Գնա՛ ու երեւացի՛ր Աքաաբին, իսկ ես անձրեւ կը տեղացնեմ երկրի վրայ»։ 2Եղիան գնաց Աքաաբին ներկայանալու, իսկ Սամարիայում սաստիկ սով էր։ 3Աքաաբը կանչեց իր հազարապետ Աբդիուին։ Աբդիուն սաստիկ երկիւղ էր կրում Տիրոջից. 4երբ Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, Աբդիուն հարիւր մարգարէի տարաւ եւ նրանց յիսուն-յիսուն թաքցրեց քարայրներում եւ կերակրեց նրանց հացով ու ջրով։ 5Արքան ասաց Աբդիուին. «Ե՛կ շրջենք այս երկրում, փնտռենք ու գտնենք բոլոր աղբիւրներն ու հեղեղատները, թերեւս խոտ գտնենք ու կերակրենք ձիերին ու ջորիներին, որպէսզի անասունները չսատկեն»։ 6Նրանք իրենց միջեւ բաժանեցին շրջելու ենթակայ տեղերը։ Աքաաբը մի ճանապարհով գնաց առանձին, իսկ Աբդիուն մի այլ ճանապարհով՝ առանձին։
7Երբ Աբդիուն ճանապարհին էր, Եղիան նրան ընդառաջ ելաւ միայնակ։ Աբդիուն անմիջապէս ընկաւ երեսի վրայ ու ասաց. «Մի՞թէ դու ես, տէ՛ր իմ Եղիա»։ 8Եղիան ասաց. «Ես եմ։ Գնա ասա՛ քո տիրոջը. “Ահա Եղիան”»։ 9Աբդիուն ասաց. «Ի՞նչ մեղք եմ գործել, որ քո ծառային մատնում ես Աքաաբի ձեռքը, որպէսզի սպանի ինձ։ 10Կենդանի է քո Տէր Աստուածը. չկայ ազգ կամ թագաւորութիւն, ուր իմ տէրը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, սակայն երբ ասում էին, թէ՝ “Չկայ”, նա այրել էր տալիս այն թագաւորութիւնը կամ այն երկիրը, որտեղ քեզ չէր գտնում։ 11Արդ, ինձ ասում ես, թէ՝ “Գնա՛ ու պատմի՛ր քո տիրոջը, թէ՝ ՛՛Ահա այստեղ է Եղիան՛՛”։ 12Եթէ ես քո մօտից գնամ, եւ Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ յայտնեմ Աքաաբին, եւ նա չգտնի քեզ, ապա ինձ կը սպանի։ 13Չէ՞ որ քո ծառան մանկութիւնից ի վեր երկիւղ է կրում Տիրոջից։ Մի՞թէ չեն պատմել իմ տիրոջը, որ, երբ Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, ես Տիրոջ մարգարէներից հարիւր հոգի՝ յիսուն-յիսուն թաքցրել եմ տարբեր քարայրներում, նրանց կերակրել հացով ու ջրով։ 14Եւ հիմա ասում ես ինձ՝ “Գնա ասա՛ քո տիրոջը, թէ՝ ՛՛Ահա այստեղ է Եղիան՛՛”, որ նա էլ ինձ սպանի»։ 15Եղիան, սակայն, ասաց. «Կենդանի է զօրութիւնների Տէրը, որի առջեւ կանգնած եմ. ես այսօր երեւալու եմ Աքաաբին»։
ԵՂԻԱՆ ԱՔԱԱԲԻ ԱՌԱՋ
16Աբդիուն գնաց Աքաաբի մօտ ու նրան պատմեց կատարուածը։ Աքաաբը վեր կացաւ ու գնաց Եղիային դիմաւորելու։ 17Երբ Աքաաբը տեսաւ Եղիային, ասաց. «Այդ դո՞ւ ես Իսրայէլը տակնուվրայ անողը»։ 18Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայէլը տակնուվրայ անողը, այլ՝ դու եւ քո հօր տունը, որ, լքելով ձեր Տէր Աստծուն, գնացել էք Բահաղիմին յարողների յետեւից։ 19Արդ, մա՛րդ ուղարկիր եւ ինձ մօտ, Կարմելոս լերան վրայ հաւաքի՛ր ամբողջ Իսրայէլին, Բահաղի չորս հարիւր յիսուն մարգարէներին եւ չորս հարիւր յիսուն ամօթի՝ Աստարտի մարգարէներին եւ մեհեանների չորս հարիւր կռապաշտ մարգարէներին, որոնք սնվում են Յեզաբէլ թագուհու սեղանից։
ԵՂԻԱՆ ԵՒ ԲԱՀԱՂԻ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԸ
ԿԱՐՄԵԼՈՍ ԼԵՐԱՆ ՎՐԱՅ
20Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայէլի չորս կողմերը եւ մարգարէներին հաւաքեց Կարմելոս լերան վրայ։ 21Եղիան մօտենալով ամբողջ ժողովրդին՝ ասաց. «Մինչեւ ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթէ Տէրը Աստուած է, գնացէ՛ք նրա յետեւից, եւ եթէ Բահաղն է, նրա՛ յետեւից գնացէք»։ Ժողովուրդը պատասխան չտուեց։ 22Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարէ, Բահաղի մարգարէները չորս հարիւր յիսուն հոգի են, մեհեանների կռապաշտ մարգարէները՝ չորս հարիւր։ 23Արդ, թող մեզ երկու եզ տան, նրանք թող իրենց համար ընտրեն մէկին, կտրատեն այն ու դնեն փայտերի վրայ, սակայն կրակ թող չվառեն։ Ես էլ նոյնն անեմ միւս եզան. դնեմ փայտերի վրայ եւ կրակ չվառեմ։ 24Դրանից յետոյ դուք դիմեցէ՛ք ձեր աստուածներին, իսկ ես՝ իմ Տէր Աստծուն։ Այն աստուածը, որ հրով կը պատասխանի, նա՛ է Աստուածը»։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ասելով. «Ճիշտ խօսք ասացիր»։ 25Եղիան ասաց ամօթի՝ Աստարտի մարգարէներին. «Ընտրեցէ՛ք ձեզ համար մի զուարակ եւ առաջինը դուք սկսեցէ՛ք, քանի որ բազմամարդ էք։ Տուէ՛ք ձեր աստուածների անունը, սակայն կրակ մի՛ վառէք»։ 26Նրանք առան իրենց տրուած զուարակը եւ այդպէս արեցին. նրանք առաւօտից մինչեւ կէսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»։ Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան։ Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը։ 27Երբ կէսօր եղաւ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեցէք, չէ՞ որ աստուած է, թերեւս զբաղուած է, կամ գործ է կատարում, կամ գուցէ քնած է եւ զարթնի»։ 28Նրանք բարձրաձայն կանչում էին եւ, ըստ իրենց օրէնքի, սրերով ու գեղարդներով իրենք իրենց կտրատում էին, մինչեւ որ արիւն հոսեց նրանց մարմնից։ 29Երբ երեկոն մօտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչեւ զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ խօսեց թեզբացի Եղիան գարշելի կուռքերի մարգարէների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեցէք, հիմա ես եմ իմ ողջակէզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։
30Եղիան ասաց ժողովրդին. «Մօտեցէ՛ք ինձ»։ Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ նրան։ 31Նա նորոգեց Տիրոջ կործանուած զոհասեղանը, առաւ տասներկու քար ըստ Իսրայէլի ցեղերի թուի, ինչպէս Տէրն ասել էր նրան՝ «Իսրայէ՛լ թող լինի քո անունը»։ 32Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիւ սերմ տանել, 33ապա փայտ դիզեց զոհասեղանի վրայ, կտրատեց զուարակը, դրա կտրատուած մասերը դասաւորեց զոհասեղանին դրուած փայտերի վրայ։ 34Նա ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերէք եւ թափեցէ՛ք ողջակէզի ու ջարդուած փայտերի վրայ»։ Ապա ասաց. «Դարձեա՛լ արէք»։ Նրանք նոյն բանը կրկին արեցին։ Եղիան ասաց. «Երրո՛րդ անգամ էլ արէք»։ Նրանք երրորդ անգամ էլ արեցին։ 35Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, եւ փոսը լցուեց ջրով։
36Զոհի մատուցման ժամին Եղիան երկինք աղաղակելով՝ ասաց. «Աբրահամի, Իսահակի ու Իսրայէլի Տէ՛ր Աստուած, թող այսօր համոզուեն, թէ դու ես Իսրայէլի Տէր Աստուածը, եւ ես քո ծառան եմ։ Ես արեցի այս գործերը։ 37Լսի՛ր ինձ, Տէ՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենայ, թէ դու ես Տէր Աստուածը, եւ դու յետ դարձրիր այս ժողովրդի սիրտը»։ 38Եւ երկնքից կրակ ընկաւ Տիրոջից, լափեց ողջակէզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը։ 39Երբ ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, ընկաւ երեսնիվայր եւ ասաց. «Արդարեւ, Տէրն Աստուած է, Տէրն Աստուած է»։ 40Եղիան ասաց ժողովրդին. «Բռնեցէ՛ք Բահաղի մարգարէներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»։ Բռնեցին նրանց։ Եղիան ամենքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց։
ԱՆՁՐԵՒ ՏԵՂԱՑ
41Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետեւ անձրեւի ձայն է լսւում»։ 42Աքաաբն ելաւ, որ ուտի եւ խմի, իսկ Եղիան բարձրացաւ Կարմելոս լերան գագաթը։ Նա մինչեւ գետին խոնարհուեց, երեսն առաւ ծնկների մէջ 43ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»։ Ծառան ելաւ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկայ»։ Եղիան ասաց. «Դու եօթն անգամ արա՛ դա»։ 44Ծառան եօթն անգամ գնաց եւ այնպէս պատահեց, որ, եօթներորդ անգամը հազիւ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում։ Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին՝ “Լծի՛ր քո կառքերը եւ հեռացի՛ր, որ անձրեւի չբռնուես”»։ 45Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, եւ սաստիկ անձրեւ սկսեց տեղալ։ 46Աքաաբը լալով գնաց Յեզրայէլ։ Տիրոջ ձեռքը Եղիայի վրայ էր, որն իր մէջքը պինդ կապելով՝ վազեց Աքաաբի առջեւից մինչեւ որ մտաւ Յեզրայէլ։
Էջմիածին · HYEJB1994