Ա Մակաբայեցիներ

11

ՊՏՂՈՄԷՈՍ Զ-Ի ԱՐՇԱՒԱՆՔԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԴԷՄ

1Եգիպտացիների թագաւորը զօրք կազմեց, ծովափի աւազի չափ բազմաթիւ զինուորներ եւ շատ նաւեր հաւաքեց։ Նա ուզում էր նենգութեամբ Ալեքսանդրի թագաւորութեանը տիրանալ եւ այն միացնել իր թագաւորութեանը։ 2Նա խաղաղութեան պատգամներով եկաւ Ասորիքի կողմերը։ Դարպաս էին բաց անում նրա առաջ եւ ընդառաջ գնում նրան։ Դա Ալեքսանդր արքայի պատուէրն էր, որովհետեւ Պտղոմէոսն իր աներն էր։ 3Երբ Պտղոմէոսը մտնում էր քաղաքները, ամէն մի քաղաքում իր զօրքից պահապաններ էր թողնում։ 4Երբ նրանք եկան մօտեցան ազոտացիների քաղաքին, նրան ցոյց տուեցին Դագոնի հրկիզուած մեհեանը, քաղաքը եւ պատերազմի ժամանակ կրակի մատնուած նրա շրջակայ քաղաքների այրուած դիակները, որ բերել կոյտ-կոյտ դիզել էին ճանապարհի վրայ։ 5Արքային պատմեցին այն ամենի մասին, ինչ կատարել էր Յովնաթանը, եւ աչքից գցեցին նրան։ Թագաւորը լուռ էր։ 6Յովնաթանը մեծ պատիւներով դիմաւորեց թագաւորին յոպպէացիների քաղաքում։ Իրար ողջոյն տուեցին ու միասին անցկացրին այդ օրը։ 7Յովնաթանն արքայի հետ գնաց մինչեւ Ազատ կոչուող գետի կողմերը եւ այդտեղից վերադարձաւ , 8իսկ Պտղոմէոս արքան գրաւեց ծովեզրեայ քաղաքները մինչեւ սելեւկացիների քաղաքը. նա Ալեքսանդրի դէմ դաւադրութիւն էր պատրաստում։

9Նա Դեմետրիոս արքայի մօտ բանագնացներ ուղարկեց ու ասաց. «Եկ իրար հետ ուխտ դնենք ու դաշինք կնքենք։ Ես քեզ կը տամ Ալեքսանդրի մօտ գտնուող իմ դստերը, եւ դու կը տիրանաս քո հօր թագաւորութեանը։ 10Ես զղջում եմ, թէ ինչու իմ դստերը տուեցի նրան կնութեան, քանի որ նա մահուան դաւ է նիւթում իմ դէմ»։ 11Այսպէս նա զրպարտեց Ալեքսանդրին, որովհետեւ աչք էր դրել նրա տէրութեան վրայ։ Նա իր դստերը յետ բերեց ու տուեց Դեմետրիոսին։ 12Նա երես դարձրեց Ալեքսանդրից եւ յայտնի դարձրեց իր թշնամանքը։ Պտղոմէոսը մտաւ ու գրաւեց քաղաքները, ծովեզրեայ Սելեւկիան եւ Ալեքսանդրի դէմ դաւ էր նիւթում։ 13Նա եկաւ մտաւ անտիոքացիների քաղաքը, գլխին դրեց ասիացիների թագն ու իրեն պսակեց կրկնակի թագով՝ ասիացիների թագով ու եգիպտացիների թագով։

14Այդ ժամանակ, սակայն, Ալեքսանդր արքան Կիլիկիայի կողմերում էր, որովհետեւ ապստամբութիւն էին բարձրացրել նրա դէմ։ 15Երբ դա իմացաւ Ալեքսանդրը, եկաւ տալու։ Պտղոմէոսը նրա դէմ ելաւ բազմաթիւ զօրքով եւ նրան պարտութեան մատնեց։ 16Ալեքսանդրը փախաւ արաբացիների կողմերը, որպէսզի թաքնուի այնտեղ ու ազատուի նրանից։ Հզօրացաւ Պտղոմէոս արքան։ 17Եկաւ արաբ Զաբեէլը, կտրեց Ալեքսանդրի գլուխը եւ տուեց, որ այն տանեն Պտղոմէոս արքային։ 18Երրորդ օրը մեռաւ Պտղոմէոսը, եւ բոլոր նրանք, ովքեր բերդի շուրջն էին գտնւում, կոտորուեցին բնակիչների կողմից։ 19Դեմետրիոսը թագաւորեց հարիւր վաթսունեօթը թուականին։

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԴԵՄԵՏՐԻՈՍ Բ-Ի

ԵՒ ՅՈՎՆԱԹԱՆԻ ՄԻՋԵՒ

20Այդ օրերին Յովնաթանը Հրէաստանում զօրք հաւաքեց, որ գայ պատերազմ մղի Երուսաղէմում գտնուող բերդի համար։ Նրա շրջակայքում կանգնեցրին բազմաթիւ ռազմական մեքենաներ։ 21Հրեայ ազգին մի քանի անօրէն մարդիկ գնացին պատմեցին թագաւորին, թէ Յովնաթանը մեքենաներ է կանգնեցրել ու շրջապատել բերդը, պատրաստուել է գրաւելու այն։ 22Երբ դա լսեց Դեմետրիոսը, խիստ բարկացաւ, վեր կացաւ ու եկաւ պտղոմէացիների մօտ, հրովարտակներ ուղարկեց Յովնաթանին, որ բերդն այլեւս պաշարման մէջ չպահի, այլ անմիջապէս վեր կենայ ու գայ պտղոմէացիների քաղաքը, որպէսզի այնտեղ հանդիպեն միմեանց։ 23Երբ դա լսեց Յովնաթանը, հրամայեց առաւել եւս ուժեղացնել բերդի պաշարումը, իսկ ինքը ժողովրդի ծերերից ու քահանաներից վերցրեց ազնիւ եւ իմաստուն մարդկանց, 24ճանապարհ ընկաւ նուէրներով, ոսկով ու արծաթով, իր անձը մահուամբ վտանգելով գնաց, որ պտղոմէացիների քաղաքում հանդիպի թագաւորին։ 25Նա նրա կողմից պատուի արժանացաւ, թէեւ շատ անօրէններ էին ամբաստանել նրան։ 26Թագաւորը նրան մեծարեց, ինչպէս իր նախնիներն էին մեծարել, պատուեց նրան իր բոլոր բարեկամների մօտ, 27նրան տուեց քահանայապետութեան իշխանութիւն եւ այն բոլոր պատիւները, որ ունէին քահանայապետները նրանից առաջ։ Նա նրան իր առաջին բարեկամների շարքը դասեց։

28Յովնաթանը խնդրեց արքային, որ վերացնի Հրէաստանի եւ Սամարիայի երեք կուսակալութիւնների հարկերը։ Նա խոստացաւ նրան տալ միայն երեք հարիւր քանքար։ 29Թագաւորին դա ընդունելի թուաց, եւ նա այս բոլորի համար հրամայեց Յովնաթանին տալ հրովարտակ հետեւեալ բովանդակութեամբ.

30«Դեմետրիոս արքան ողջունում է իր Յովնաթանին։ 31Այս հրովարտակի պատճէնը մենք ուղարկել ենք մեր եղբայր Լասթենէսին։ Նոյնի օրինակն էլ ձեզ ենք գրում, որ տեղեակ լինէք։ 32“Արքայ Դեմետրիոսը ողջունում է Լասթենէսին։ 33Մեր բարեկամ, օգնական, նիզակակից, ուխտապահ հրեաներին արժանի ենք համարում, որ հանգիստ թողնենք նրանց, բարութիւն հատուցենք այն արդարութեան ու հաւատարմութեան համար, որ նրանք ցուցաբերել են մեր նկատմամբ։ 34Հաստատում ենք Հրէաստանի սահմանները եւ երեք գաւառները՝ Ափարիմը, Լուդան ու Ռաթամինը։ Դրանք թող անջատուեն Սամարիայից եւ կցուեն Հրէաստանին։ Այսուհետեւ օրէնքով սահմանուած այդ գաւառների հարկերը թող յատկացուեն Երուսաղէմի պաշտօնեաներին։ Արքունի այն եկամուտները, որոնք ամէն տարի ստացւում են հողի արտադրանքից ու պտղատու ծառերի բերքից, 35արքունի հարկերը, տասանորդները, մաքսերը, արքունի այլ եկամուտները, աղի տուրքը, պսակների հարկը, - 36այս բոլորը զիջում ենք նրանց։ Սրանցից ոչ մէկը թող չխախտուի յաւիտենապէս։ 37Արդ, հո՛գ տարէք, որ այդ հրովարտակի մի պատճէնը հանէք եւ յանձնէք Յովնաթանին, որպէսզի այն դնի սրբարանի գանձարանում, աչքի ընկնող եւ յարմար տեղում”»։

ՅՈՎՆԱԹԱՆԻ ՕԳՆՈՒԹԻՒՆԸ ԴԵՄԵՏՐԻՈՍ Բ-ԻՆ

38Երբ Դեմետրիոս արքան տեսաւ, որ ողջ երկիրը հնազանդուել է իրեն, եւ աշխարհում չկար մի բան, որ հակառակուէր իր կամքին, հրաման տուեց, որ ամէն մի զօրք արձակուի ու վերադառնայ իր տեղը, բացի հեռաւոր ազգերի զինուորներից ու կղզիներից հաւաքուած ռազմիկների գնդից։ Բոլոր ազգերի զօրքերը թշնամացան նրա դէմ։

39Ալեքսանդրի տոհմում կար Տրիփոն անունով մէկը։ Երբ տեսաւ, որ բոլոր զօրքերը տրտնջում են Դեմետրիոսի դէմ, գնաց Իմալկուս Արաբացու մօտ, որը սնում ու դաստիարակում էր Ալեքսանդրի պատանի որդի Անտիոքոսին։ 40Նա ստիպեց նրան, որ պատանուն իրեն յանձնի, որպէսզի ինքը բերի նրան ու հօր գահին նստեցնի։ Նա նրան պատմեց նախկինում Դեմետրիոսի կատարած գործերի մասին եւ այն բոլոր թշնամութիւնների, որ մի ժամանակ ունէր զօրքը նրա նկատմամբ։ Նա նրա մօտ մնաց շատ օրեր։

41Յովնաթանը Դեմետրիոս արքայի մօտ մարդ ուղարկեց, որ նա հրաման տայ միջնաբերդից եւ միւս բերդերից դուրս հանելու զօրքերը, որովհետեւ սրանք թշնամաբար էին տրամադրուած Իսրայէլի նկատմամբ։ 42Դեմետրիոսը մարդ ուղարկեց Յովնաթանի մօտ ու ասաց. «Ես ոչ միայն քեզ ու քո ազգի համար կ’անեմ այդ, այլեւ պատուի կ’արժանացնեմ քո ազգը, միայն թէ ժամանակ գտնեմ։ 43Դու լաւ կ’անես, եթէ օգնական մի գունդ ուղարկես, որովհետեւ իմ զինուորներն ինձ լքել են»։

44Երբ դա լսեց Յովնաթանը, անմիջապէս լաւ սպառազինուած երեք հազարանոց մի գունդ ուղարկեց անտիոքացիների քաղաքը իբրեւ թագաւորի օգնական։ Թագաւորն ուրախացաւ, որ նրանք հասան իր մօտ։ 45Երբ դա իմացան քաղաքի բնակիչները, զանազան տեղերից եկան հաւաքուեցին քաղաքի կենտրոնում հարիւր քսան հազար մարդ եւ թագաւորի վրայ յարձակուելով՝ ուզում էին նրան անմիջապէս սպանել, 46բայց նա խոյս տուեց նրանցից։ Նրանք անմիջապէս գրաւեցին քաղաքի բոլոր փողոցների մուտքերը եւ սկսեցին կռուել։ 47Իսրայէլեան գունդն այդ իմանալով՝ կուտակուեց թագաւորի ապարանքի մօտ. մարդիկ ձայն տուեցին միմեանց ու տարածուեցին ամբողջ քաղաքում։ 48Հարուածելով սպանեցին, կոտորեցին մօտ տասը հազար մարդ, հրդեհի մատնեցին քաղաքի փայտակերտ բոլոր շէնքերը եւ կողոպտեցին նրանց կայքն ու ունեցուածքը, իրենց մօտ բերեցին թագաւորին ու փրկեցին նրանց ձեռքից։

49Երբ քաղաքի գնդի մնացած զինուորները տեսան, որ իսրայէլեան գունդը հզօրացել է, կատարելապէս յաղթել իրենց, յուսալքուեցին, թուլացան ու հրաժարուեցին իրենց մտադրութիւնից։ Նրանք աղաչական ձայնով սկսեցին դիմել թագաւորին ու ասացին. 50«Խղճա՛ մեզ, մոլեգնած գունդը թող դադարեցնի քաղաքի բնակիչների կոտորածը»։ 51Ասում էին այս, եւ ամէն մէկն իր զէնքը նետում էր յաղթողների ոտքերի առաջ։ Իսրայէլեան գնդի փառքն ու պատիւը բարձրացաւ թագաւորի ու նրա ողջ զօրքի աչքին։ Դրանից յետոյ նրանք մեծ պատուով ու բազում աւարով վերադարձան Երուսաղէմ։ 52Դեմետրիոս արքան նստեց իր տէրութեան գահին, եւ ամբողջ երկիրը դողաց նրա առաջ։ 53Բայց նա դրժեց այն բոլոր խոստումները, որ տուել էր իսրայէլացիներին, բոլորովին օտարացաւ Յովնաթանից եւ չհատուցեց նրա հաւատարիմ ծառայութեան փոխարէն։

ՅՈՎՆԱԹԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է

ԱՆՏԻՈՔՈՍ Զ-ԻՆ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ԴԷՄ

54Այս դէպքերից յետոյ վերադարձան Տրիփոնն ու նրա հետ պատանի Անտիոքոսը, որն արդէն թագաւոր էր դարձել ու նստել տէրութեան գահին։ 55Նրա մօտ հաւաքուեցին Դեմետրիոսի բոլոր ցրուած զինուորները, պատերազմեցին Դեմետրիոսի դէմ ու խայտառակ կերպով նրան փախուստի մատնեցին։ 56Տրիփոնն եկաւ փղերով ու գրաւեց անտիոքացիների քաղաքը։

57Պատանի Անտիոքոսը հրաման արձակեց, որ Յովնաթանին հրովարտակ ուղարկեն, ուր ասուած էր. «Քեզ եմ նշանակում, քեզ հաստատում եմ չորս գաւառների վերակացու, քեզ համարում եմ մեր իսկական եւ առաջին բարեկամներից մէկը»։ 58Նա հրամայեց, որ նրան տանեն ոսկէ գաւաթներ ու տաճարի սպասքը։ Նրան տուեց ըմպել ոսկէ գաւաթներով, ծիրանի զգեստներ հագնել, թագաւորական նշանի նման ճարմանդ կրել։ 59Հրաման տուեց, որ նրա եղբայր Շմաւոնը նշանակուի եւ զօրավար Ծուրից մինչեւ եգիպտացիների սահմանը։

60Յովնաթանը ելաւ, որ շրջագայի Յորդանան գետի այն կողմում եւ քաղաքներում։ Իբրեւ օգնական նրա մօտ հաւաքուեցին Ասորիքի բոլոր զինուորները։ Նա եկաւ Ասկաղոնի կողմերը։ Մեծամեծ գովաբանութիւններ անելով նրան ընդառաջ ելան քաղաքացիները։ 61Այնտեղից նա գնաց Գազա, բայց գազացիները նրա առաջ փակեցին դարպասները։ Նա շրջապատեց նրանց, հրդեհի մատնեց նրանց աւանները, բռնագրաւեց նրանց ինչքն ու ունեցուածքը։ 62Դրանից յետոյ եկան գազացիները, կանգնեցին ու խոնարհուեցին նրա առաջ, իրենց իշխանների որդիներին պատանդ տուեցին։ Նա նրանց ուղարկեց Երուսաղէմ, իսկ ինքն անցաւ երկիրը մինչեւ Դամասկոսի կողմերը։

63Յովնաթանը լսեց, որ Դեմետրիոսի իշխանները բազում զօրքերով հասել են գալիլիացիների կողմերը՝ Կադէս, նրան իշխանութիւնից զրկելու դիտաւորութեամբ։ 64Նա իր եղբայր Շմաւոնին վերակացու թողեց երկրի վրայ, իսկ ինքը գնաց նրանց ընդառաջ։ 65Շմաւոնը յարձակուեց Բեթսորի վրայ, բազում օրեր պաշարեց այն, կալանքի տակ պահեց նրա բնակիչներին։ 66Նրանք սկսեցին աղաչել նրան, որ իրենց հետ դաշինք կնքի։ Շմաւոնը համաձայնեց, նրանց տեղահան արեց քաղաքից եւ այդտեղ, քաղաքի վրայ պահապաններ նշանակեց։

67Յովնաթանն իր զօրքով եկաւ ու բանակ դրեց Գեննեսարեթի ջրերի մօտ։ Երբ առաւօտեան հասաւ Նասորի դաշտը, 68այլազգիների մի գունդ ընդառաջ եկաւ նրան մի դաշտավայրում, բայց նրանք ծուղակ էին պատրաստել. գնդի կէսը դարան էր մտել, իսկ միւս կէսը յարձակուեց նրա վրայ։ 69Դարանակալները ելան իրենց տեղերից, հետապնդեցին նրանց, Յովնաթանին զօրքով հանդերձ շրջապատեցին 70եւ Յովնաթանի զօրքը փախուստի մատնեցին։ Նրա մօտ ոչ ոք չմնաց, բացի Բեսալոմի որդի Մատաթիայից ու Կափի որդի Յուդայից, որոնք զօրքի զօրավարներն էին։ 71Յովնաթանը բռնեց իր օձիքից, պատառոտեց պատմուճանը, հող լցրեց գլխին։ 72Նա մեծ բարկութեամբ յարձակուեց ու պարտութեան մատնեց նրանց։ 73Այն ժամանակ բոլոր փախստականները վերադարձան ու հալածեցին թշնամուն մինչեւ իրենց բանակատեղին՝ մինչեւ Կադէս։ Նրանք եկան հասան այլազգիների բանակի մօտերքը։ 74Այդ օրն սպանեցին երեք հազար սպառազէն հեծեալ, եւ Յովնաթանը վերադարձաւ Երուսաղէմ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն