Երրորդ Թագավորաց գիրք

2

ԴԱՒԹԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍՈՂՈՄՈՆԻՆ

1Երբ մօտեցան Դաւթի մահուան օրերը, նա դիմելով իր որդի Սողոմոնին՝ ասաց. 2«Ըստ այս աշխարհի կարգի, ես անցայ իմ կեանքի ճամփան։ Դու զօրացի՛ր, տղամարդ եղի՛ր, 3պահի՛ր քո Տէր Աստծու հրամանները՝ գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատուիրանները, նրա օրէնքները, նրա հրամաններն ու նրա վկայութիւնները ըստ Մովսէսի Օրէնքների գրքի, որ, ինչ էլ անես, նկատի ունենաս այն ամէնը, որ պատուիրել եմ քեզ։ 4Եւ Տէրը կ’իրագործի իր խօսքը, որ ասաց իմ մասին, թէ՝ “Եթէ քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը եւ իրենց ամբողջ սրտով ու հոգով հաւատարմութեամբ գնան իմ առջեւից, ապա մարդ չի պակասի Իսրայէլի գահի վրայից”։ 5Դու ինքդ գիտես, թէ ինչ է արել ինձ Շարուհիի որդի Յովաբը, ինչ է արել Իսրայէլի երկու զօրապետերին՝ Ներէի որդի Աբեններին եւ Հեթերի որդի Ամեսայիին։ Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակուայ պէս արիւն թափեց, իր կեանքում անպարտ արիւն թափեց՝ ներկելով իր մէջքն ու կօշիկները։ 6Գործի՛ր ըստ քո իմաստնութեան եւ նրա ալեւոր մազերը խաղաղութեամբ մի՛ իջեցրու ։ 7Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմութի՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների հետ լինեն,որովհետեւ նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո Աբեսաղոմից։ 8Ահա քեզ հետ է բաւուրիմացի Յեմինի որդի Գերայի որդի Սեմէին։ Սա ինձ ծանր անէծքներով անիծել է այն օրը, երբ գնում էի իմ բանակատեղին։ Նա Յորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկաւ, եւ ես Տիրոջ անունով երդուելով՝ նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։ 9Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թէ ինչ պէտք է անես նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»։

ԴԱՒԹԻ ՄԱՀԸ

10Եւ Դաւիթը գնաց իր նախնիների գիրկը։ Նա թաղուեց Դաւթի քաղաքում։ 11Դաւիթն Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի. Քեբրոնում թագաւորել էր եօթը տարի, իսկ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի։

12Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին, երբ տասներկու տարեկան էր։ Նրա թագաւորութիւնը շատ հաստատուն էր։

ԱԴՈՆԻԱՅԻ ՄԱՀԸ

13Ագիթի որդի Ադոնիան Սողոմոնի Բերսաբէէի մօտ գալով՝ խոնարհուեց նրա առաջ։ Բերսաբէէն հարցրեց. «՞ նպատակով ես գալիս մօտս»։ Ադոնիան ասաց. «Բարի նպատակով»։ 14Եւ նա աւելացրեց. «Ես խօսքեր ունեմ քեզ ասելու»։ 15Բերսաբէէն ասաց. «Խօսի՛ր»։ Ադոնիան ասաց նրան. «Դու ինքդ էլ գիտես, թէ իմն էր թագաւորութիւնը, եւ ամբողջ Իսրայէլն իր հայեացքն ինձ էր ուղղել որպէս թագաւորի, սակայն ոչ թէ ե՛ս արժանացայ թագաւորութեան, այլ՝ իմ եղբայրը, քանզի Աստծուց տրուեց նրան։ 16Արդ, մի բան եմ խնդրելու քեզնից, եւ դու չպէտք է մերժես ինձ»։ Բերսաբէէն ասաց. «Յայտնի՛ր խնդրանքդ»։ 17Ադոնիան ասաց. «Ասա՛ արքային (եւ նա քեզ չի մերժի), որ ինձ կնութեան տայ սոմնացի Աբիսակին»։ 18Բերսաբէէն ասաց. «Բարի, ես այդ մասին կը խօսեմ արքայի հետ»։

