Ա Մակաբայեցիներ
2
ՄԱՏԱԹԻԱ ՔԱՀԱՆԱՅԻ ՈՂԲԸ
1Այդ ժամանակներում ասպարէզ իջաւ Շմաւոնի որդի Յովհաննէսի որդի Մատաթիան՝ երուսաղէմացի Յովարիմի տոհմից սերած մի քահանայ։ Նա եկաւ ու նստեց Մոդիիմի քարայրների մօտ գտնուող բերդերում։ 2Նա ունէր հինգ որդի. Կադդիշ մականունով Յովհաննէսը, 3Թարսսի մականունով Շմաւոնը, 4Մակաբէ մականունով Յուդան, 5Աւարան մականունով Եղիազարը եւ Յովնաթանը, որ կոչուեց Սափութ։ 6Երբ Մատաթիան տեսաւ Հրէաստանում եւ Երուսաղէմում կատարուող սրբապղծութիւնները, սկսեց ողբալ իր անձի վրայ՝ ասելով.
7«Վա՜յ ինձ, ինչո՞ւ ականատես եղայ իմ ժողովրդի կոտորածին, կամ ինչո՞ւ տեսայ սուրբ քաղաք Երուսաղէմի աւերումը։ Ինչո՞ւ նա մատնուեց թշնամու ձեռքը,
8եւ սրբութիւնն ընկաւ օտարների ձեռքը։ ինչպէ՜ս տաճարը նմանուեց փառքից ընկած մի տղամարդու,
9իսկ նրա փառաւոր սպասքը՝ գերութեան մատնուած մի մարդու։ Նրա պատանիները կոտորուեցին իր փողոցներում, իսկ նրա երիտասարդներն ընկան թշնամու սրից։
10Կա՞յ մի ազգ, որ ժառանգած չլինի մի մաս նրա տէրութիւնից, կամ կա՞յ մի մարդ, որ չի կողոպտել նրան ու չի տիրել նրա ունեցուածքին։
11Սպառուել են նրա զարդերը։ Ազատութեան փոխարէն նա մատնուել է ստրկութեան։
12Մեր բոլոր գեղեցիկ զարդերը, մեր սրբավայրն ու մեր փառքը կործանուել են։ Եւ այդ բոլորը պղծել են հեթանոսները։
13Այլեւս մեր ինչի՞ն է պէտք կեանքը»։
ՄԱՏԱԹԻԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԵԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
14Այն ժամանակ Մատաթիան ու նրա որդիները ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին իրենց պատմուճանները, քուրձ հագան ու սուգ պահեցին։ 15Թագաւորի մօտից մարդիկ եկան, որոնք ստիպում էին նրանց դիմելու ապստամբութեան։ Նրանք եկան Մոդիիմ քաղաքը, որ այնտեղ զոհեր մատուցեն։ 16Նրանց մօտ եկան ու հաւաքուեցին բազմաթիւ իսրայէլացիներ, որոնց թւում նաեւ՝ Մատաթիան ու իր որդիները։ 17Ապա թագաւորի մօտից եկած մարդիկ սկսեցին խօսել ու ասացին Մատաթիային. «Դու հռչակաւոր իշխան ես, դու մեծաւոր ես այս քաղաքում։ Դու սրանց մէջ ես հաստատուել քո որդիների ու եղբայրների հետ։ 18Արդ, նախ դո՛ւ մօտեցիր, կատարի՛ր թագաւորի հրամանը, ինչպէս կատարեցին Հրէաստանում բնակուող բոլոր ազգերի մարդիկ ու բոլոր նրանք, ովքեր բնակւում են Երուսաղէմում. դուք կը դառնաք արքայի բարեկամները, դու եւ քո որդիները պատիւ կը ստանաք ոսկով, արծաթով եւ արքունի հրովարտակներով»։
19Մատաթիան պատասխան տուեց ու բարձր ձայնով ասաց. «Եթէ թագաւորի երկրի բոլոր մարդիկ ենթարկուել են թագաւորի հրամաններին, ընկրկել եւ հրաժարուել են իրենց հայրերի օրէնքներից ու կատարում են թագաւորի հրամանները, 20ապա ես, իմ որդիներն ու իմ եղբայրները կը հետեւենք մեր հայրերի պատուիրաններին։ 21Մենք չենք հրաժարուի Աստծու օրէնքներից ու կանոններից, 22չենք ենթարկուի թագաւորի հրամաններին։ Մենք չենք փոխի մեր հայրերի կրօնը, աջ ու ձախ չենք շեղուի եւ թագաւորի հրամանին չենք անսայ»։
23Հազիւ էր նա այս խօսքերն ասել, որ հրեաներից մի մարդ, թագաւորի հրամանի համաձայն, բոլորի ներկայութեամբ առաջ եկաւ, որպէսզի Մոդիիմի բագինում, մեհեանի առաջ զոհ մատուցի։ 24Երբ դա տեսաւ Մատաթիան, այնքան զայրացաւ, որ դողացին իր երիկամները։ Նա դատաստան անելու համար բարկութեամբ լցուեց, բարձրացրեց ոտքը ու այնպէս հարուածեց հրեային, որ սպանեց նրան բագինի առաջ։ 25Նա սպանեց նաեւ այն մարդուն, որ արքունի հրամանով ստիպում էր զոհեր մատուցել։ Նա կործանեց բագինը, աւերեց մեհեանը։ 26Նա օրէնքի նախանձախնդիր եղաւ այնպէս, ինչպէս Փենէէսն էր վարուել Եդոմի որդու՝ Զամբրիի նկատմամբ։
ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ
27Նա սկսեց բարձրաձայն աղաղակել ու ասաց. «Իւրաքանչիւր ոք, ով կարող է օրէնքի նախանձախնդիր լինել, ով ուզում է հաւատարիմ մնալ օրէնքներին, թող հետեւի ինձ»։ 28Նա ու իր եղբայրները փախան գնացին լեռները՝ իրենց բոլոր ունեցուածքը թողնելով քաղաքում։
29Այն ժամանակ անապատ իջան իրաւունք եւ արդարութիւն որոնող շատ մարդիկ, 30որ բնակուեն այնտեղ իրենց կանանցով, որդիներով ու անասուններով, որովհետեւ չարագործութիւնը սաստկանում էր նրանց նկատմամբ։
31Թագաւորի իշխաններն ու Դաւթի քաղաքում գտնուող զօրքը իմացան, որ թագաւորի հրամանը չկատարող մի քանի հոգի իջել են անապատի մօտ գտնուող ապաստարանները, իսկ շատերը նրանց միանալով՝ գնացել են նրանց հետ։ 32Ժամանակ նշանակեցին, պատրաստութիւն տեսան, ձի հեծած եկան ու պաշարեցին անապատի մօտ գտնուող ապաստարանները։ Նրանք պատերազմի պատրաստութիւն տեսան ու շաբաթ օրը պաշարեցին նրանց։ 33Նախ բանագնաց ուղարկեցին, սկսեցին բանակցութիւններ վարել՝ ասելով. «Գոնէ սրանից յետոյ ենթարկուեցէ՛ք թագաւորի հրամանին, որ կենդանի մնաք»։ 34Պաշարուածներն այնտեղից խօսել սկսեցին ու ասացին. «Ո՛չ դուրս կ’ելնենք ապաստարաններից, ո՛չ թագաւորի հրամանին անսալով կը պղծենք մեր շաբաթ օրերը, ո՛չ էլ կը շեղուենք մեր օրէնքներից»։ 35Երբ նրանք այս խօսքերը լսեցին, աւելի սաստկացրին հակառակութիւնը նրանց նկատմամբ եւ ուզեցին աւելի սեղմել ապաստարանները պաշարող օղակը, որպէսզի գերի վերցնեն նրանց։ 36Սրանք ո՛չ կիրճերը փակեցին, ո՛չ քար արձակեցին, ո՛չ ապաստարաններն ամրացրին, ո՛չ իսկ նրանց ասածին պատասխան տուեցին, որովհետեւ օրը շաբաթ էր։ 37Սրանք միայն իրար էին քաջալերում՝ ասելով. «Հէնց այստեղ, մեր նեղութեան մէջ էլ կը մեռնենք, որովհետեւ երկինքն ու երկիրը վկայ են, որ իզուր էք մեզ ոչնչացնում։ Մեզ համար աւելի լաւ է մեռնել, քան թէ մեր օրէնքները խախտել ու շաբաթ օրերը պղծել»։ 38Երբ նրանք դա լսեցին, շաբաթ օրը սաստկացրին պատերազմը, սպանեցին հազար հոգի, չհաշուած այն, որ մարդկանց ու անասուններին գերի վարեցին։
39Երբ դա լսեցին Մատաթիան ու իր եղբայրները, խիստ տրտմեցին ու մեծ սուգ արեցին։ 40Նրանք իրար հետ խօսելով ասացին. «Եթէ հետեւենք մեր եղբայրների օրինակին, այսինքն՝ մեր անձն ու իրաւունքները պաշտպանելու համար պատերազմի չելնենք հեթանոսների դէմ, կարճ ժամանակ յետոյ մեզ աւելի շուտ կը սպանեն, քան նախորդ օրերի մարդկանց»։ 41Ուստի հաւաքուեցին, պայմանաւորուեցին, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. «Ով էլ շաբաթ օրը գայ մեր դէմ պատերազմելու, համարձակ մարտնչենք եւ ոչ թէ ամէնքս էլ առհասարակ մեռնենք, ինչպէս մեռան անապատում ապրող մեր եղբայրները»։
42Այն ժամանակ նրանց մօտ հաւաքուեցին ասիտացի շատ զինուորներ։ Սրանք իսրայէլացիների մէջ հզօր ու պատերազմող մարդիկ էին՝ ամէն մէկն իր օրէնքի համար ինքնակամ նահատակուելու պատրաստ։ 43Նրանց միացան նաեւ ամէն տեսակի չարագործութիւններից խուսափած մարդիկ, որով նրանք մեծ զօրք կազմեցին։ 44Զօրք հաւաքեցին, գնդեր կազմեցին, պատրաստութիւն տեսան, իրենց բարկութեան ուժով սպանեցին մեղաւորներին ու անօրէն մարդկանց, իսկ մնացածները փախան հեթանոսների մօտ։ 45Մատաթիան իր եղբայրների ու բարեկամների հետ հետապնդեց նրանց, հասաւ, ջարդեց, աւերեց մեհեանները, 46կործանեց բագինները, թլփատեց անթլփատ երեխաներին եւ ամրացաւ իսրայէլացիների սահմանների վրայ։ 47Նրանք հալածական արեցին ամբարտաւան մարդկանց։ Նրանց ձեռնարկած գործը յաջողութիւն ունեցաւ։ 48Նրանք պաշտպանեցին իրենց օրէնքները, վրէժ լուծեցին հեթանոսներից, մերժեցին թագաւորի անօրէն հրամանը, թոյլ չտուեցին, որ գլուխ բարձրացնի ամբարտաւանութեան եղջիւրը։
ՄԱՏԱԹԻԱՅԻ ԿՏԱԿՆ ՈՒ ՄԱՀԸ
49Երբ մօտեցան Մատաթիայի մեռնելու օրերը, նա իր մօտ կանչեց իր որդիներին ու ասաց նրանց. «Գոռոզութիւնն ու ամբարտաւանութիւնն են հաստատուել այժմ, բայց ահա հասել է կործանումն ու գոռոզութիւնը վերացնելու ժամանակը։ 50Արդ, զաւակնե՛րս, եկէք առաջնորդուեցէ՛ք օրէնքի հանդէպ նախանձախնդրութեամբ, դուք ձեզ նուիրեցէ՛ք հայրերի Կտակարանների պաշտպանութեանը, 51յիշեցէ՛ք, թէ ձեր հայրերը քաջութեան ինչ գործեր են կատարել իրենց ժամանակին, եւ աւագութեան փառք կը ստանաք, յաւիտենական անուն կը ժառանգէք։ 52Չէ՞ որ Աբրահամը փորձութեան ժամանակ հաւատարիմ գտնուեց եւ դրա համար էլ արդար համարուեց։ 53Յովսէփն իր նեղութեան ժամանակ պահեց պատուիրանը եւ տէր դարձաւ Եգիպտացիների երկրին։ 54Մեր նախանձախնդիր հայր Փենէէսն արդար վրէժի զգացումով առաջնորդուեց եւ առյաւէտ ստացաւ քահանայութեան ուխտը։ 55Նաւէի որդի Յեսուն Տիրոջ պատգամները կատարելու համար դարձաւ իսրայէլացիների դատաւորը։ 56Քաղեբը ժողովրդի մէջ վկայութիւն տալու համար դարձաւ ժառանգութեան տէր։ 57Դաւիթն իր հեզութեան, արդարամտութեան ու ողորմած լինելու համար յաւիտենապէս ժառանգեց թագաւորութեան գահը։ 58Եղիան օրէնքի նկատմամբ նախանձախնդիր լինելու համար բարձրացաւ երկինք։ 59Անանիան, Ազարիան ու Միսայէլը իրենց հաւատի շնորհիւ փրկուեցին հնոցի կրակից։ 60Դանիէլն անմեղ լինելու պատճառով փրկուեց առիւծների երախից։ 61Արդ, իմացէ՛ք, որ բոլոր նրանք, ովքեր իրենց յոյսը դրել են Տիրոջ վրայ, սերնդից սերունդ չեն տկարանայ։ 62Ամբարիշտ մարդու խօսքից մի՛ վախեցէք, որովհետեւ նրա փառքը աղբ է ու կեղտ։ 63Այսօր լինի թէ վաղը, այն այլեւս չի մնայ, կը վերածուի հողի, եւ կ’անէանան նրա մտադրութիւնները։ 64Գօտեպնդուեցէ՛ք, զաւակնե՛րս, հաստա՛տ մնացէք ձեր օրէնքի վրայ, որովհետեւ դրանով պիտի փառաւորուէք։ 65Գիտեմ, որ ձեր եղբայր Շմաւոնը խոհեմ մարդ է։ Լսեցէ՛ք նրան, նրան ընդունեցէ՛ք ձեր հօր տեղ։ 66Ձեր զօրքերի սպարապետը թող լինի զօրավար Յուդա Մակաբէն, նա թող պատերազմի ելնի զօրքով, 67իսկ դուք՝ օրէնքի նախանձախնդիր բոլոր մարդիկդ, միացէ՛ք, որ լուծէք ձեր ժողովրդի վրէժը. 68հատուցում պահանջեցէ՛ք հեթանոսներից ու հետեւեցէ՛ք օրէնքի հրամաններին»։
69Նա օրհնեց նրանց, վախճանուեց ու միացաւ իր նախնիներին։ 70Նա մեռաւ հարիւր քառասունութ թուականին։ Նրան թաղեցին իր նախնիների գերեզմանատանը՝ Մոդիիմում, եւ ամբողջ Իսրայէլը մեծապէս սգաց նրան։
Էջմիածին · HYEJB1994