Ա Մակաբայեցիներ
12
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է
ԴԱՇԻՆՔԸ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
1Երբ Յովնաթանը տեսաւ, որ ժամանակը նպաստաւոր է իր համար, մարդիկ կանչեց, բանագնացներ ընտրեց նրանցից եւ ուղարկեց հռոմէացիների քաղաքը, որպէսզի գնան ու նորոգեն իրենց հետ կնքուած հաշտութեան դաշինքը։ 2Նա սպարտացիներին ու այլ վայրերի մարդկանց հրովարտակներ ուղարկեց նոյն բովանդակութեամբ։ 3Բանագնացները գնացին, հասան հռոմէացիների քաղաքը, հանդիպեցին նրանց խորհրդարանի դահլիճում ու ասացին. «Յովնաթան քահանայապետն ու հրեայ ազգը մեզ ուղարկեցին ձեզ մօտ, որպէսզի նորոգենք հաշտութեան նախկին դաշինքը, առաջուայ նման լինենք միմեանց զինակից ու օգնական»։ 4Հռոմէացիներն ընդունեցին, համաձայնեցին, տարբեր վայրեր հրովարտակներ ուղարկեցին, որ նրանց խաղաղութեամբ Հրէաստան ուղեկցեն։ 5Այս է նրանց փոխարքաներին, իշխաններին ու կուսակալներին գրած Յովնաթանի հրովարտակի պատճէնը.
6«Յովնաթան քահանայապետը, ժողովրդի աւագների խորհուրդը, քահանաները, հրեայ ազգի բանակն ու սպաները ողջունում են իրենց սպարտացի եղբայրներին։ 7Դարեհ արքան Օնիա քահանայապետին անցեալում հրովարտակներ էր ուղարկել, թէ դուք մեր նիզակակիցներն էք, մեր եղբայրներն ու բարեկամները, ինչպէս մեզ ցոյց են տալիս այդ հրովարտակների պատճէնները, 8Օնիան մեծ պատուով էր ընդունել ուղարկուած մարդուն, ձեռքն առել հրովարտակը, ուր նշւում էր, թէ մենք նիզակակիցներ ու սիրելի բարեկամներ ենք։ 9Մենք, որ հարուստ ենք եւ ոչնչի կարիք չենք զգում ու մխիթարուել ենք ձեր հրովարտակներով, 10այժմ դարձեալ ուզում ենք նորոգել հաւատարմութիւնը, որպէսզի չօտարանանք ձեզանից։ Երկար ժամանակ է անցել նախկին համաձայնագրերից յետոյ, որ դուք ուղարկել էք մեզ։ 11Արդ, մենք ամէն ժամանակ, տարեկան տօներին ու յիշարժան միւս բոլոր օրերին, միշտ յիշում ենք ձեզ, երբ զոհ ենք մատուցում, յիշում ենք մեր աղօթքներում, ինչպէս վայել ու արժանի է յիշել մեր եղբայրներին։ 12Մենք ուրախանում ենք ձեր փառքով։ 13Արդ, մեզ պատել են պատերազմների պատճառած նեղութիւնները։ Պատերազմներ մղեցին մեր դէմ մեր շրջակայքում գտնուող թագաւորները, 14բայց մենք առ այսօր ոչնչով նեղութիւն չտուեցինք ո՛չ ձեզ եւ ո՛չ էլ նրանց, ովքեր ձեզ սահմանակից լինելով՝ այս պատերազմում մեր նիզակակից բարեկամներն են եղել, 15որովհետեւ մեր օգնութիւնը գալիս էր երկնքից, եւ մենք ազատուեցինք մեր թշնամիների ձեռքից. նրանք մեր առաջ պարտութեան մատնուեցին։ 16Արդ, մենք ընտրեցինք Անտիոքոսի որդի Նումենիոսին ու Յասոնի որդի Անտիպատրոսին, ուղարկեցինք նրանց հռոմէացիների մօտ, որպէսզի նորոգեն հաշտութեան, բարեկամութեան, եղբայրութեան ու օգնութեան նախկին դաշինքը։ 17Նրանց պատուիրել ենք, որ անցնեն ձեզ մօտ, ձեզ հաղորդեն մեր ողջոյնը եւ ձեզ մատուցեն մեր եղբայրական սիրոյ նորոգման նամակը։ 18Արդ, բարեհաճեցէ՛ք հրամայել, որ պատասխանեն մեզ»։
19Այս է հրովարտակների պատճէնը, որ այնտեղից ուղարկեցին Օնիա քահանային. 20«Սպարտացիների արքայից ողջո՜յն Օնիա մեծ քահանայապետին։ 21Սպարտացիներին ու հրէաստանցիներին վերաբերող հին մատեաններ են գտնուել, ուր գրուած է, թէ նրանք հաւասար եղբայրներ են եւ սերել են Աբրահամից։ 22Այն բանից յետոյ, երբ այս մասին տեղեկացանք, բարեհաճեցէ՛ք ամէն անգամ գրել մեզ մեր նկատմամբ ձեր եւ ձեր նկատմամբ մեր ունեցած խաղաղութեան ու ողջոյնի մասին։ 23Մեր ունեցած ինչքն ու հարստութիւնը, բոլոր անասունները նաեւ ձե՛րն են, ինչպէս եւ ձերը մե՛րն է։ Արդ, մենք այս պատուէրն ենք տալիս ձեզ, որ դուք միշտ այս բանը պահանջէք մեզանից»։
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՓԱԽՈՒՍՏԻ Է
ՄԱՏՆՈՒՄ ԴԵՄԵՏՐԻՈՍԻ ԲԱՆԱԿԸ
24Յովնաթանը տեղեկացաւ, որ Դեմետրիոսի իշխանները առաջուանից շատ զինուորներով գալիս են իր դէմ պատերազմելու։ 25Նա դուրս եկաւ Երուսաղէմից, գնաց նրանց դէմ, հասաւ ու բախուեց Ամաթիտի մօտ։ Քանի դեռ նրանք չէին հասցրել մտնել եւ հետախուզել իր երկիրը, 26ինքը հետախոյզ ուղարկեց նրանց բանակը։ Նրան հաղորդեցին, որ պատրաստւում են գիշերով յարձակուել իրենց վրայ։ 27Երբ արեւը մայր մտաւ, Յովնաթանը զօրքին հրաման տուեց, որ մինչեւ առաւօտ կազմ ու պատրաստ, զինուած, համախմբուած լինեն պատերազմելու համար։ Պարեկներ նշանակեցին, փակեցին իրենց չորս կողմը, ու իրենք պատրաստուեցին յարձակում գործելու։ 28Երբ թշնամիները տեղեկացան, թէ նրանք գիշերով են պատրաստւում յարձակում գործելու, սրտները վախ ընկաւ, զարհուրեցին։ Բոլոր տեղերում, խիտ առ խիտ, խարոյկներ վառեցին, իսկ իրենք գիշերով փախան ու գնացին։ 29Յովնաթանն ու զօրքը չիմացան նրանց փախուստը, որովհետեւ տեսնելով բորբոքուող խարոյկները, կարծում էին, թէ իրենց տեղում են նրանք։ 30Դրանից յետոյ թէեւ հետապնդեցին նրանց, բայց հասնել չկարողացան, որովհետեւ նրանք արդէն անցել էին Ազատ գետը։
31Դրանից յետոյ Յովնաթանը վերադարձաւ այդտեղից ու յարձակուեց զաբդեցի կոչուող արաբացիների վրայ։ Նա հարուածեց, կոտորեց, փախուստի մատնեց նրանց բանակը, աւար առաւ նրանց ինչքն ու ունեցուածքը։ 32Ապա նա շուռ եկաւ Դամասկոսի կողմը, իսկ Շմաւոնը հասաւ Ասկաղոն, 33գրաւեց նրա շրջակայքում գտնուող բոլոր բերդերը, գնաց յոպպէացիների կողմերը։ Նա շտապում էր զօրքը ներս մտցնել։ 34Քանի որ լսել էր, թէ բերդի բնակիչները օգնում են Դեմետրիոսին, ուստի դրանց վրայ պահապան ոստիկաններ նշանակեց։
ՅՈՎՆԱԹԱՆԸ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
35Յովնաթանը վերադարձաւ, զօրք հաւաքեց, ծերակոյտը խորհրդի կանչեց. ուզում էր Հրէաստանում բերդեր կառուցել, 36միջնաբերդում ու քաղաքում բարձր պարիսպներ շինել, անջրպետել դրանք քաղաքից, որպէսզի Դեմետրիոսի մարդիկ առանձին լինեն, ոչինչ չտան ու չառնեն, չգնեն ու չվաճառեն։ 37Հաւաքուեցին, որ կառուցեն քաղաքը եւ այն պատը, որ պարիսպներից հասնում էր մինչեւ Քափնաթա կոչուող ծմակների ջրառատ հեղեղատները։ 38Շմաւոնն Ափիլայում սկսեց կառուցել Ալեդա քաղաքը, ամրացրեց այն, դարպասներ դրեց ու նիգերով ամրացրեց դրանք։
ՏՐԻՓՈՆԻ ԽԱՐԴԱՒԱՆՔԸ ՅՈՎՆԱԹԱՆԻ ԴԷՄ
39Տրիփոնն ուզում էր թագաւորել ասիացիների կողմերում, թագ դնել գլխին, ձեռք բարձրացնել անտիոքացիների արքայի վրայ, 40բայց վախեցաւ, զգուշացաւ, թէ գուցէ Յովնաթանը չհամաձայնի ու պատերազմի գայ իր վրայ։ Դրա համար հնար էր փնտռում, որ բռնի նրան ու կորստեան մատնի։ 41Նա շարժուեց ու եկաւ Բեթսանի կողմերը։ Յովնաթանը նրան ընդառաջ եկաւ քառասուն հազար զինավառ ընտիր զինուորներով, եկաւ հասաւ Բեթսան։ 42Երբ Տրիփոնը տեսաւ, որ Յովնաթանը եկել է բազմաթիւ զօրքով, վախեցաւ ձեռք բարձրացնել նրա վրայ, 43ուստի նրան ընդունեց պատուով, նրան ներկայացրեց իր բարեկամներին, նրան նուէրներ տուեց, իսկ զօրքին հրամայեց, որ հնազանդ լինեն նրան։ 44Նա սկսեց խօսել Յովնաթանի հետ ու ասաց. «Ինչո՞ւ ես այդքան նեղութիւն տուել զօրքին, չէ՞ որ պատերազմելու պատճառ չկար։ 45Արդ, զինուորներին ուղարկի՛ր իրենց տեղերը եւ ընտրի՛ր սակաւաթիւ մարդկանց, որ քեզ հետ շրջեն միշտ, իսկ դու ինձ հետ ե՛կ պտղոմէացիների քաղաքը։ Ես այն կը յանձնեմ քեզ, ինչպէս նաեւ այլ բերդեր՝ դրանք հսկող զօրքերի հետ միասին, ինչպէս յարմար է քեզ, իսկ ես կը վերադառնամ այնտեղից, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»։
46Յովնաթանը հաւատաց նրան ու արեց այնպէս, ինչպէս նա հրամայել էր. զինուորներին ուղարկեց իրենց տեղերը՝ Հրէաստան, 47իսկ իր մօտ թողեց շուրջ երեք հազար մարդ։ Սրանցից երկու հազարին էլ թողեց Գալիլիացիների երկրում, իսկ ինքը նրա հետ գնաց հազար հոգով։ 48Երբ Յովնաթանը մտաւ պտղոմէացիների քաղաքը, քաղաքացիները փակեցին դարպասները, ներսում արգելափակեցին նրան եւ սրախողխող արեցին բոլոր նրանց, ովքեր նրա հետ ներս էին մտել։ 49Տրիփոնն իր զօրքն ուղարկեց Գալիլիացիների երկիրն ու մեծ դաշտը, որ գնան կոտորեն Յովնաթանի ամբողջ զօրքը։ 50Երբ սրանք իմացան, որ նա բանտարկուած է եւ նրա հետ եղած բոլոր մարդիկ սպանուած են, սթափուեցին ու միասին համախմբուած՝ գնացին պատերազմելու։ 51Յարձակուողների զօրականները երբ տեսան, որ անձնազոհաբար են մարտնչում նրանք, վախեցան, մարտադաշտը թողեցին ու վերադարձան, 52իսկ նրանք հանգիստ եկան հասան Հրէաստան։ Կոծեցին ու ողբացին Յովնաթանի եւ նրա հետ եղած զինուորների համար։ Նրանք սարսափի մէջ էին։ Ողջ Իսրայէլը սգում ու ողբում էր Յովնաթանին։ 53Շրջակայքում ապրող բոլոր հեթանոսներն ուզում էին կոտորել սրանց, որովհետեւ այսպէս էին ասում. 54«Սրանք այլեւս զօրապետ չունեն, որ մեր դէմ պատերազմի։ Արդ, եկէք յարձակուենք սրանց վրայ ու երկրի երեսից ջնջենք սրանց յիշատակը»։