Ա Մակաբայեցիներ
1
ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ
1Փիլիպպոսի որդի Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը Քետիմացիների երկրից դուրս գալով՝ ծնկի բերեց պարսիկների եւ պարթեւների արքայ Դարեհին, թագաւորեց նրա փոխարէն, իշխեց յոյների եւ հռոմէացիների երկրների վրայ։ 2Այնուհետեւ զօրք հաւաքելով՝ մեծ պատերազմներ մղեց, բերդեր գրաւեց, բազում թագաւորներ սպանեց, 3հեթանոս տարբեր ազգերից մեծ աւար վերցրեց։ Ամբողջ երկիրը դողում էր նրա առաջ։ 4Նա բազմաթիւ զօրք հաւաքեց, յարձակուեց բոլոր հզօր երկրների վրայ 5ու ողջ աշխարհը հարկատու դարձրեց։
6Դրանից յետոյ նա մահացու ախտով հիւանդացաւ եւ անկողին ընկաւ։ 7Երբ տեսաւ, որ մեռնում է, կանչեց մանկուց իր հետ սնուած-դաստիարակուած ծառաներին՝ իր կողմից փառքի արժանացած իր չորս կաթնեղբայրներին, ու քանի դեռ կենդանի էր, իր թագաւորութիւնը բաժանեց եւ տուեց նրանց։ 8Ալեքսանդրը տասներկու տարի թագաւորելուց յետոյ մեռաւ։ 9Նրանից յետոյ իր կաթնեղբայրները իշխեցին իրենց բաժին հասած տարածքում. 10նրա մահուանից յետոյ իւրաքանչիւրը թագ կապեց իր գլխին։ Սրանց հետեւեցին նաեւ իրենց որդիները։ Եւ այսպէս՝ երկար տարիներ։ Սրանք բազմացրին անօրէնութիւններն ու երկիրը լցրին իրենց չարագործութիւններով։
11Սրանցից է սերում չարիքի արմատ, դառնութեան շառաւիղ, անօրէն Անտիոքոսը՝ Անտիոքոս արքայի որդին, որ պատանդ էր մնացել Հռոմ քաղաքում։ Նա թագաւորեց յոյների թագաւորութեան հարիւր երեսունեօթներորդ տարում։
12Սրանց ժամանակ էր, որ իսրայէլացիներից ծնուեցին անօրէն մարդիկ, որոնք շատերին դիւթելով պատիր ու շողոմ խօսքերով՝ ասացին. «Եկէք մեր շուրջը բնակուող բոլոր հեթանոս ազգերի հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք, որովհետեւ այն օրից ի վեր, երբ մենք անջատուեցինք նրանցից ու մեկնեցինք, բազում մեծ չարիքներ պատահեցին մեզ»։ 13Շատերին հաճելի թուացին այս խօսքերը, 14ժողովրդի միջից ոմանք համաձայնեցին գնալ հանդիպել թագաւորին, եւ թագաւորը նրանց իրաւունք տուեց ապրել հեթանոսների բոլոր օրէնքներով։ 15Նրանք Երուսաղէմում ըստ հեթանոսների օրէնքների մեհենական հրապարակներ կառուցեցին, 16իրենց համար անթլփատութեան օրէնք հաստատեցին, շեղուեցին սուրբ կտակարանների ուխտից, միաբանեցին հեթանոսների հետ եւ յօժարեցին չարիքներ գործել։
ԱՆՏԻՈՔՈՍԸ ՅԱՐՁԱԿՒՈՒՄ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՎՐԱՅ
17Երբ Անտիոքոսի թագաւորութիւնը հզօրացաւ, նա մտադրուեց թագաւորել նաեւ Եգիպտացիների երկրի վրայ, որպէսզի միացնի երկու թագաւորութիւնները։ 18Նա մեծ զօրքով, ռազմակառքերով, փղերով ու բազում նաւերով արշաւեց Եգիպտացիների երկրի վրայ, 19որպէսզի պատերազմի Եգիպտոսի Պտղոմէոս թագաւորի դէմ։ Պտղոմէոսը պարտութիւն կրեց նրանից ու փախուստի դիմեց։ Այդ կռւում բազմաթիւ մարդիկ վէրքեր ստանալով մեռան։ 20Անտիոքոսն ասպատակեց ամբողջ երկիրը. նրա զօրքերը յանկարծակի վրայ էին հասնում, արագ հաւաքում էին աւարն ու գրաւում ողջ Եգիպտացիների երկրի բերդերը։
21Եգիպտացիներին յաղթելուց յետոյ Անտիոքոսը հարիւր քառասուներեք թուականին վերադարձաւ 22եւ մեծ զօրքով յարձակուեց Երուսաղէմ քաղաքի վրայ, 23յանդուգն գոռոզութեամբ մտաւ սուրբ տաճար, յափշտակեց ոսկէ զոհասեղանը, լոյսի աշտանակը, գանձատան բոլոր իրերը, առաջաւորութեան հացի սեղանը, սկիհներն ու տաշտերը, բոլոր խնկամաններն ու վարագոյրները, պսակներն ու ոսկէ զարդերը։ 24Առաջինն ինքը մտաւ տաճար, յափշտակեց ու ձուլեց ամէն ինչ, վերցրեց արծաթն ու ոսկին, զէնքն ու զրահը, ռազմական բոլոր իրերը, գտաւ ու վերցրեց թաքցրած գանձերն ու սրբազան բոլոր անօթները եւ գնաց իր երկիրը։ 25Նա շատ արիւն թափեց, շատ մարդկանց սպանեց, մեծ ամբարտաւանութեամբ խօսեց շատերի հետ։ 26Մեծ սուգ պատեց Իսրայէլին։
27Իրենց բոլոր տեղերում հեծեցին իշխաններն ու ծերերը, թուլացան աղջիկներն ու երիտասարդները, խամրեց կանանց գեղեցկութիւնը,
28բոլոր փեսաների դէմքերից անպակաս դարձաւ ողբն ու լացը, սգոյ բանտի վերածուեցին բոլոր հարսների ննջասենեակները,
29երկիրը սարսռաց իր բնակիչների համար, եւ անարգանքն ու ամօթը համակեց Յակոբի ամբողջ տունը։
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՄՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
30Այդ դէպքերից երկու տարի յետոյ Անտիոքոս արքան հարկահան մի իշխան ուղարկեց Հրէաստանի քաղաքները։ Սա Երուսաղէմ եկաւ բազմաթիւ զօրքերով 31եւ սկսեց նենգութեամբ խաղաղութիւն քարոզել։ Նրանք հաւատացին սրան, 32բայց սա յանկարծակի յարձակուեց քաղաքի վրայ, մեծ հարուածներ հասցրեց բնակիչներին եւ բազմաթիւ իսրայէլացիներ սպանեց։ 33Նա աւարի մատնեց քաղաքը, հրկիզեց նրա բոլոր փայտակերտ շինութիւնները, քանդեց, աւերեց քաղաքը շրջափակող պարիսպներն ու նրա ապարանքների բոլոր պատերը։ 34Գերեվարեցին կանանց ու մանուկներին, տիրացան նրանց բոլոր անասուններին։ 35Նրանք քաղաքի վերին կողմը հզօր աշտարակներով ամուր պարիսպ շինեցին, եւ դա նրանց համար ամրացուած քաղաքի միջնաբերդը եղաւ։ 36Այնտեղ լցրին մեղսագործ, անօրէն մարդկանց, զէնքերով զինեցին նրանց, մթերքներով ապահովեցին եւ Երուսաղէմի ողջ աւարը կուտակեցին ներսում։ 37Դրանք Իսրայէլի երկրի համար մշտապէս եղան մեծ որոգայթ, 38սրբութեան արգելքներ ու չար սատանայ։ 39Նրանք սուրբ տաճարի շուրջը անմեղ արիւն թափեցին եւ պղծեցին սրբավայրերը։ 40Դրանից յետոյ Երուսաղէմի բնակիչները նրանց պատճառով փախստական դարձան։ Երուսաղէմը օտարների բնակավայր դարձաւ եւ օտարացաւ իր հարազատ զաւակներից, որովհետեւ նրա որդիները հեռացան այնտեղից։
41Աւերուեց նրա սրբարանն ու վերածուեց անապատի։ Նրա տարեկան տօները սգի վերածուեցին, իսկ նրա շաբաթ օրերը՝ նախատինքի ու ամօթի։ Արհամարհուեց նրա պատիւը,
42նրա փառքը լցուեց անարգանքով, նրա վեհութիւնը դարձաւ սգի արժանի։
ԱՆՏԻՈՔՈՍԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՊԱՇՏԵԼ ԿՈՒՌՔԵՐԻՆ
43Ողջ աշխարհում հրովարտակներ արձակուեցին, որ երկրի բոլոր բնակիչները հրաժարուեն իրենց օրէնքներից եւ ընդունեն մէկ օրէնք՝ նրա՛ օրէնքը։ 44Բոլոր ազգերը ենթարկուեցին արքունի հրամանին։ 45Իսրայէլացիներից շատերը նոյնպէս դաւանեցին անօրէն կրօնը, զոհեր մատուցեցին նրանց կուռքերին ու պղծեցին իրենց շաբաթ օրերը։ 46Թագաւորը բանագնացների միջոցով հրովարտակներ ուղարկեց Երուսաղէմ եւ Հրէաստանի քաղաքները՝ նրանց ընդունել տալու համար օտարոտի օրէնքներ, 47վերացնելու ողջակիզումն ու սուրբ զոհերը, 48պղծելու շաբաթ օրերն ու ամենամեայ տօները, ապականելու սրբարանը, 49որպէսզի դրանց փոխարէն կռապաշտական զոհասեղաններ կանգնեցնեն, մեհեաններին արտեր յատկացնեն, 50նաեւ խոզեր ու խառնածին անասուններ մորթեն, 51որդիներին անթլփատ թողնեն, իրենց անձը պղծեն ամէն տեսակ անօրէն պղծութիւններով եւ բոլորովին մոռանան իրենց հաւատն ու փոխեն օրէնքները։ 52Եւ նա, ով չէր ենթարկուի թագաւորի հրամանին, կը դատապարտուէր մահուան։ 53Բոլոր վայրերում ոստիկանն արեց այն ամէնը, ինչ գրել էր թագաւորը։ 54Հրէաստանի քաղաքացիներին պարտադրեց, որ ամէն մէկը զոհեր մատուցի իր քաղաքում։ 55Նրանց մօտ հաւաքուեցին նախկին օրէնքներից դժգոհ բոլոր մարդիկ եւ չարագործութիւններով լցրին երկիրը։ 56Նրանք ստիպեցին Իսրայէլին քաշուել աւելի ամուր տեղեր եւ ապաստարաններ։
57Հարիւր քառասունհինգ թուականի քասղեւ ամսի քսանհինգին նա զոհասեղանի վրայ բարձրացրեց անապատի մի պիղծ կուռք։ 58Ամբողջ Հրէաստանի քաղաքների շուրջը մեհեաններ կառուցեցին եւ ապարանքների բոլոր դռների, քաղաքների բոլոր ճանապարհների վրայ խունկ ծխեցին։ 59Պատառոտում ու կրակն էին նետում իրենց ձեռքն ընկած Կտակարանի բոլոր գրքերը։ 60Ում մօտ Կտակարանի գիրք էին գտնում, կամ ով իր հաւատն էր դաւանում, թագաւորի հրամանի համաձայն նրան մահապատժի էին ենթարկում։ 61Այսպէս ամսէամիս սաստկանում էր հրամանը այն իսրայէլացիների նկատմամբ, որոնք գտնւում էին քաղաքներում։ 62Ամսի քսանհինգին զոհասեղանի վրայ կառուցուած հեթանոսական բագինների վրայ զոհ էին մատուցում։ 63Հրամանի համաձայն՝ սպանում էին այն կանանց, որոնք թլփատել էին իրենց երեխաներին 64եւ, ըստ արքունի հրամանի, երեխաներին կախում էին իրենց իսկ մայրերի պարանոցներից։ Նոյն կերպ էին վարւում թլփատողների եւ նրանց որդիների հետ։ 65Բազմաթիւ իսրայէլացիներ որոշեցին չուտել պիղծ բաներ, գերադասեցին յօժար կամքով մեռնել, բայց երբեք իրենց անձը չպղծել անմաքուր կերակուրներով, 66որպէսզի չպղծեն սուրբ ուխտը։ Դրա համար էլ շատերը մեռան։ 67Իսրայէլը դա համարեց իր համար մեծ տօն եւ ուրախութիւն։