Երրորդ Թագավորաց գիրք

8

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ՏԱՃԱՐԻ ՄԷՋ Է ՏԵՂԱԴՐՒՈՒՄ

()

1Այն ժամանակ արքան Իսրայէլի բոլոր ծերերին՝ ցեղերի բոլոր բարձրաստիճան գլխաւորներով եւ իսրայէլացիների նահապետներով հանդերձ կանչեց իր մօտ, , որպէսզի Տիրոջ ուխտի տապանակը հանեն Դաւթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ 2Իսրայէլի բոլոր տղամարդիկ Սողոմոն արքայի մօտ հաւաքուեցին Անթանիամ ամսին, տօնին, այսինքն՝ եօթներորդ ամսին։ 3Եկան Իսրայէլի բոլոր ծերերը, եւ քահանաները վերցնելով դուրս բերեցին Տիրոջ տապանակը, 4վկայութեան խորանն ու վկայութեան խորանի մէջ եղած ամբողջ սուրբ սպասքը։ Այն վերցրին քահանաներն ու ղեւտացիները։ 5Սողոմոն արքան ու նրա մօտ հաւաքուած Իսրայէլի ամբողջ ժողովուրդը նրա հետ տապանակի առջեւից գնալով՝ անթիւ ու անհամար արջառ ու ոչխար էին զոհաբերում։ 6Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը ներս տարան, իր տեղը՝ սրբութիւնների սրբութեան տան սրբարանը, եւ տեղադրեցին քերովբէների թեւերի ներքոյ։ 7Քերովբէները թեւերը տարածել էին տապանակի վրայ, եւ նրանք վերեւից ծածկում էին դրա սրբութիւնները։ 8Լծակներն այնպէս էին տեղաւորել, որ դրանց գլուխները սրբարանի դիմաց երեւում էին սրբութիւններից, բայց դրսից չէին երեւում։ Դրանք այնտեղ են մնում մինչեւ այսօր։ 9Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի քարէ երկու տախտակներից՝ ուխտի տախտակներից։ Դրանք այնտեղ դրել էր Մովսէսը Քորէբում, երբ Տէրն ուխտ էր արել իսրայէլացիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ։

10Երբ քահանաները ելան սրբարանից, լցուեց Տիրոջ տունը, 11եւ քահանաներն ամպի պատճառով չէին կարողանում սպասաւորութիւն անել, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տունը։

12Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տէրն ասել է՝ “Ես հովանի պիտի լինեմ մէգ ու մշուշով”։ 13Ես քեզ համար բնակութեան շինեցի, որ քո աթոռը հաստատ լինի յաւիտեան»։

ՍՈՂՈՄՈՆԻ ՃԱՌԸ ՏԱՃԱՐԻ ՕԾՄԱՆ ԱՌԹԻՒ

()

14Արքան երեսը դարձրեց ու օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին. եւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը կանգնած էր։ 15Նա ասաց. «Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածն այսօր, որն իր բերանով խօսեց իմ Դաւթի մասին եւ իր ձեռքով կատարեց իր խոստումը՝ 16ասելով. “Այն օրից, որ իմ ժողովրդին՝ Իսրայէլին Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայէլի ցեղերին պատկանող ոչ մի վայր չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անուամբ լինի, այլ ընտրեցի Դաւթին, որ իսրայէլի իմ ժողովրդին ղեկավարի”։ 17Իմ հայր Դաւթի մտքում եղել էր Իսրայէլի Տէր Աստծու անուանով տուն շինելու նպատակը, 18եւ Տէրն ասել էր իմ հայր Դաւթին. “Քանի որ մտքումդ դրել ես իմ անունով տուն շինել, լաւ ես արել, որ այն դրել ես մտքումդ, 19բայց դո՛ւ չես շինելու տունը, այլ՝ քո որդին, որ սերուելու է քեզնից, նա է շինելու իմ անուանով տունը”։ 20Եւ Տէրը կատարեց իր ասած խօսքը, ու ես փոխարինեցի իմ հօրը՝ Դաւթին, նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս ասել էր Տէրը, եւ Իսրայէլի Տէր Աստծու անունով տուն շինեցի, 21այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, ուր դրուած է Տիրոջ ուխտը, որ նա ուխտել էր մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց Եգիպտացիների երկրից»։