19Բերսաբէէն գնաց Սողոմոն արքայի մօտ, որ խօսի նրա հետ Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջեւ, համբուրեց նրան, նստեց իր աթոռին։ Արքայի մօր համար էլ աթոռ բերուեց, եւ մայրը նստեց նրա աջ կողմում։ 20Բերսաբէէն ասաց նրան. «Մի փոքր խնդրանք ունեմ քեզնից, ինձ մի՛ մերժիր»։ Արքան ասաց. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ մերժի»։ 21Բերսաբէէն ասաց. «Սոմնացի Աբիսակը թող քո եղբօրը՝ Ադոնիային կնութեան տրուի»։ 22Պատասխան տուեց Սողոմոն արքան եւ ասաց իր մօրը. «Իսկ ինչո՞ւ ես Ադոնիայի համար սոմնացի Աբիսակին խնդրում, նրա համար թագաւորութի՛ւնս խնդրիր, չէ՞ որ նա իմ աւագ եղբայրն է, եւ Աբիաթար քահանան ու Շարուհիի որդի Յովաբը նրա սպարապետն ու բարեկամներն են»։ 23Սողոմոն արքան երդուեց Տիրոջ անունով՝ ասելով. «Թող ինձ այսպէս անի եւ աւելին էլ անի. Ադոնիայի խնդրածը իր իսկ կեանքի դէմ է։ 24Արդ, կենդանի է Տէրը, որ ինձ հաստատեց ու նստեցրեց իմ Դաւթի գահին, ինձ համար շինեց, ինչպէս խոստացել էր Տէրը։ Ադոնիան այսօր իսկ պիտի մեռնի»։ 25Եւ Սողոմոն արքան ուղարկեց Յովիդայէի որդի Բանեային, որը սպանեց նրան։ Եւ այդ օրը մեռաւ Ադոնիան։

ԱԲԻԱԹԱՐԻ ՄԱՀԸ ԵՒ ՅՈՎԱԲԻ ՄԱՀԸ

26Աբիաթար քահանային արքան ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթոթ։ Այսօր դու մահուան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ հօր առջեւ կրել ես Տիրոջ ուխտի տապանակը, եւ դու էլ չարչարուել ես այնտեղ, ուր չարչարուել է իմ հայրը»։ 27Եւ Սողոմոնը Աբիաթարին զրկեց Տիրոջ քահանայութիւնից, որպէսզի կատարուի Տիրոջ այն խօսքը, որ Սելովում ասել էր Հեղիի տան վերաբերեալ։ 28Լուրը հասաւ Յովաբին, որը Ադոնիայի համակիրն էր եւ չէր հետեւել Սողոմոնին։ Յովաբը փախաւ մտաւ Տիրոջ վրանը եւ բռնեց զոհասեղանի եղջիւրներից։ 29Սողոմոնին յայտնեցին, թէ Յովաբը փախել մտել է Տիրոջ վրանը եւ բռնել զոհասեղանի եղջիւրներից։ Սողոմոնը լուր ուղարկեց Յովաբին՝ ասելով. «Քեզ ի՞նչ եղաւ, որ փախար զոհասեղանի մօտ»։ Յովաբն ասաց. «Վախեցայ քեզնից ու փախայ Տիրոջ մօտ»։ Սողոմոն արքան Յովիդայէի որդի Բանեային ասաց. «Գնա սպանի՛ր Յովաբին ու թաղի՛ր»։ 30Յովիդայէի որդի Բանեան գնաց Տիրոջ վրանը, Յովաբի մօտ եւ ասաց նրան. «Այսպէս է կարգադրել արքան, ելի՛ր այդտեղից»։ Յովաբն ասաց. «Չեմ ելնի, քանզի այստեղ էլ պիտի մեռնեմ»։ Յովիդայէի որդի Բանեան վերադարձաւ ու արքային յայտնեց, թէ ինչ է ասել ինքը Յովաբին, եւ թէ ինչ պատասխան է տուել նա։ 31Արքան ասաց նրան. «Գնա՛ եւ արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր եւ այսօր վերացրո՛ւ ինձնից ու իմ հօր տնից այն անմեղ արիւնը, որ թափել էր Յովաբը։ 32Տէրը նրա հեղած անմեղ արիւնը թող նրա գլխին դարձնի, որովհետեւ նա սրով սպանել է իրենից աւելի արդար եւ քաջ երկու մարդկանց, եւ հայրս նրանց այդ սպանութեան մասին չգիտէր։ Դրանք էին՝ Ներէի որդի Աբենները, որն Իսրայէլի սպարապետն էր, եւ Յեթերի որդի Ամեսային, որը Յուդայի երկրի սպարապետն էր։ 33Նրանց արիւնը թող յաւիտեան դառնայ նրա ու նրա զաւակների գլխին, իսկ Տէրը յաւիտենական խաղաղութիւն թող պարգեւի Դաւթին, նրա զաւակին, նրա տանն ու գահին»։ 34Յովիդայէի որդի Բանեան վերադարձաւ Յովաբի մօտ, սպանեց նրան ու թաղեց անապատում գտնուող նրա տան մէջ։ 35Արքան Յովիդայէի որդի Բանեային նրա փոխարէն զօրավար կարգեց, թագաւորութիւնը փոխադրեց եւ Սադոկ քահանային Աբիաթարի փոխարէն քահանայ կարգեց Տիրոջ առաջ։ Տէրը Սողոմոնին չափազանց շատ խելք ու իմաստնութիւն տուեց եւ ծովեզրի աւազի նման՝ սրտի լայնութիւն։ Սողոմոնն աւելի իմաստուն դարձաւ, քան իր նախնիների բոլոր որդիները եւ եգիպտացի իմաստունները։ Նա առաւ փարաւոնի դստերն ու, նախքան իր պալատը կառուցելը, նրան բերեց Դաւթի քաղաքը։ Նա նախ եօթը տարի կառուցեց եւ աւարտեց Տիրոջ տունն ու Երուսաղէմի շուրջանակի պարիսպը։ Սողոմոն արքան լեռներում ունէր եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քարհատ։ Սողոմոնը ծովափին պատնէշներ դրեց, մեծամեծ ջրաւազաններ կառուցեց, ինչպէս նաեւ սիւներ տնկեց, բակում շատրուաններ շինել տուեց ու պղնձէ աւազանը։ Նա շինեց բարձրադիր միջնաբերդ աշտարակներով եւ Դաւթի քաղաքն անջրպետեց խրամատով։ Դրանից յետոյ փարաւոնի դուստրը ելաւ Դաւթի քաղաքից եւ եկաւ իր տունը, որ Սողոմոնը շինել էր իր համար։ Դրանից յետոյ է, որ շինուեց բարձրադիր միջնաբերդը։ Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակէզ եւ խաղաղութեան զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրայ, որ կառուցել էր Տիրոջ համար, էր ծխում Տիրոջ առջեւ։ Նա աւարտեց տան կառուցումը։ Սրանք են այն իշխանները, որոնք ղեկավարում էին Սողոմոնի շինարարական գործերը... Սողոմոնի ձեռնարկած գործերի վրայ աշխատող մարդկանց հսկում էին երեք հազար վեց հարիւր գործավարներ։ Նա կառուցեց Ասուրը, Մակդովը, Ազերը, Վերին Բեթորոնը եւ Բալաաթը, բայց Տիրոջ տունը եւ Երուսաղէմի շուրջանակի պարիսպը շինելուց յետոյ է, որ կառուցեց այդ քաղաքները։ Դաւիթը կենդանի եղած ժամանակ պատուիրել էր Սողոմոնին՝ ասելով. «Ահա քեզ մօտ է քեբրոնցի Յեմինի որդի Գերիի որդի Սեմէին։ Նա ծանր անէծքներով անիծեց ինձ այն օրը, երբ գնում էի իմ բանակը։ Սա Յորդանան գետի ափին ընդառաջ եկաւ ինձ, եւ ես Տիրոջ անունով երդուեցի նրան, թէ՝ “Քեզ սրով չեմ սպանի”։ Արդ, նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես եւ գիտես, թէ ինչ պէտք է անես նրան՝ նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»։

ՍԵՄԷԻԻ ՄԱՀԸ

36Արքան լուր ուղարկեց, կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղէմում, այնտեղ ապրի՛ր եւ այնտեղից դուրս չգաս։ 37Այն օրը, որ ելնես եւ Կեդրոնի հեղեղատն անցնես, լա՛ւ իմացիր, որ կը մեռնես, եւ քո արիւնը քո գլխին կը լինի»։ Արքան այդ օրը երդուել տուեց նրան։ 38Սեմէին ասաց արքային. «Բարի է այն, որ ասացիր, իմ տէ՛ր արքայ, քո ծառան այդպէս էլ կ’անի»։ Եւ Սեմէին Երուսաղէմում բնակուեց երեք տարի։

39Երեք տարի անց Սեմէիի երկու ծառաները փախան Գեթի արքայ Մաաքի որդի Անքուսի մօտ։ Սեմէիին յայտնեցին, թէ՝ «Ահա քո երկու ծառաները Գեթում են»։ 40Վեր կացաւ Սեմէին, համետեց իր էշը ու գնաց Անքուսի մօտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմէին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։ 41Սողոմոնին յայտնեցին, թէ Սեմէին Երուսաղէմից գնացել է Գեթ եւ վերադարձրել իր ծառաներին։ 42Արքան մարդ ուղարկելով՝ կանչեց Սեմէիին եւ ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդուեցրի Տիրոջ անունով ու վկայութիւն տուեցի՝ ասելով, թէ՝ “Այն օրը, որ ելնես Երուսաղէմից ու գնաս աջ կամ ձախ, լա՛ւ իմացիր, որ կը մեռնես”, իսկ դու ասացիր ինձ՝ “Բարի են խօսքերդ, որ լսեցի”։ 43Արդ, ինչպէ՞ս է, որ չպահեցիր Տիրոջը տուած իմ երդումն ու քեզ տուած իմ պատուէրը»։ 44Արքան ասաց Սեմէիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարութիւնը, որ արել ես իմ հայր Դաւթի նկատմամբ։ 45Տէրը քո չարիքները քո գլխին է թափելու, իսկ Սողոմոն արքան օրհնեալ է, եւ Դաւթի աթոռը Տիրոջ առաջ թող յաւիտեան հաստատ մնայ»։ 46Եւ Սողոմոն արքան հրաման տուեց Յովիդայէի որդի Բանեային, որը եկաւ ու սպանեց Սեմէիին, եւ սա մեռաւ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն