Ա Մակաբայեցիներ
10
ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ՅՈՎՆԱԹԱՆԻՆ
ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ
1Հարիւր վաթսուն թուականին անտիոքացի Ալեքսանդր Եպիփանը գնաց ու գրաւեց պտղոմէացիների քաղաքը։ Ընդունեցին նրան, եւ նա այնտեղ թագաւորեց։ 2Երբ Դեմետրիոս արքան լսեց, բազմաթիւ զօրք հաւաքեց, վեր կացաւ, որ պատերազմի նրա դէմ։ 3Դեմետրիոսը նրան խաղաղութեան պատգամ ուղարկեց, որ նրանք մեծարեն իրեն։ 4«Շտապեցէ՛ք, - ասաց, - նրա հետ խաղաղութեան դաշինք կնքել, քանի դեռ Ալեքսանդրը նրանց հետ դաշինք չի կնքել ընդդէմ մեզ։ 5Ես գիտեմ, նա կը յիշի իր դէմ, իր եղբայրների ու իր ազգի դէմ մեր կատարած չարագործութիւնները»։ 6Եւ նա նրան իրաւունք տուեց զօրք հաւաքելու, սպառազինուելու, որպէսզի նա իր նիզակակիցը դառնայ, իսկ ամրոցում գտնուող պատանդներին հրամայեց յանձնել նրա ձեռքը։ 7Յովնաթանն եկաւ Երուսաղէմ։ Նա նամակը կարդաց ամբողջ ժողովրդի առաջ եւ նրանց առաջ, ովքեր բերդում էին։ 8Նրանք խիստ վախեցան, որովհետեւ լսեցին, թէ արքան նրան իրաւունք է տուել զօրք հաւաքելու։ 9Բայց պատանդներին բերեցին ու յանձնեցին նրան, իսկ նա նրանց յանձնեց իրենց ընտանիքներին։
10Յովնաթանը բնակուեց Երուսաղէմում, սկսեց բարեկարգել ու նորոգել քաղաքը։ 11Նա պարսպի շինարարութեան վրայ աշխատողներին ասաց. «Շինեցէ՛ք այդ պարիսպը եւ պատեցէ՛ք Սիոն լերան շուրջը քառանկիւն որձաքարերով»։ Այդպէս էլ արեցին։ 12Այն ժամանակ Բաքիդէսի կառուցած բերդում ապրող այլազգիները փախուստի դիմեցին։ 13Նա ամէն մէկին թողեց իր տեղում, իսկ ինքը գնաց իր հայրենի երկիրը։ 14Բեթսորում մնացել էին Օրէնքին ու հրամաններին չենթարկուող մի քանի մարդիկ, որովհետեւ դա նրանց ապաստարանն էր։
15Երբ Ալեքսանդր արքան լսեց այն խոստումները, որ Դեմետրիոսը տուել էր Յովնաթանին, եւ պատմեցին նրան այն պատերազմի մասին, որ նա քաջաբար մղել էր իր եղբայրների հետ, եւ այն տանջանքները, որ նա կրել էր, ասաց. 16«Մի՞թէ երբեւէ կարող ենք գտնել այսպիսի մի տղամարդ։ Եկէք նրան դարձնենք մեր բարեկամն ու օգնականը»։ 17Նա հրամայեց նրանց հրովարտակ ուղարկել հետեւեալ խօսքերով. 18«Ալեքսանդր արքայից ողջո՜յն իր եղբայր Յովնաթանին։ 19Քո մասին լսել ենք, թէ քաջ տղամարդ ես, եւ արժանի է, որ լինես մեր բարեկամը։ 20Արդ, մենք քեզ այսօր նշանակում ենք քո ազգի քահանայապետ եւ քեզ կոչում ենք արքայի բարեկամ (եւ հրամայեց նրա համար տանել ոսկէ պսակ ու ծիրանիներ)։ Արդ, հաստատո՛ւն մնա մեր դաշինքի վրայ եւ պահպանի՛ր մեր նկատմամբ ունեցած քո հաւատարիմ բարեկամութիւնը։ Ո՛ղջ եղիր»։
21Յովնաթանը հագաւ այդ ընտիր պատմուճանը։ Հարիւր վաթսուն թուականին, տաղաւարահարաց տարեկան տօնի ժամանակ զօրք հաւաքեցին, սպառազինուեցին եւ ուրախութիւններ կատարեցին։
ՀՐԵԱՆԵՐԸ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ
ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
22Այս բաները լսելով՝ Դեմետրիոսը խիստ տրտմեց 23ու ասաց. «Այս ի՞նչ արեցինք, ինչո՞ւ մենք նրանց չդարձրինք մեզ օգնական։ Ալեքսանդրը կանխեց մեզ, նրանց հետ խաղաղութեան դաշինք կնքեց եւ Հրէաստանը հաստատապէս իր ձեռքն առաւ։ 24Արդ, եկէք մենք էլ նրանց գրենք ողջոյնի ու մեծարանքի խօսքեր, պարգեւներ խոստանանք, որպէսզի նրանք դառնան մեր օգնականները»։ 25Եւ նա նրանց հրովարտակ ուղարկեց հետեւեալ խօսքերով. «Դեմետրիոս արքայից ողջո՜յն հրեայ ազգին։ 26Քանի որ դուք պահպանեցիք մեզ հետ կնքած ուխտն ու դաշինքը, շարունակեցիք մնալ մեր բարեկամը, թշնամիներին աջակից չեղաք, մենք, լսելով այդ, ուրախ եղանք։ 27Արդ, շարունակեցէ՛ք, պահպանեցէ՛ք մեր նկատմամբ ունեցած հաւատարմութիւնը, 28եւ մենք դրա փոխարէն բազում բարեգործութիւններով կը հատուցենք ձեզ, բազմաթիւ պարգեւներ կը տանք։ 29Ձեզ ազատ կ’արձակենք, բոլոր հրեաներին կ’ազատենք տուրքերից, աղի ու պսակի, սերմի երրորդ բաժին հարկերից, 30իսկ ինձ պատկանող հանրային այգիներն ու ծառերը այսօրուանից սկսած եւ յետագայում կը թողնեմ ձեզ։ 31Երուսաղէմը թող մնայ սուրբ ու նուիրական իր շրջակայ սահմաններով։ Տասանորդից վերցրած մաքսը վերացնում ենք ձեզանից։ 32Միջնաբերդի իշխանութիւնը յանձնում ենք քահանայապետին։ Դա պահպանելու համար նա թող այնտեղ կարգի այն մարդկանց, որոնց ինքը կ’ընտրի։ 33Հրէաստանից իմ թագաւորութեան երկրները բերուած ամէն մի գերի հրեայ առանց փրկագնի՝ ձրի թող ազատ արձակուի։ Թող վերանան հասի, մաքսի ու գրաստի հարկերը։ 34Իմ թագաւորութեան մէջ գտնուող բոլոր հրեաները տարեկան բոլոր տօներին, շաբաթ օրերին, ամսուայ սկզբներին, տօնին նախորդող եւ տօնին յաջորդող երեք օրերին հարկ թող չվճարեն։ 35Ոչ ոք թող չյանդգնի որեւէ մէկին պահանջ ներկայացնել կամ որեւէ մէկին նեղել իմ բոլոր գործերի պատճառով։ 36Անդրանիկ զաւակները թող մտնեն արքունի զօրքի մէջ, նրանց թիւը թող լինի մինչեւ վեց հարիւր հազար զօրական, եւ նրանք ըստ օրէնքի պարգեւներ թող ստանան արքունի առաջին զօրքի մեծամեծներին հաւասար։ 37Ովքեր հաւատարիմ են, դարձեալ նրանցի՛ց թող նշանակուեն արքունի պաշտօնեաներ, նրանք թող դառնան իշխաններ ու վերակացուներ, նրանք թող առաջնորդուեն այն օրէնքներով, որ արձակել է արքան Հրէաստանում։ 38Նախկինում Հրէաստանին պատկանող երեք գաւառները Սամարացիների երկրից թող վերադարձուի Հրէաստանին, եւ երկուսի համար թող գործի մէկ օրէնք, որ ուրիշը չկարողանայ իշխել նրանց վրայ, այլ՝ քահանայապետը։ 39Պտղոմէացիների քաղաքը թող պարգեւ տրուի