ՍՈՂՈՄՈՆԻ ԱՂՕԹՔԸ

()

22Սողոմոնը ամբողջ Իսրայէլի ժողովրդի ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ, ձեռքերը երկինք տարածեց 23եւ ասաց. «Տէ՛ր Իսրայէլի, չկայ քեզ նման Աստուած վերեւում՝ երկնքում, ու ներքեւում՝ երկրի վրայ. դու պահում ես ուխտը եւ ողորմածութիւն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջեւից։ 24Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ. ինչ որ քո բերանով ասել էիր, քո ձեռքով էլ կատարեցիր, ինչպէս այսօր։ 25Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, կատարի՛ր քո ծառային՝ իմ հօրը տուած քո այն խոստումը, թէ՝ “Մարդ չի պակասելու Իսրայէլի գահի վրայից, միայն թէ քո որդիները հաստատ հետեւեն իրենց ճանապարհին՝ ընթանալով իմ առջեւից, ինչպէս դու ես ընթանում իմ առջեւից”։

26Արդ, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թող իրագործուեն քեզ ծառայ իմ հայր Դաւթին ասած քո խօսքերը։ 27Մի՞թէ Աստուած բնակուելու է մարդկանց հետ երկրի վրայ։ Եթէ երկինքն ու երկնքի անսահմանութիւնները քեզ բաւական չեն, ապա ինչպէ՞ս կարող է բաւականացնել իմ շինած այս տունը։ 28Արդ, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու իմ խնդրանքները, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, լսի՛ր քո ծառայի պաղատագին աղօթքները, որ նա քո առջեւ մատուցում է քեզ։ 29Քո աչքերը գիշեր-ցերեկ թող բաց լինեն այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն այնտեղ պէտք է լինի. լսի՛ր այն աղերսանքը, որ քո ծառան գիշեր-ցերեկ առաքում է քեզ այստեղ։ 30Լսի՛ր քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի ձայնը, որոնք աղօթքի են կանգնել այստեղ. լսի՛ր քո բնակութեան վայրում՝ երկնքում, 31ու ների՛ր նրան, ով կը մեղանչի իր մերձաւորի դէմ։ Եթէ մէկը մի մարդու անիծելով գործելուց յետոյ գայ ու այս տանը, քո զոհասեղանի առաջ զղջայ, 32ապա լսի՛ր նրան երկնքում ու քաւութի՛ւն արա նրան։ Դատի՛ր Իսրայէլի քո ժողովրդին, դատապարտի՛ր անօրէնին ու նրանից պահանջի՛ր նրա կատարած մեղքի հատուցումը, իսկ արդարին արդարացրո՛ւ՝ հատուցելով նրան ըստ իր արդարութեան։

33Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով Իսրայէլի քո ժողովուրդը պարտուի թշնամիներից, բայց դառնայ դէպի քեզ, տայ քո անուանը, աղօթի ու աղաչի քեզ այս տանը, 34ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը եւ վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տուել ես նրանց հայրերին։

35Եթէ քո դէմ մեղանչելու պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չլինի, իսկ նրանք անեն այս վայրում, փառք տան քո անուանը եւ քեզնից ստանալով՝ զղջան իրենց մեղքերի համար, 36ապա լսի՛ր երկնքում եւ ների՛ր քո ծառաների ու Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, որպէսզի ցոյց տաս նրանց ճանապարհը, որով պէտք է ընթանան, եւ անձրեւ տաս քո երկրին, որը տուել ես քո ժողովրդին իբրեւ ժառանգութիւն։ 37Եթէ երկրի վրայ սով լինի, ժանտախտ, խորշակահարութիւն, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ թշնամին նեղի նրան իր քաղաքներից մէկում, կամ ամէն տեսակ պատահար ու ցաւ լինի, 38եւ եթէ Իսրայէլի քո ամբողջ ժողովրդից որեւէ մէկը մի աղօթք կամ մի աղերսանք անի, եւ մարդիկ, իրենց սրտի ցաւը գիտենալով, ձեռքները տարածեն դէպի այս տունը, 39ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամէն մէկի հոգին ճանաչելով՝ հատուցի՛ր ըստ նրանց ընթացած ճանապարհի, քանզի միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց հոգիները։ 40Թող մարդիկ երկիւղ կրեն քեզնից իրենց կեանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն մեր հայրերին տուած քո երկրի երեսին։

41Եթէ Իսրայէլի քո ժողովրդին չպատկանող մի օտարական գայ հեռու երկրից, 42ուր լսած լինի քո մեծ անուան, ամուր ձեռքի ու հզօր բազկի մասին, գայ եւ աղօթք անի այս տեղում, 43ապա նրան եւս լսիր երկնքում՝ քո բնակութեան տեղում, եւ ըստ ամենայնի կատարի՛ր այդ օտարականի քեզնից խնդրածը, որպէսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկիւղ կրեն քեզնից, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդը, եւ իմանան, որ քո անուամբ է կոչուել իմ կառուցած այս տունը։

44Եթէ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որ դու կ’ուղարկես նրանց, եւ եթէ նրանք աղօթքի կանգնեն Տիրոջ ընտրած քաղաքի ճանապարհին կամ քո անունով իմ կառուցած տանը, 45ապա երկնքից լսի՛ր նրանց աղօթքն ու խնդրանքը, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ։ 46Եթէ մեղանչեն քո դէմ (քանզի չկայ մարդ, որ չմեղանչի), եւ նրանց վրայ բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, եւ գերեվարողները նրանց գերեվարեն դէպի թշնամու հեռաւոր կամ մօտիկ երկիրը, 47եւ եթէ գերի տարուած երկրում զղջան իրենց հոգում, դառնան դէպի քեզ, աղաչեն քեզ գերութան երկրում եւ ասեն՝ “Մեղանչեցինք, անօրէնութիւն ու անիրաւութիւն գործեցինք”, 48եւ ապա իրենց թշնամիների երկրում, ուր տարել ես նրանց, քեզ դիմեն իրենց ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով, քեզ աղօթք անեն իրենց հայրերի տուած երկրի ճանապարհին, քո ընտրած քաղաքում եւ քո անունով իմ կառուցած տանը, 49ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակութեան վայրում, նրանց աղօթքներն ու խնդրանքները, իրաւադա՛տ եղիր նրանց նկատմամբ, 50ների՛ր քո դէմ գործած նրանց անիրաւութիւնները, քո հանդէպ թոյլ տուած բոլոր անարգանքները, գո՛ւթ տուր նրանց գերեվարողներին, գթա՛ նրանց, 51քանզի նրանք քո ժողովուրդն են եւ քո ժառանգութիւնը, որոնց դուրս բերեցիր Եգիպտոսից՝ երկաթէ հնոցի միջից։ 52Թող քո աչքերն ու ականջները բաց լինեն քո ծառայի ու Իսրայէլի քո ժողովրդի աղերսանքների հանդէպ, որ լսես նրանց բոլոր աղաղակները, որ առաքում են քեզ, 53քանզի, դու ես նրանց քեզ համար ժառանգորդ ընտրել բոլոր ազգերի միջից, ինչպէս ասել ես քո ծառայ Մովսէսի միջոցով, երբ մեր հայրերին դուրս էիր բերում Եգիպտոսից, Տէ՜ր, Տէ՜ր»։ Երբ Սողոմոնն աւարտեց տան կառուցումը, իր կառուցած տան մասին ասաց. «Տէրն արեգակը ի ցոյց հանեց երկնքում. Տէրն ասաց, որ բնակւում է մէգ ու մշուշի մէջ։ Նա ասաց. “Իմ նոր տունը ինձ արժանի ձեւով կառուցի՛ր, որ բնակուեմ այնտեղ”։ Չէ՞ որ սա գրուած է Երգերի գրքում»։

ՍՈՂՈՄՈՆԸ ՀԱՅՑՈՒՄ Է ՏԻՐՈՋ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ

54Երբ Տիրոջ զոհասեղանի առաջ ծնկաչոք ու ձեռքերը դէպի երկինք տարածած Սողոմոնն աւարտեց Տիրոջն ուղղուած այս բոլոր աղօթքներն ու աղերսանքները, 55կանգնեց ու մեծաձայն օրհնեց Իսրայէլի ամբողջ ժողովրդին՝ ասելով. 56«Օրհնեալ է Տէրն այսօր, որ, ինչպէս խոստացել էր, հանգիստ է տուել Իսրայէլի իր ժողովրդին։ Իր ծառայի՝ Մովսէսի միջոցով խոստացած բոլոր բարի խօսքերից ոչ մի բան պակաս չի մնացել։ 57Մեր Տէր Աստուածը թող մեզ հետ լինի, ինչպէս մեր հայրերի հետ էր, 58մեզ թող չլքի, այլ այնպէս առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորուեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր հայրերին տուած նրա բոլոր պատուիրանները, նրա հրամանները, նրա կարգադրութիւնները։ 59Տէր Աստծու առջեւ մատուցած այս պաղատանքի խօսքերս ցերեկ ու գիշեր թող հասնեն մեր Տէր Աստծուն, որպէսզի իր ծառային ու Իսրայէլի իր ժողովրդին ամէն օր արդար դատի, 60որ երկրի բոլոր ժողովուրդները ճանաչեն, թէ Տէրը Աստուած է, եւ ուրիշ աստուած չկայ։ 61Մեր սրտերը հաւատարիմ թող լինեն մեր Տէր Աստծու նկատմամբ, որպէսզի մենք մաքուր սրտով ընթանանք ըստ նրա հրամանների եւ պահենք նրա պատուիրանները, ինչպէս այսօր»։

ՏԱՃԱՐԻՆ ԱՐՈՒԱԾ ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄՆԵՐԸ

()

62Արքան ու բոլոր իսրայէլացիները նրա հետ Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին։ 63Սողոմոն արքան Տիրոջը քսաներկու հազար արջառ, հարիւր քսան հազար ոչխար մատուցեց իբրեւ խաղաղութեան զոհաբերում։ Արքան ու բոլոր իսրայէլացիները կատարեցին Տիրոջ տան նաւակատիքը։ 64Այդ օրը արքան սրբագործեց սրահի մէջտեղը, որը Տիրոջ տան դիմաց էր. այնտեղ արեց ողջակէզներ, ընծայաբերումներ, զոհաբերումներ ու խաղաղութեան զոհեր։ Տիրոջ առաջ գտնուող պղնձէ զոհասեղանը փոքր էր եւ չէր կարող տեղաւորել ողջակէզները, ընծայաբերումները եւ խաղաղութեան զոհերը։

65Սողոմոնն ու նրա հետ նաեւ Իսրայէլի ամբողջ ժողովուրդը Եմաթի արեւմուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը այդ օրը մեր Տէր Աստծու առաջ, նրա համար շինուած տանը եօթը օր ու դարձեալ եօթը օր, այսինքն՝ տասնչորս օր կերան, խմեցին եւ ուրախացան։ 66Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, նրանք օրհնեցին արքային, եւ ամէն մէկը ուրախ ու զուարթ գնաց իր բնակութեան վայրը, որովհետեւ Տէրը իր Դաւիթ ծառային եւ Իսրայէլի իր ժողովրդին բարիք էր պարգեւել։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն