Երրորդ Թագավորաց գիրք
20
ՍԱՄԱՐԻԱՅԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ
1Ադերի որդին՝ ասորիների արքան հաւաքեց իր ամբողջ զօրքը եւ բոլոր երիվարներով ու մարտակառքերով ելաւ ու պաշարեց Սամարիան։ Պատերազմի ժամանակ նրան դաշնակցել էին երեսուներկու թագաւորներ։ 2Նա սուրհանդակներ ուղարկելով քաղաք, Իսրայէլի արքայ Աքաաբի մօտ՝ 3ասաց նրան. «Այսպէս է ասում Ադերի որդին. “Քո արծաթն ու ոսկին իմն են, քո կանայք ու գեղեցիկ որդիները իմն են”»։ 4Իսրայէլի արքան պատասխան տալով՝ ասաց. «Քո ասածի պէս, տէ՛ր իմ արքայ, քոնն եմ ես, եւ քոնն է իմ ամէն ինչը»։ 5Սուրհանդակները նորից եկան ու ասացին. «Այսպէս է ասում Ադերի որդին. “Ես լուր էի ուղարկել, որ քո արծաթն ու ոսկին, քո կանայք ու որդիներն ինձ տաս։ 6Արդ, վաղն այս ժամին կ’ուղարկեմ իմ ծառաներին, որոնք խուզարկելու են քո եւ քո ծառաների տները եւ ինչ որ իրենց աչքերին ցանկալի թուայ, ինչի էլ որ իրենց ձեռքերը մեկնեն, պիտի առնեն”»։ 7Իսրայէլի արքան կանչեց երկրի բոլոր ծերերին եւ ասաց. «Իմացէ՛ք ու տեսէ՛ք, որ նա չարիք է ուզում, քանզի ինձ մօտ մարդ էր ուղարկել՝ պահանջելով իմ տղաներին ու աղջիկներին, իմ արծաթն ու ոսկին, բայց ես չմերժեցի նրան»։ 8Ծերերն ու ամբողջ ժողովուրդը նրան ասացին. «Մի՛ լսիր նրան ու յանձնառու մի՛ լինիր»։ 9Եւ նա Ադերի սուրհանդակներին ասաց. «Ձեր տէր արքային ասացէ՛ք. «Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո ծառային, կ’անեմ, իսկ այս բանը չեմ կարող անել»։ Մարդիկ գնացին ու պատասխանը հաղորդեցին նրան։
10Ադերի որդին նրա մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Այսպէս եւ այսպէս թող անեն ինձ աստուածները եւ աւելին թող անեն, եթէ Սամարիան աւերելուց յետոյ թողնեմ այնքան կանգուն բան, որի փոշին լցնի իմ զինուորների ափերը»։ 11Իսրայէլի արքան պատասխան տուեց ու ասաց. «Շա՜տ եղաւ, թող կուզիկը չպարծենայ ուղիղ կանգնողի նման»։ 12Նա այս պատասխան խօսքերը լսեց, երբ որ բոլոր թագաւորների հետ վրաններում գինարբուքի մէջ էր։ Նա ասաց իր ծառաներին. «Պաշարեցէ՛ք»։ Եւ պաշարեցին քաղաքը։
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԸ ՅԱՂԹԱԿԱՆ
13Եւ ահա մի մարգարէ մօտեցաւ Իսրայէլի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որ համոզուես, թէ ես եմ Տէրը”»։ 14Աքաաբը հարցրեց. «Ո՞ւմ միջոցով»։ Մարգարէն ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Գաւառների իշխանների ծառաների միջոցով”»։ Աքաաբը հարցրեց. «Ո՞վ պէտք է սկսի պատերազմը»։ Մարգարէն ասաց. «Դո՛ւ»։ 15Աքաաբը հաշուեց գաւառների իշխանների ծառաներին ու տեսաւ, որ նրանք երկու հարիւր երեսուն հոգի են։ Ապա հաշուեց ամբողջ ժողովրդին, զօրքի բոլոր անդամներին եւ տեսաւ, որ եօթը հազար մարդ կար։ Կէսօրին նա յարձակման անցաւ։ 16Ադերի որդին եւ նրա երեսուներկու դաշնակից թագաւորները գինով հարբած էին Սոկքովում։ 17Նախ յարձակում գործեցին գաւառների իշխանների ծառաները։ Լուր ուղարկեցին Ադերի որդուն, պատմեցին նրան ու ասացին. «Պաշարուած Սամարիայից մարդիկ են դուրս եկել»։ 18Ադերի որդին ասաց նրանց. «Եթէ խաղաղութեան համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեցէք նրանց, եթէ պատերազմի համար են եկել, դարձեա՛լ կենդանի բռնեցէք»։ 19Քաղաքից դուրս եկան գաւառների իշխանների ծառաները, նրանց յետեւից՝ նաեւ զօրքը, 20եւ ամէն մէկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, եւ իսրայէլացիները հալածեցին նրանց։ Ասորիների արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիւ փրկուեց երեք ձիաւորների հետ։ 21Իսրայէլի արքան առաջ շարժուեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը եւ ասորիներին մեծ հարուածներ հասցրեց։
22Մարգարէն մօտեցաւ Իսրայէլի արքային ու ասաց նրան. «Զօրացի՛ր ու իմացի՛ր, տե՛ս, թէ ինչ ես անելու, քանզի յաջորդ տարի Ադերի որդին՝ ասորիների արքան, յարձակուելու է քեզ վրայ»։
ՆՈՐ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ
23Ասորիների արքայի ծառաներն ասացին նրան. «Իսրայէլի Աստուածը լեռների Աստուած է եւ ոչ թէ դաշտերի Աստուած, այդ պատճառով էլ նրանք յաղթեցին մեզ։ Եթէ նրանց դէմ պատերազմենք հարթ վայրում, կը յաղթենք նրանց։ 24Այս բա՛նն արա. թագաւորներին գահընկե՛ց արա եւ նրանց փոխարէն նախարարնե՛ր նշանակիր։ 25Քո կորցրած զօրքերի փոխարէն զօրքեր կը տանք, երիվարների փոխարէն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարէն՝ մարտակառքեր. նրանց դէմ պատերազմենք հարթ վայրում ու յաղթենք»։ Նա անսաց նրանց խօսքերին եւ այդպէս էլ արեց։
26Հետեւեալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելաւ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայէլի դէմ։ 27Իսրայէլացիները նոյնպէս աշխարհագիր անցկացրին եւ երկու գնդի բաժանուելով՝ եկան կանգնեցին նրանց առջեւ։ Իսրայէլացիները ասորիների դէմ ճակատ կազմեցին այծերի երկու հօտերի պէս, մինչդեռ ասորիները ծածկել էին երկիրը։
28Աստծու մարդը մօտենալով Իսրայէլի արքային՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Քանի որ ասորիներն ասացին, թէ՝ Աստուած լեռների Տէր Աստուած է եւ ոչ թէ դաշտերի Աստուած, նա այդ մեծ զօրքը քո ձեռքն է յանձնելու, որ համոզուես, թէ ես եմ Տէրը”»։ 29Նրանք, ճակատ կազմած, եօթը օր իրար դէմ դիմաց էին, իսկ եօթներորդ օրը պատերազմը բորբոքուեց։ Իսրայէլացիները մէկ օրում հարիւր հազար ասորի հետեւակ կոտորեցին, 30իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, եւ պարիսպը փուլ եկաւ մնացած քսանեօթը հազար ասորիների վրայ։ Ադերի որդին փախաւ ու իր պալատում մի սենեակից միւս սենեակն էր վազում։
31Նրա ծառաներն ասացին. «Մենք լսել ենք, որ Իսրայէլի տան թագաւորները ողորմած են։ Մեր մէջքերին քուրձեր կապենք, մեր գլուխներին՝ չուաններ, գնանք Իսրայէլի թագաւորի մօտ, թերեւս մեր կեանքը խնայի»։ 32Նրանք իրենց մէջքերին քուրձեր ու գլուխներին չուաններ կապեցին եւ ասացին Իսրայէլի թագաւորին. «Քո ծառան՝ Ադերի որդին, ասում է. “Խնայի՛ր կեանքս”»։ Իսկ նա ասաց. «Եթէ նա դեռ կենդանի է, իմ եղբայրն է»։ 33Նրա մարդիկ այս յաջող առիթից օգտուելով՝ նուէրներ տուեցին եւ այս խօսքերը նրա բերանից առնելով՝ ասացին. «Քո եղբայրը՝ Ադերի որդին, այստեղ է»։ Ասաց. «Գնացէ՛ք ու բերէ՛ք նրան»։ Ադերի որդին եկաւ Աքաաբի մօտ, եւ նրան մարտակառք նստեցրին թագաւորի կողքին։ 34Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրաւել էր քո հօրից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կը վերցնես Դամասկոսից, ինչպէս իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կ’արձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ եւ արձակեց նրան։
ՄԱՐԳԱՐԷՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՔԱԱԲԻ ՎԱՐՄՈՒՆՔԸ
35Մարգարէների որդիներից մէկը Տիրոջ խօսքին անսալով՝ ասաց իր ընկերոջը. «Հարուածի՛ր ինձ»։ Մարդը, սակայն, չուզեց հարուածել նրան։ 36Նա ասաց նրան. «Քանի որ Տիրոջ ձայնին չհնազանդուեցիր, հէնց որ ինձնից հեռանաս, մի առիւծ քեզ կը բզկտի»։ Երբ սա հեռացաւ նրանից, մի առիւծ հանդիպեց նրան ու յօշոտեց։ 37Նա մի ուրիշ մարդու հանդիպելով՝ ասաց. «Հարուածի՛ր ինձ»։ Այս մարդը հարուածեց ու վիրաւորեց նրան։ 38Մարգարէն եկաւ եւ կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագաւորին ու չճանաչուելու համար շորով կապեց իր աչքը։ 39Երբ արքան անցնում էր այնտեղից, նա ասաց արքային. «Երբ ես՝ քո ծառան, պատերազմ էի գնացել, մի մարդ ինձ մօտ բերելով մէկին՝ ասաց. “Այս մարդուն պահի՛ր, իսկ եթէ ձեռքիցդ փախչի, քո կեանքը կը կորչի նրա կեանքի փոխարէն, կամ մի տաղանդ արծաթ կը տաս ինձ”։ 40Եւ մինչ քո ծառան այս ու այն կողմ էր նայում, նա արդէն չկար»։ Իսրայէլի արքան նրան ասաց. «Իմ ըմբռնումով դա դաւ է, ուրեմն սպանե՞լ ես նրան»։ 41Սա անմիջապէս շորը հեռացրեց աչքերից, եւ Իսրայէլի արքան ճանաչեց նրան. նա այնտեղի մարգարէներից էր։ 42Մարգարէն ասաց նրան. «Այսպէս է ասում Տէրը. “Քանի որ դու վտանգաւոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կեանքով կը հատուցես նրա կեանքի փոխարէն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարէն”»։ 43Իսրայէլի արքան գնաց իր տունը, Սամարիա, տխուր ու հուսահատ։