Երուսաղէմում գտնուող սրբարանին, որպէսզի հոգացուեն սրբարանի համար յատկացուող ծախսերը։ 40Ամէն տարի ես արքունի գանձարանից կը տամ տասնհինգ հազար կշիռ արծաթ, որոնք կը ստացուեն ինձ ենթակայ վայրերից։ 41Այն մթերքը, որ կը պակասի, եւ իրենք չեն կարողանայ ձեռք բերել, արքունիքից կը տրուի, ինչպէս եղել է առաջին սերունդների ժամանակ։ 42Դրանք սրանից յետոյ թող տրուեն արքունի միջոցներից։ Բացի այդ, սրբարանի եկամուտներից ամէն տարի գանձուող հինգ հազար կշիռ արծաթը զեղչում եմ, որովհետեւ դա պէտք է քահանաներին ու պաշտօնեաներին։ 43Ով արքունիքին պարտք ունենալու պատճառով կը ցանկանայ փախչել ու մտնել Երուսաղէմի տաճարը, կամ ով դրա սահմաններում է գտնւում, թող ներում ստանայ։ Նրանք թող ազատ արձակուեն։ 44Սուրբ շինութիւններից ամէն ինչ, որ աւերուած-կործանուած կը լինի, թող կառուցուի ու նորոգուի, իսկ ծախսերը թող վճարուի արքունիքից։ 45Թող կառուցեն Երուսաղէմի պարիսպը, չորս կողմը թող ամրացնեն, իսկ ծախսերը թող վճարուի արքունիքից։ Թող կառուցուեն Հրէաստանի բոլոր բերդապարիսպները»։
ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ՄԱՀԸ
46Երբ Յովնաթանն ու ժողովուրդը լսեցին այս բանը, երբեք չհաւատացին ու չընդունեցին նրանց, որովհետեւ յիշեցին Երուսաղէմում նրանց կատարած մեծամեծ չարագործութիւնները, նրանց պատճառած նեղութիւնները։ 47Նրանք գերադասեցին Ալեքսանդրի հետ հաշտութիւնը, որովհետեւ նախ նա էր խաղաղութիւն առաջարկողը, իրենք նրա նիզակակիցներն էին, եւ նա իրենց օգնականն էր եղել իրենց կեանքի բոլոր օրերում։
48Ալեքսանդր արքան զօրաժողով արեց, բազմաթիւ զօրքեր հաւաքեց, որ գայ, պատերազմ տայ Դեմետրիոսի դէմ։ 49Երկու թագաւորները եկան միմեանց բախուեցին, եւ Դեմետրիոսի զօրագունդը փախուստի դիմեց։ Ալեքսանդրը հետապնդեց նրանց. 50ճակատամարտը սաստկացաւ մինչեւ արեւի մայր մտնելը։ Այդ օրն այդտեղ, Ալեքսանդրի առաջ սպանուեց Դեմետրիոսը։ Հարուածեցին, հալածեցին եւ նոյն օրն էլ ամէն ինչ աւարտի հասցրին։
ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է
ՊՏՂՈՄԷՈՍ Զ-Ի ԴՍՏԵՐ ՀԵՏ
51Ալեքսանդրը Եգիպտացիների երկիր՝ Պտղոմէոս արքայի մօտ բանագնացներ ուղարկեց եւ հետեւեալը պատուիրեց. «Թող յայտնի լինի քեզ, ո՜վ արքայ Եգիպտոսի, 52որ ես տէր դարձայ իմ տէրութեանը, ես նստեցի իմ հայրերի գահին, իշխանութիւնը վերցրի իմ ձեռքը, հարուածեցի ու վանեցի Դեմետրիոսին իր զօրքով հանդերձ եւ վերանուաճեցի իմ երկիրը։ 53Պատերազմում հարուածեցի ու վանեցի նրան ու իր զօրքերը, նստեցի նրա թագաւորական գահին։ 54Արդ, ե՛կ միմեանց միջեւ խաղաղութիւն հաստատենք. դու քո դստերն ինձ կնութեա՛ն տուր, որ նա ինձ արժանի կին լինի, իսկ ես էլ՝ քո արժանի փեսան»։
55Եգիպտացիների արքան պատասխան տուեց ու ասաց. «Բարի է այն օրը, երբ դու վերադարձար քո նախնիների երկիրը եւ նստեցիր քո հայրերի արքայական գահին։ 56Ես պատրաստ եմ յօժար կամքով անել այն ամէնը, ինչ դու գրել ես ինձ։ Եկ հանդիպենք իրար պտղոմէացիների քաղաքում, տեսնենք միմեանց, եւ քեզ իմ փեսան դարձնեմ, ինչպէս որ դու ես ասել»։
57Պտղոմէոս արքան ելաւ Եգիպտացիների երկրից հարիւր վաթսուներկու թուականին եւ իր Կլէոպատրա դստեր հետ եկաւ պտղոմէացիների քաղաքը։ 58Երկու թագաւորները հանդիպեցին միմեանց, եւ Պտղոմէոսը իր Կլէոպատրա դստերը տուեց նրան։ Պտղոմէացիների քաղաքում հարսանիք արեցին մեծ ճոխութեամբ ու մեծ շուքով, ինչպէս վայել է թագաւորներին։
59Ալեքսանդրը Յովնաթանին հրովարտակ ուղարկեց, որ սա գայ իր մօտ։ 60Յովնաթանը մեծ շուքով գնաց պտղոմէացիների քաղաքը, երկու թագաւորներին հանդիպելով մեծամեծ նուէրներ տուեց եւ ինքն էլ նրանցից նուէրներ ստացաւ։ 61Երուսաղէմի անօրէն մարդիկ հաւաքուեցին, որպէսզի ամբաստանեն նրան, սակայն թագաւորը նրանց չլսեց։ 62Արքան հրամայեց հանել Յովնաթանի զգեստները. նրան հագցրին ծիրանի զգեստներ. արքան նրան նստեցրեց իր կողքը 63եւ ասաց իշխաններին. «Կը գնաք նրա հետ, բոլոր քաղաքներում կը յայտնէք իմ հրամանը, որ ոչ ոք չյանդգնի ամբաստանել նրան, եւ ոչ ոք չնեղացնի նրան ոչ մի բանով»։
64Երբ չարագործները տեսան նրա նկատմամբ ցուցաբերուած պատիւը, լսեցին հրամանի խօսքերը եւ տեսան ծիրանի զգեստները, բոլորը փախան, թաքնուեցին, անհետացան։ 65Թագաւորը պատիւ տուեց նրան առաջին բարեկամների հետ հաւասար, նրան նշանակեց սպարապետ եւ կուսակալ։ 66Յովնաթանը վերադարձաւ Երուսաղէմ՝ լցուած ուրախութեամբ ու խաղաղութեամբ։
ԱՊՈԼՈՆԻՈՍԻ ԱՐՇԱՒԱՆՔԸ ԵՒ ՆՐԱ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
67Հարիւր վաթսունհինգ թուականին Դեմետրիոսի որդի Դեմետրիոսը կրետացիների կողմերից եկաւ իր հայրերի երկիրը։ 68Ալեքսանդրը խիստ տրտմեց ու այնտեղից վերադարձաւ անտիոքացիների քաղաքը։ 69Դեմետրիոսն այնտեղ նշանակեց Ապոլոնիոսին, որն առաջ Ստորին Ասորիքի վերակացուն էր։ Նա բազմաթիւ զօրք հաւաքեց, եկաւ, բանակ դրեց Յամնիայի շրջակայքում։ Նա Յովնաթան քահանայապետի մօտ մարդ ուղարկեց, որ ասի հետեւեալը. 70«Դու ես միայն, որ գլուխդ բարձրացրել, գոռոզացել ես մեզ վրայ, իսկ ես քո պատճառով նախատինքի ու ծաղրի եմ ենթարկուել։ Ի՞նչ ես փքուել ու նստել քո լեռներում։ 71Արդ, եթէ յոյսդ քո զօրքի վրայ է, ե՛կ, իջի՛ր դաշտ, մեզ մօտ, հանդիպենք միմեանց, որովհետեւ ես էլ այստեղ ինձ հետ քաղաքի զօրք ունեմ։ 72Արդ, հարցրո՛ւ, փորձի՛ր, տե՛ս, թէ ով եմ ես, կամ ովքեր են մեր օգնականները. նրանք քեզ կ’ասեն. “Դու մեզ հետ կռիւ անել չես կարող, որովհետեւ ձեր հայրերին իրենց իսկ երկրում երկու անգամ պարտութեան ենք մատնել մենք”։ 73Արդ, դու չես կարող դիմադրել այսքան հեծելազօրին այս դաշտում, ուր թաքնուելու համար ո՛չ թուփ կայ, ո՛չ փախուստի տեղ, ո՛չ ապաւինելու ժայռ եւ ո՛չ էլ նետելու քար»։
74Երբ Ապոլոնիոսի այս խօսքերը լսեց Յովնաթանը, բարկացաւ իր մտքում, անմիջապէս ոտքի ելաւ, իր զօրքից ընտրեց մօտ տասը հազար ընտիր զինուոր եւ դուրս եկաւ Երուսաղէմից։ Նրան ընդառաջ եկաւ իր եղբայր Շմաւոնը՝ օգնելու նրան։ 75Նրանք եկան հասան յոպպէացիների քաղաքը։ Քաղաքացիները դռները փակեցին նրանց դէմ, որովհետեւ Ապոլոնիոսը սրանց վրայ պահապան ոստիկաններ էր նշանակել։ Նրանք յարձակուեցին, պատերազմ մղեցին քաղաքի դէմ։ 76Քաղաքի բնակիչները վախից բաց արեցին քաղաքի դռները, եւ նրանք մտան ու գրաւեցին քաղաքը։ 77Երբ դա լսեց Ապոլոնիոսը, պատրաստութիւն տեսաւ, իր հետ վերցրեց երեք հազար սպառազէն մարդ ու բազմաթիւ այլ զօրքեր, 78գնաց Ազոտի կողմերը, իբր պիտի անցնէր դաշտի մօտով, մինչդեռ նա ուղիղ գնում էր դէպի դաշտավայրը, որովհետեւ վստահ էր իր հեծելազօրի վրայ։ Յովնաթանը հետապնդեց նրան, որպէսզի ճակատամարտ տայ։ 79Ապոլոնիոսը նրա հետքերով դարան էր դրել հազար հեծեալ։ 80Յովնաթանն իմացաւ, որ իր համար դարան են դրել, ուստի եկաւ, փակեց, պաշարեց դարանակալների ամրոցը եւ դրա շուրջը պատնէշ կառուցեց։ Դրանց պաշարուած էին պահում առաւօտից մինչեւ երեկոյ, ինչպէս հրամայել էր նրանց Յովնաթանը։ 81Հեծեալները յոգնեցին, տանջուեցին ու թուլացան։ 82Շմաւոնն իր գնդով բռնեց գաղտնի ճանապարհը, եկաւ կանգնեց ձորակի գլխին ու յարձակուեց նրանց վրայ։ Քանի դեռ սրանք թուլացած էին ու յոգնած, յարձակուեց սրանց վրայ, շատերին սպանեց հէնց դարանում, 83հեծելազօրից շատերին դաշտի վրայ փախուստի մատնեց ու հալածեց մինչեւ Ազոտի կողմերը։ Նա այնպիսի իրարանցում գցեց սրանց մէջ, որ փախստականները եկան Դագոնի մեհեանում պատսպարուելու։ 84Յովնաթանն իր զօրքով եկաւ, պաշարեց Դագոնի մեհեանն ու ազոտացիների քաղաքը եւ աւարի մատնեց դրա շրջակայքի քաղաքները, հրկիզեց Դագոնի մեհեանն այնտեղ պատսպարուողներով հանդերձ։ 85Սրից ընկածների ու այրուածների թիւը հասաւ մօտ ութ հազարի։ 86Յովնաթանն այնտեղից շարժուեց գնաց ու բանակ դրեց Ասկաղոնի կողմերում։ Այդ քաղաքից մարդիկ ընդառաջ եկան նրան եւ պատիւներ մատուցեցին։ 87Յովնաթանն իր զօրագնդով վերադարձաւ Երուսաղէմ հարուստ աւարով, որովհետեւ կողոպտել ու յափշտակել էր բազում թշնամիների։
88Երբ դա լսեց Ալեքսանդրը, առաւել եւս սկսեց փառաւորել Յովնաթանին։ 89Նրան ուղարկեց ոսկէ ճարմանդ, որ աւանդաբար տալիս էին թագաւորի եղբայրներին, եւ, իբրեւ ժառանգութիւն, նրան տուեց Ակկարոնն իր բոլոր սահմաններով։