Ա Մակաբայեցիներ
16
ՇՄԱՒՈՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՓԱԽՈՒՍՏԻ ԵՆ
ՄԱՏՆՈՒՄ ԿԵՆԴԵԲՈՍԻՆ
1Յովհաննէսը վերադարձաւ Գազարայից, եկաւ պատմեց իր հայր Շմաւոնին, թէ ինչեր է անում Կենդեբոսը։ 2Շմաւոնը կանչեց իր երկու որդիներին՝ Յուդային ու Յովհաննէսին, եւ ասաց նրանց. «Ես, իմ եղբայրներն ու իմ հօր տոհմը մեր մանկութիւնից մինչեւ այսօր կռուել ենք իսրայէլացիների թշնամիների դէմ։ Մենք յաջողութիւններ ենք ունեցել, մեր ձեռքով բազմաթիւ իսրայէլացիներ ենք փրկել։ 3Հիմա, սակայն, ես ծերացել եմ, իսկ դուք արդէն հասուն տղամարդ էք։ Փոխարինեցէ՛ք ինձ ու իմ եղբօրը։ Արդ, ելէ՛ք, կռի՛ւ մղեցէք յանուն մեր ազգի, եւ երկնքից օգնական ուժեր կը հասնեն ձեզ»։
4Նա իր երկրից ընտրեց սպառազէն մօտ քսան հազար հեծեալ եւ գնաց Կենդեբոսի դէմ։ 5Այդ օրը գիշերեցին Մոդիիմում։ Առաւօտեան, վեր կենալով, դաշտ մտան։ Այնտեղ նրանք տեսան բազմաթիւ հեծեալ ու հետեւակ զօրքեր, որոնք գալիս էին իրենց դէմ։ Երկու կողմերի միջեւ մի հեղեղատ կար։ 6Նրանց դիմաց ճակատ յարդարեցին ինքն ու իր զօրքը։ Երբ Յովհաննէսը տեսաւ, թէ նրանց զօրքը դանդաղում է անցնել հեղեղատը, նախ ինքն առաջ ընկաւ, իսկ յետոյ զօրքը միահամուռ գնաց նրա յետեւից։ 7Նա հետեւակ գունդը բաժանեց երկու մասի, իսկ հեծելազօրը դասաւորեց հետեւակների միջեւ։ Թշնամու հեծելազօրը շատ-շատ էր։ 8Շեփոր հնչեցրին, միմեանց քաջալերեցին ու անցան յարձակման։ Կենդեբոսը պարտութեան մատնուեց, եւ այդ օրը նրա զօրքից բազմաթիւ մարդիկ սպանուեցին, իսկ կենդանի մնացածները փախան մտան բերդերը։ 9Այդ օրը վիրաւորուեց Յուդան, իսկ Յովհաննէսը հալածեց փախուստի դիմածներին, մինչեւ որ նրանց հասցրեց Կենդեբոսի կառուցած Կեդրոնի կողմերը։ 10Նրանց մի մասը գնաց մինչեւ Ազոտի կողմերի բուրգերը. Յովհաննէսը կրակի ճարակ դարձրեց դրանց։ Այդ բերդում հրդեհից այրուեց մօտ երկու հազար մարդ, իսկ ինքը խաղաղութեամբ վերադարձաւ Հրէաստանի կողմերը։
ՊՏՂՈՄԷՈՍԻ ԽԱՐԴԱՒԱՆՔԸ
ԵՒ ՇՄԱՒՈՆԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
11Աբուբի որդի Պտղոմէոսը Երիքովի դաշտի վերակացուն էր։ Նա շատ արծաթ ու ոսկի ունէր, 12որովհետեւ քահանայապետի փեսան էր։ 13Նա մեծամտացաւ, հպարտացաւ ինքն իր մէջ եւ ուզում էր տիրել այդ կողմերի գաւառներին։ Նա նենգ դաւեր էր նիւթում Շմաւոնի ու նրա որդիների դէմ, որպէսզի մէջտեղից վերացնի նրանց։ 14Շմաւոնը շրջագայում էր այդ կողմերի բնակիչների գաւառները, տեսնում եւ հոգում էր կարիքները։ Նա Մատաթիայի, Յուդայի ու իր որդիների հետ եկաւ իջաւ Երիքով։ Դա հարիւր եօթանասունեօթը թուականի շաբաթ ամսի տասնմէկերորդ օրն էր։ 15Պտղոմէոսն իր կառուցած Դորա քաղաքում ընդունեց նրանց կեղծ մեծարանքով, խնջոյք սարքեց հիւրերի պատուին, մինչդեռ նա դարանում մարդիկ էր թաքցրել։ 16Երբ Շմաւոնն ու իր որդիները կերան, խմեցին ու հարբեցին, Պտղոմէոսը եւ թաքնուած մարդիկ վերցրին իրենց զէնքերը, յարձակուեցին Շմաւոնի վրայ եւ խնջոյքի սրահում սպանեցին նրան, նրա որդիներին ու նրանց հետ եկած ծառաներին։ 17Նրանք անօրէն մեծ գործ կատարեցին, բարութիւնը չարութեամբ հատուցեցին։
18Պտղոմէոսը թագաւորին գրեց, որ իրեն օգնական զօրք ուղարկի, որպէսզի թագաւորին յանձնի իրենց քաղաքներն ու հարկերը։ 19Նա զօրքի մի մասն ուղարկեց Գազարայի կողմերը, որպէսզի այնտեղից վերացնի Յովհաննէսին։ Նա գրեց նաեւ զօրապետներին, որ գան ու իրենից ստանան ոսկի, արծաթ ու բազմաթիւ պարգեւներ։ 20Միւսներին ուղարկեց Երուսաղէմ, որ շտապ հասնեն, գրաւեն այն լեռը, որի վրայ գտնւում էր տաճարը։ 21Մի մարդ աւելի շուտ եկաւ Գազարա եւ գոյժ տուեց Յովհաննէսին, թէ՝ «Քո հայրն ու եղբայրները սպանուել են, նենգ մտադրութեամբ մարդիկ են գալիս քո յետեւից, որ սպանեն նաեւ քեզ»։
22Երբ Յովհաննէսը լսեց այս, խիստ զարմացաւ, զայրացաւ, բռնել տուեց իրեն սպանելու եկած մարդկանց ու անմիջապէս սպանեց նրանց, որովհետեւ իմացաւ, որ նրանք եկել էին նենգութեամբ սպանելու իրեն։
23Ինչ վերաբերում է Յովհաննէսին, նրա պատերազմներին, տարբեր մարդկանց քաջագործութիւններին, պարիսպների շինարարութիւններին կամ բարի գործերին եւ այլ պատմութիւններին, 24դրանք բոլորը գրի են առնուած քահանաների մատեաններում, սկսած այն օրից, երբ Յովհաննէսը իր հօրից յետոյ դարձաւ քահանայապետ։